Սիլվա Մեսրոպյան.  «Մենք օգնում ենք կանանց գնալ սեփական երազանքների հետևից»

Կառավարման Խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) գործադիր տնօրեն և խորհրդի անդամ, «Միլլ» խորհրդատվական ընկերության նախագահ Սիլվա Մեսրոպյանը ոչ միայն ամեն ինչ գիտի բիզնեսի մասին, այլև գիտի, թե ինչպես օգնել կանանց գնալ սեփական երազանքի հետևից ու ճիշտ իրագործել սեփական ներուժը։ Եվ հենց այդ նպատակով էլ առաջիկայում իր և գործընկերուհու կողմից ստեղծվելու է նոր ասոցիացիա` Նորարար Կանանց Ձեռնարկատիրությունը Հայաստանում (InWEnt):

 

WomenNet-ի հետ զրույցում Սիլվան պատմեց, որ որպես բիզնես խորհրդատու իր ծրագրերով աջակցում է ձեռնարկատիրությանը ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում: Նրա խոսքով, խորհրդատվությունը տրվում է  ինչպես նորաստեղծ ձեռնարկությունների կայացման, այնպես էլ զարգացման տարբեր փուլերում գտնվող բիզնեսների ընդլայնման նպատակով։ Իրենց ծրագրերում մեծ բաժին է գրավում մարդկային ռեսուրսների հզորացումը` սկսնակ ու գործող ձեռնարկատերերի մոտ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցով։ Ասում է, որ երկար տարիների ընթացքում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված տարբեր նախագծերում մշտապես առանձնացել են կանայք, ովքեր աչքի են ընկնում իրենց կառավարման ու կազմակերպման  բարձր կարողություններով։

 

«Կանայք շատ պատասխանատու են բիզնեսում և շատ ավելի ռազմավարական մոտեցում են ցուցաբերում բիզնես գաղափարների առումով, սակայն կարիք ունեն մոտիվացիայի, ոգեշնչման և կարողությունների զարգացման, հատկապես մարզերում ու սահմանամերձ տարածքներում։ Սակայն նրանք հաճախ են բախվում խոչընդոտների, որոնք նրանց զրկում են երազանքից։ Թեպետ պետք է նշեմ, որ միջավայրի վերաբերմունքը նախկինում ավելի անհանդուրժող էր կին ձեռներեցների հանդեպ և առկա է դրական միտում վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ, քանզի փորձը ցույց է տալիս, որ կանանց հետ ավելի հեշտ է աշխատել ու համագործակցել նրանց մեծ ներուժի շնորհիվ»,- ասում է Սիլվան։

 

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Սիլվան առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահել հատկապես մարզաբնակ կանանց: Ասում է, որ բազմաթիվ անգամ հանդիպել են մարզերում, սահմանամերձ շրջաններում բնակվող  կանանց, ովքեր տարբեր պատճառներով զրկված են սեփական երազանքը գործող բիզնեսի վերածելու հնարավորությունից։ Եվ այստեղ է, որ օգնության են հասնում մի շարք միջազգային ծրագրեր, որոնց միջոցներն ուղղվում են  կանանց ձեռնարկատիրության աջակցմանը, նորարար գաղափարների իրագործմանը և դրանով իսկ համայնքների զարգացմանը: Իր սեփական առաքելությունը Սիլվան տեսնում է  ոչ միայն կապող օղակ հանդիսանալու ու իր երազանքի հետևից գնացողներին ճիշտ ուղղություն տալու մեջ, այլ նրանց  խորհրդատվության շնորհիվ համոզելու ամենագլխավորը՝ «դու կարո՛ղ ես».

 

 

«Գիտեք, շատ հաճախ կանայք, ծանրաբեռնված լինելով ընտանեկան առօրյա հոգսերով, չեն տեսնում իրենց որպես ձեռներեց։ Սկսնակների հետ մեր աշխատանքի հիմքում նրանց երազանքների, կարողությունների, հմտությունների, մասնագիտական գիտելիքների ուղղորդումն է դեպի իրական բիզնես: Ներկա պահին նման աջակցության ու  խորհրդատվության շնորհիվ բազմաթիվ կանայք փոխել են իրենց կյանքը և ստեղծել համայնքային բիզնես, կյանքի կոչել իրենց նորարար գաղափարները», – պատմում է մեր զրուցակիցը:

Բայց միայն մեկնարկը չէ, որ կապում է Սիլվա Մերոպյանին իրենց  ծրագրերի մասնակիցների հետ. հետագայում ևս նա պահում է կապը և մշտապես աջակցում նրանց։ Հաջողված բիզնես նախագծերի թվում են Գյումրիում բացված կարուձևի արհեստանոցներն ու կիսաֆաբրիկատների արտադրությունները, Ամասիայում՝ բրդի վերամշակման և մանկական կոշիկների պատրաստման արհեստանոցը, Լոռիում մի շարք հյուրատների զարգացումը, Բերդում բուսական թեյերի մշակումն ու էկո պարկերում փաթեթավորումը, Մեղրիում` չրերից կոնֆետների արտադրությունը և այլն։

 

 

«Նորարար գաղափարներները շատ են մեր երկրում, իսկ կանայք շատ ուժեղ են և նախաձեռնող, նրանց միայն պետք է աջակցել, որ դառնան ավելի մոտիվացված ու ձեռք բերեն նոր կարողություններ: Ի վերջո, այն, որ Հայաստանում բարձրագույն կթություն ստացողների կեսից ավելի կանայք են ուղղակի թվեր չեն՝ դրա հետևում լուրջ ներուժ է, որը չօգտագործելը հանցագործություն է», – վստահ է նա։

 

 

Այստեղից էլ սկիզբ է առնում Սիլվա Մեսրոպյանի և իր գործընկերուհու` Նաիրա Մարգարյանի նոր նախաձեռնությունը՝ Նորարար Կանանց Ձեռնարկատիրությունը Հայաստանում (InWEnt) ասոցացիայի ստեղծումը, որի նպատակն է համախմբել ու հզորացնել սկսնակ ու գործող նորարար կին ձեռներեցներին, որպեսզի համատեղ ուժերով զարգացնեն ոլորտը:  «Կանանց ռեսուրսը իսկապես լուրջ զենք է, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է նշանակալի հաջողությունների հասնել բոլոր ոլորտներում՝ սկսած փոքր բիզնեսից և վերջացրած երկրի  տնտեսությամբ: Մենք այն չենք պատրաստվում անտեսել»,-  հավելեց մեր զրուցակիցը:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2517

Գլխավոր էջ