Սիրիահայ կանայք նաեւ անգլերեն են ուսուցանում

«Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցների շրջանում կատարված  ուսումնասիրությունների արդյունքում  պարզեցինք, որ աշխատանք  փնտրողների  համար  առաջնահերթ  խնդիրներից է  նաև խոսակցական մակարդակով անգլերեն լեզվի  իմացությունը: Փորձեցինք այս  հարցում  նույնպես  օգնել  նրանց՝ մասնագիտական  հմտություններ ձեռք բերելուն  համատեղ  նաև լեզվի իմացությամբ ապահովել, ինչը  կօգնի  աշխատանքի տեղավորման  հարցում», – «OKAY»  ուսուցման  կենտրոնում կազմակերպած  անգլերենի երկամսյա դասընթացների շարժառիթներն այսպես է ներկայացնում  Մարինե Թունյանը, ով «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի ղեկավարն է: Այդ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ ՓԳՀ հայաստանայն գրասենյակի եւ նրա գործընկեր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ջանքերով, եւ նպատակ ունի մասնագիտական եւ լեզվական  դասընթացների միջոցով օգնել սիրիահայ կանանց աշխատանքի տեղավորման  հարցում:

 

Մարինե Թունյանի խոսքով,  ուսուցումն  իրականացվում է երկու փուլով,  մասնակիցները   բաժանված են երկու խմբի, որոնցից  յուրաքանչյուրում ընդգրկված են 15 հոգի, խմբերում  հիմնականում  կանայք են:

 

«OKAY» անգլերեն լեզվի ուսուցման  կենտրոնի փոխտնօրեն, դասախոս Ծովինար Յափունջյանի փոխանցմամբ՝ առաջին փուլում ընդգրկված են  նրանք, ովքեր չեն տիրապետում անգլերենին, իսկ երկրորդում՝  լեզվին որոշ չափով տիրապետողներն են: Դասընթացների  նպատակը՝  խոսակցական,  բանավոր խոսքի զարգացումն է:

 

-Մասնակիցներն անգլերեն են սովորում  հիմնականում աշխատանք գտնելու համար: Դասաժամին բանավոր  զրույցների միջոցով    սովորում են  նոր  բառեր և առավել օգտագործվող արտահայտություններ, անհրաժեշտության  դեպքում  նշումներ կատարում: Պատմում են  իրենց  մասին, ընտանիքի անդամների, բայց աշխատում ենք չխոսել Սիրիայում անցկացրած օրերի մասին: Ցանկալի չէ, որ նրանք վերապրեն  մռայլ հիշողություններով լի անցած օրերը, ես գտնում եմ, որ  պարապմունքները  պետք է ընթանան  բարձր տրամադրությամբ, առանց ավելորդ  հուզականության, որպեսզի  կարողանան  յուրացնել սերտածը: Դասամիջոցներին էլ զրուցում ենք իրենց քաղցրահունչ հայերենով, – ասում է Ծովինար Յափունջյանը, նշելով, որ դասընթացների ավարտից  հետո մասնակիցներն ստանում են վկայական, որը փաստում է նրանց  անգլերենի  իմացության սկզբնական մակարդակի մասին:

 

Լավ աշխատանք գտնելու ակնկալիքով   է «OKAY»  ուսուցման  կենտրոն հաճախում  Թամար Քեշիշյանը:

 

-Որևէ այլ  մասնագիտություն  չունեմ, անգլերենն էլ մեզ  պետք  չի եկել,  բայց այստեղ դրա  պահանջը կա: Որտեղ  կդիմես, անգլերենի իմացություն  կպահանջեն: Լեզվի իմացությունը  աշխատանքի  տեղավորման  հարցում մեծ առավելություն է: Այս դպրոցի սովորեցածով  կգոհանամ,  հիանալի  խումբ է,  հիանալի դասախոս ունենք,  տեղն էլ  տրամադրող է,  խոսում ենք,  պարզապես հաղորդակցվում միմյանց  հետ,  նոր ծանոթություններ հաստատում,  միմանց  տեղյակ ենք  պահում  այս  կամ այն  նորույթի կամ  միջոցառման մասին, որպեսզի  բոլորս էլ  կարողանանք ինչ-որ բան սովորել: Շնորհակալ ենք  բոլոր մեղ օգնող  կառույցներին  աջակցության  համար,  որ մեզ  մոռացնել են  տալիս  մեր ապրած ծանր օրերը, որոնք աշխատում ենք  չհիշել», – ասում է Թամարը: Նույն  կարծիքին են  խմբի բոլոր մասնակիցները, ովքեր դասընթացի ժամանակ  ցուցաբերած ակտիվությամբ չեն զիջում միմյանց:

 

ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանի փոխանցմամբ՝ անգլերենի դասընթացներն իրենց համար էլ աննախադեպ ծրագիր է, քանի որ մինչ այդ   նպատակ է  դրվել սիրիահայերի լեզվական  խոչընդոտները  հաղթահարելու համար  դասավանդել  հիմնականում  խոսակցական  հայերենը,  մինչդեռ աշխատաշուկայում  մեծ պահանջարկ են  վայելում  նաև անգլերեն  և ռուսերեն  լեզուները, ուստի անհրաժեշտություն առաջացավ  դասընթացների շարքը համալրել  նաև այդ լեզուների ուսուցմամբ:

 

-Ուրախալի է, որ  սիրիահայերի շրջանում  մեր այս պիլոտային  ծրագիրը նման արձագանք գտավ: Մենք  երբեմն ներկա  ենք  գտնվում  նրանց  պարապմունքներին  ու տեսնում, թե  ինչ սիրով ու ոգևորությամբ են  հաճախում, համոզվում ենք, որ ծրագիրն իրականում օգնում է նրանց  արագ ինտեգրվել հասարակությանը:   Այս  խումբը,  որ դուք  տեսնում եք,   կարելի է ասել,  առաջադեմ  սիրիահայ  կանանց խորհրդանիշն է, քանի որ Սիրիայում  նրանք ապրում էին  փակ  կյանքով: Այստեղ նրանք  փոխել են իրենց  կյանքի մոդելը  և դարձել ավելի ակտիվ հասարակության մեջ: Հենց դա էլ մեր  գերագույն  նպատակն է ,- ասում է Անահիտ Հայրապետյանը, նշելով, որ թեպետ  դասընթացները անցնում են Երեւանում, սակայն դրանց  մասնակցում են նաեւ մոտակա քաղաքներում  ու մարզերում  տեղավորված և բնակվող սիրիահայերը:

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 4823

Գլխավոր էջ