Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում
Հայաստանում Կանանց ձեռներեցության միջազգային շաբաթվա շրջանակում հունիսի 10-ին կայացած էքսպո ցուցահանդեսին մասնակցում էին Երևանից ու հանրապետության տարբեր մարզերից ժամանած կին ձեռներեցներ, ինչպես նաեւ սիրիահայ կանայք: Վերջերս մի տեսակ բարի ավանդույթ է ձեւավորվել՝ սիրիահայ կին ձեռներեցներին աշխատում են ներգրավել ցուցահանդես –վաճառքներին, դրանով իսկ ճանաչելի դարձնելով իրենց արտադրանքը նոր միջավայրում: Հայաստանի երիտսարդ կանանց ասոցիացիան այս առումով առաջիններից մեկն էր, որ կապեր հաստատեց Սիրիայից տեղահանված եւ Հայաստանում նոր գործ սկսելու հնարավորություն փնտրող կանանց հետ: Այնպես որ ՀԵԿԱ-ի կողմից անցկացվող Կանանց ձեռներեցության միջազգային շաբաթվա շրջանակում սիրիահայերի մասնակցությունը սպասելի էր: Ի դեպ, նրանցից շատերը ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ծրագրերի շահառուներն են:
Ցուցահանդեսին մասնակցող յուրաքանչյուր կին ձեռներեց համոզված էր, որ իր արտադրանքի համար նմանատիպ միջոցառումները ներկայանալի դառնալու, գործընկերներ ձեռք բերելու հիանալի առիթ են: Նրանցից մի քանիսի աշխատանքներն արդեն հայտնի են արտասահմանում:
Լենա Երանոսյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է: Նրա տաղավարը զարդարում են «Վարդենիս կար» ՍՊԸ-ի խոհանոցային գունագեղ պարագաները՝ բռնիչներ, գոգնոցներ, սփռոցներ, բոլորն էլ ձեռքի աշխատանքներ են: «Մենք հաճախակի ենք մասնակցում ցուցահանդեսներին, հիմնականում համագործակցում ենք «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի հետ: Նրանք մեր հիմնական պատվիրատուներն են , օգնում են սպառել մեր արտադրանքը ինչպես տեղական, այնպես էլ դրսի շուկայում>,-ասում է «Վարդենիս կար» ՍՊԸ-ի տնօրեն Լենա Երանոսյանը:
<<Աշա handmade> հավաքածուի հեղինակ Աշխեն Սարգսյանը նույնպես սեփական արտադրանքը միջազգային շուկայում ցուցադրելու հնարավորություն է ունեցել: Ամիսներ առաջ Նիցա քաղաքում անցկացված էսպո ցուցանահդեսին Աշխենը ցուցադրել է իր ձեռքի աշխատանքները՝ ապլիկացիաներով ու զարդանաշխերով գունագեղ պայուսակները, որոնցից ներկայացված էին նաև այս ցուցահանդեսում: Նա հուսով է, որ մի օր իր հավաքածուն կհայտնվի աշխարահռչակ բրենդների կողքին:
Մարաշի նրբագեղ ասեղնագործ աշխատանքներն էր ներկայացրել 2,5 տարի առաջ Հալեպից Հայաստան տեղափոխված Աիդա Սանդուրեանը: «Մարաշի ասեղնագործությունը մշտապես եղել է հայ ժողովրդի սեփականությունը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է ունենա այդ չքնաղ արհեստի ասեղնագործ որևէ իր»,- համոզված է Աիդան:
Հայկական հարուստ գույներով ու խորհրդանշաններով ձևավորված հուշանվերների, ձեռագործ աշխատանքների / բարձեր, սփռոցներ, անձեռոցիկներ, հոտավետ փոքրիկ բտոպրակներ և այլն/ և գեղանկարների ցուցադրությամբ աչքի էր ընկնում «Արթ և լեգենդ» կազմակերպությունը: Ձեռագործ աշխատանքների հեղինակները մասնավորապես Լոռվա մարզի գյուղերի ասեղնագործ վարպետ կանայք էին, որոնց աշխատանքները մեծ պահանջարկ ունեն արտասահմանում, հատկապես, որ դրանք ստեղծված են Ֆրանսիայից բերված բնական և թանկարժեք թելերով:
«Էբրիկոտ» ՍՊԸ-ն ներկայացրել էր 13-ից 35 տարեկան հաշմանդամություն ունեցող կանանց ձեռքի աշխատանքներ, ովքեր լիահույս են, որ ցուցահանդեսում ներկայացված հուշանվերները, վազերը, քանդակված նարդին, սառնարանի մագնիսները կունենան իրենց գնորդները, ուստի կանխավ շնորհակալություն էին հայտնել հետևյալ գրությամբ. «Քո փոքրիկ լուման կօգնի պահպանել իմ սիրած աշխատանքը»:
Սիսիանի «Բասոնա» կանանց զարգացման ռեսուրս հիմնադրամի տեսականին բազմազան էր՝ ասեղնագործ բարձեր, ոտնամաներ, կավե ամանեղեն, բաժակներ, զանազան հուշանվերներ: Իսկ նրբաճաշակ ու նախշազարդ բաժակների տեսականին մասնագիտությամբ հագուստի մոդելավորող Ռոզա Խաչիկյանի վարպետության և վառ երևակայության վկայությունն էին:
Էքսպո-ցուցահանդեսն իրենց համեղ ու հյութալի տեսքով լրացնում են սիրիահայ ամուսիններ Յոլանդ և Ռաֆֆի Ռշտունիների անուշեղենն ու զանազան թխվածքատեսակները, բնական հասունացման և բարձրորակ բաղադրիչների շնորհիվ յուրահատուկ համով օժտված «Քրամբս» հացի գործարանի արտադրանքը, Գավառի գաթան ու փախլավան, Երևանում արտադրվող «Արկոլադ» շոկոլադները, որոնք, այն ներկայացնող Լիդա Դևիջյանի համոզմամբ իրենց համով ու բույրով գերազանցում են տեղական և ներկրվող արտադրանքին:
Էքսպո-ցուցահանդեսների «հնաբնակ», արդեն հանրահայտ «Սուխաֆրուկտի Ալլա» ՍՊԸ-ի տնօրեն Ալլա Ղազարյանը այս անգամ ներկայացրել էր բնական և օշարակով պատրաստած սուջուխն ու ալանին, մրգային տարբեր տեսակի չրեղենը նոր՝ բուրգաձը, շրջանաձև ու քառանկյուն փաթեթավորմամբ: «Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր պատվիրատուների շրջանակն ընդլայնվում է ու նաև նմանատիպ ցուցահանդեսների շնորհիվ: Թեև չեղեն պատրաստելու հատուկ սարքավորում ենք շահել, սակայն շարունակում ենք չրեղենը պատրաստել բնական քամու օգնությամբ»,-ասում էԱլլան:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեին համտեսելու և գնելու Սևանի Ծաղկունք գյուղի «Հայկական մեղրը»: Իրենց բույրով ու անուշահոտությամբ այցելուներին գերում էին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացրած Լոռվա թեյափունջը՝ ուրցը, մեղրախոտը, դաղձը, ավելուկն ու գայլաթաթը:
Ցուցահանդես –վաճառքը տևեց մեկ ամբողջ օր մինչև երեկոյան ժամը 17:00-ն: Շատերի համար այն բարեհաջող էր ինչպես վաճաքի, այնպես էլ նոր պատվիրատուների և գործընկերերի ձեռքբերման առումով:
Անուշ Ներսիսյան
Դիտեք նաեւ մեր կայքում Լիլիան Գալստայնի ֆոտոռեպորտաժը «Կանանց ձեռներեցության շաբաթ Երեւանում»
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանանց ձեռներեցության շաբաթը միավորեց տաս երկրների կանանց
Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցները էքսպո ցուցահանդեսում
«Ամեն ինչ հնարավոր է դառնում մայրական սիրո եւ նվիրվածության շնորհիվ»
Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները
Երեւանում մեկնարկեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը»/ լրացված
«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»
«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն
Դիտումների քանակը` 7832