Սիլիկոնյան հովտից՝ Արագյուղ․

Փոքր Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է

 

«Նաիրիան» խանութ-սրահի մուտքի մոտ հայտնվելն անգամ բավական է, որ սրահում տարածված յուրօրինակ հոտն ու օճառների գունային բազմազանությունը քեզ ստիպի մոտենալ առաջարկվող տեսականուն։ Հայաստանում բնական կոսմետիկա արտադրող այս ընկերությունը վերջերս է իր դռները բացել հասարակության առջև։ Տարիներ առաջ առաջին հայացքից անհավանական թվացած այս գաղափարն արդեն իրականություն է ի շնորհիվ Մարկոսյանների ընտանիքի։

 

90-ական թվականներին Հայաստանից հեռացած և վերջին տարիներին հայրենադարձված Անահիտ և Արա Մարկոսյանները երկար տարիներ աշխատել են Սիլիկոնյան հովտում՝ որպես ծրագրավորողներ։Սիլիկոնային հովիտը Սան ՖրանցիսկոյիԿալիֆորնիայի հարավային մասի կեղծանունն է։ Այն աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական կորպորացիաների, ինչպես նաև հազարավոր սկսնակ բարձր տեխնոլոգիական ընկերությունների տունն է։ Անշուշտ, այնտեղ աշխատելն իսկապես պատվաբեր և եկամտաբեր է, սակայն ըստ Անահիտ Մարկոսյանի՝ արտերկրում բարձր վարձատրվող աշխատանք ունենալը դեռևս հիմք չէ հայրենիք չվերադառնալու համար։Ավելին՝ 20 տարի աշխատելով տարբեր ընկերություններում, իրենք արդեն հոգնել էին այդ կորպորատիվ աշխարհից և նոր գործ սկսելու ցանկություն կար, որը կբավարարեր իրենց տարիքային հետաքրքրությունները։

 

«90-ական թվականներին, երբ հեռանում էինք Հայաստանից, չէինք հեռանում ընդմիշտ։ Մեզ համար դա աշխարհ տեսնելու, գումար վաստակելու նպատակ ուներ։Մենք չէինք գնում այն պնդմամբ, թե այստեղ ամեն ինչ վատ է։ Ամուսինս անընդհատ ասում էր, որ մենք պետք է վերադառնանք ու ընկերություն բացենք Հայաստանում»,- պատմում է Անահիտ Մարկոսյանը՝ հավելելով, որ սկզբում ինքը չէր մտածում, որ կվերադառնան կամ շուտ կվերադառնան Հայաստան, սակայն տարեցտարի փոխվեց նաև նրա մոտեցումը։

 

Նրանք հասկացան, որ փոքր Հայաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է և ազատ դաշտ՝նորարար գաղափարներ իրականացնելու։ Մրցակցությունը փոքր է, հաջողության հասնելու շանսերը՝ ավելի մեծ։

 

«Մենք երբեք կապը չենք կորցրել Հայաստանի հետ, այդ պատճառով էլ կարողանում էինք լավ զգալ այն փոփոխությունները, որոնք կատարվել էին Հայաստանում՝ սկսած 90-ական թվականներից։ Եթե 90-ականներին հնարավոր չէր Հայաստանում նորմալ, ազնիվ հիմունքներով բիզնես ղեկավարել, ապա այսօր այդպես չէ»,- վստահեցնում է Անահիտ Մարկոսյանը՝ նշելով, որ այդ փաստը նաև ամուսնու փորձն է ցույց տալիս, քանի որ դեռևս 1996 թվականից սկսած Արա Մարկոսյանին հաջողվել է երկու ընկերություն հիմնել Հայաստանում։

«Նաիրիան»-ի պատմությունը, սակայն այլ է։ Ընտանիքով Եվրոպայում ճանապարհորդելով, ապա Լեռնային Ղարաբաղ մեկնելով՝ տիկին Անահիտը հասկացել էր, որ թեև եվրոպական երկրների բնությունն արտակարգ գեղեցիկ է, սակայն, ի տարբերություն Հայաստանի, բուսական բազմազանությունը  շատ ավելի քիչ է։«Այդ տարբերությունն այնքան ակնհայտ էր, որ ես ասում էի՝ Հայաստանում պետք է եթերային յուղերի արտադրություն սկսել։ Երբ սկսեցի հետաքրքրվել, պարզվեց՝ Հայասանը ունիկալ լավ պայմաններ ունի եթերային յուղեր պարունակող բույսերի աճի համար։ Սկզբից գաղափարս լուրջ չէին ընդունում․ տղաս ու ամուսինս ծիծաղում էին, թե դու ինչ -որ ֆանտազիաների մեջ ես,- ժպիտով պատմում է տիկին Մարկոսյանն ու հավելում,- Հետո ամուսինս սկսեց հետաքրքրվել ոլորտով, ու ինձ ասաց՝ գիտես քո գաղափարն այնքան էլ ֆանտաստիկ չէ և երևի կարելի է այն իրագործել Հայաստանում»։

Կյանքում ու աշխատանքում նոր փոփոխություն ունենալու ցանկությամբ ու Հայաստանում բիզնես հիմնելու վճռականությամբ էլ տեր և տիկին Մարկոսյանները 2 տարի առաջ վերադարձան Հայաստան։

 

Մասնագիտական դասընթացներ Կոլումբիայում, 4 տարիների քրտնաջան աշխատանք բնական կոսմետիկա արտադրելու համար և երբեմնի գաղափարն արդեն իրականություն է։ Դրանում իրենց ուրույն դերն են ունեցել նաև Մարկոսյանների որդին ու դուստրը՝ դարձնելով գաղափարն ընտանեկան բիզնես։ Որդին թողել է Նյու Յորքում իր աշխատանքը, եկել Հայաստան ու զբաղվում է շշերի, տուփերի դիզայնով, բրենդինգով, դուստրը, ով,ի տարբերություն ծնողների, ավելի վաղ է մշտական բնակություն հաստատել Հայաստանում՝ ի թիվս այլ գործերի նաև սրահի գեղարվեստական կողմն է ապահովում։

 

Ժամանակակից կինը, ըստ Անահիտ Մարկոսյանի, պետք է կարողանա ճիշտ ձևով զուգակցել ամեն ինչը՝ լինել ընտանիքի մայր, կին և նաև պրոֆեսիոնալ մասնագետ իր ոլորտում։ Կյանքը փոխվել է այնպես, որ այսօր կնոջ ու տղամարդու վաստակելու հնարավորությունները լրիվ հավասարվել են։ Ըստ նրա՝ կանայք ավելի ճկուն են և խնդիրները կարողանում են բազմակողմանի դիտարկել, և այնտեղ, որտեղ տղամարդիկ փնտրում են ուղիղ լուծումներ, կանայք կարող են շրջանցել ու ճկուն լուծումներ առաջարկել։

 

Այսօր արդեն «Նաիրիան»-ի կոսﬔտիկայի առաջին տեսականիում առկա է 25 անուն ապրանք՝ ներառյալ խոնավեցնող քսուքներ, կրեմներ, շիճուկներ և օճառներ, հատուկ նյութեր կորյակների հակված մաշկի, վնասված մազերի համար և այլն։ Սեզոնային փոփոխություններին զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև տեսականիում։

 

Ընկերության մշակելի հողն ու արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզի Արագյուղում, որտեղ վերահարմարեցրել են սովետական շրջանի կարի ֆաբրիկան՝ վերածելով այն ժամանակակից կոսﬔտիայի արտադրության պահանջների բավարարող կառույցի՝ նախընտրելով օգտագործված սարքավորումների և պարագաների ձեռբերումը, վերականգնումն ու շահագործումը։

 

Ըստ տիկին Մարկոսյանի Արագյուղի բնակլիմայական պայմաններն իդեալական են, քանի որ  բույսերի լավ աճի համար անհրաժեշտ է բարձրավանդակային գոտի, արևային օրերի մեծ քանակություն, մեծ տարբերություն գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների միջև, փոքր-ինչ չոր կլիմա։

 

Հիմա, երբ հետ է նայում կատարված աշխատանքին, տիկին Մարկոսյանը հիշում է, որ ամենադժվարը  համախոհներ, բիզնես գործընկերներ գտնելն էր, քանի որ 4 տարիների ընթացքում միայն սեփական ներդրումներն անելով, ընթացքում ներդրումների կարիք կար։

 

«Անտարբերություն է ԱՄՆ-ում բնակվող հայկական սփյուռքի մեծ մասի մոտ։ Իրենք կարծես թե ոչ մի հետաքրքրություն չունեն Հայաստանում բիզնես սկսելու, մինչդեռ  իմ ու ամուսնուս մեծագույն համոզմունքն այն է, որ հիմա Հայաստանին ամենաշատը պետք են ներդրումներ։ Բնակչությունը քիչ է, երկիրը՝ հոյակապ։  Հենց Հայաստանի հայերը, եթե փոքր-ինչ հետաքրքրված լինեն իրենց երկրով, չտեսնված երկիր կարող են ստեղծել»,- կարծում է «Նաիրիան»-ի համահիմնադիրը։

 

Դժվար է եղել լավ մասնագետներ, ինչպես նաև  բարեխղճորեն և էնտուզիազմով աշխատող թիմակիցներ գտնելը։ Հիմա ընկերությունը 30 աշխատակից ունի և աշխատում է նաև տարբեր անհատների հետ՝ գնելով կոնկրետ բուսատեսակներ։

 

Անահիտ Մարկոսյանի խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը բոլոր երկրներում էլ դժվար գործ է, բայց Հայաստանում մեծ մասամբ չկա պատրաստակամություն այդ ծանրությունն իրենց վրա վերցնելու։ Դրա փոխարեն մարդիկ նախընտրում են գնալ խոպան անգամ այն դեպքերում, երբ իրենց ուղարկած գումարը բավականացնում է միայն կոմունալ վճարումների համար։

 

«90-ական թվականների ու հիմիկվա ատագաղթի պատճառների միջև մեծ տարբերություն կա։ Սովետական  միության մեջ ապրելուց հետո, երբ երկիրը դարձավ շատ փոքր, մարդիկ ուղղակի չէին պատկերանցում իրենց այդ փոքր երկրում և գնում էին, որովհետև կար նաև մասսայական աշխատատեղերի կորուստ։ Եթե 90-ական թվականներին չլիներ ինժիներների մեծ արտագաղթ, ապա այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բում չէինք ունենա։

 

Հիմա արտագաղթն ուրիշ պատճառներ ունի։ Առաջինը՝ բնական պատճառն է․ եթե ապրում ես փոքր երկրում, բնական պահանջ կա գնալ, աշխարհ տեսնել, զարգանալ։ Դա խրախուսելի է, որովհետև պրպտող մարդիկ պետք է հնարավորություն ունենան փնտրելու և գտնելու, զարգանալու իրենց պոտենցիալին համապատասխան։ Խրախուսելի չէ այն, երբ մարդիկ արտագաղթում են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդու» մոտիվներով՝գնում են ինչ-որ բան փնտրելու՝ չնկատելով իրենց կողքի գանձերը, Հայաստանի հնարավորությունները»,- ասում է մեր զրուցակիցը։

 

Տիկին Մարկոսյանը ցավով է նշում, որ հայերի մի մասը չի գնահատում իր երկիրը, նրանք չեն զգում, որ երկրի խնդիրները լուծելը իրենց պատասխանատվության տակ է․ «Չգիտես ինչու՝Հայաստանում մարդիկ սպասում են, որ ինչ-որ մեկը կգա ու կշտկի ամեն ինչ։ Երբեմն էլ շատ արտագաղթածներ այդպես էլ ասում են՝ եթե դուք Հայաստանը լավ երկիր դարձնեք, մենք կգանք, կապրենք։ Հայաստանը միայն հայերը պետք է լավ երկիր դարձնեն, նաև՝ դրսի հայերը։ Եթե դու քեզ հայ ես համարում, ապա քեզ համար պետք է միևնույն չլինի, թե ինչպիսի երկիր է Հայաստանը»։

Տիկին Անահիտի բնորոշմամբ՝ Հայաստանում մարդիկ իրենք իրենց գցում են հոգեբանական տրանսի մեջ և «Երկիրը երկիր չէ» բառակապակցությունը դարձրել են կարգախոս ու իրենք իրենց պարալիզացնում են այդպես։

 

«Հայաստանի վիճակն այնքան վատ չի, որքան մարդիկ պատկերացնում են։ Երբ ասում են աշխատանք չկա, կամ բոլոր մարդիկ սոված են, իրանականում չեն պատկերացնում, որ կան երկրներ, որտեղ իսկապե՛ս աշխատանք չկա և բոլոր մարդիկ իսկապե՛ս սոված են և այդ երկրները Հայաստանին հեչ նման չեն։ Ես չեմ ասում, որ Հայաստանում խնդիրներ չկան, պարզապես խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն, պետք է կենտրոնանալ լուծումների վրա»,- ասում է մեր զրուցակիցը՝ օտար երկրներում ապրող հայերին խորհուրդ տալով բիզնես սկսելիս Հայաստանը դիտարկել որպես ներդրումային երկիր,  քանի որ երկիրն անսպասելիորեն կարող է հիանալի հնարավորություններ ընձեռել։ Եվ վերջիվերջո, այն, ինչ կարող ես անել փոքր երկրում, մեծ երկրներում շատ ավելի դժվար կտրվի։

 

Իսկ ինչ վերաբերում է «Նաիրիան»-ին, ապա նրա բաղադրատոմսերն այնպես են պատրաստված, որ դրանք համապատասխանում են եվրոպական «Ecocert»-ի ամենախիստ չափանիշներին կոսմետիկայի բնական լինելու հարցում։ Այդ հանգամանքը ևս նրան հնարավորություն կտա ապագայում շրջել աշխարհով։

 

Նունե Հովսեփյան

Լուսանկարները՝ հեղինակի

Դիտումների քանակը` 5423

Գլխավոր էջ