Սեպտեմբերի 23-ին համայնքի ղեկավար ընտրվեց միայն մեկ կին
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի 5 մարզերում` Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում, Տավուշում, տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է ընդամենը մեկ կին թեկնածու: Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Ալինա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի համար առաջադրված 521 թեկնածուներից 11-ը կանայք էին: Սակայն նրանցից միայն Ալինա Հարությունյանն է հաղթանակ տարել: Ի դեպ նա 1996-ից է ղեկավարում գյուղը, այսինքն արդեն հինգերորդ անգամ է գյուղապետ ընտրվում:
Գործող գյուղապետերից այս անգամ չեն վերընտրվել Գոմքի ղեկավար՝ Ակոպովա Ստելլան, Հաղթանակից՝ Խաչատրյան Վարդը, Ոսկեպարից՝ Աղբալյան Հրուշը: Հիշեցնենք, որ նրանցից երկուսի Ակոպովա Ստելլայի եւ Աղբալյան Հրուշի հետ WomenNet.am –ը զրուցել էր ընտրություններից առաջ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, մոտ 30 տարվա գյուղապետ Հրուշ Աղբալյանը, որին սատարում էր Հանրապետական կուսակցությունը, պարտվել է իր միակ մրցակցին՝ 26-ամյա անկուսակցական, ինքնաառաջադրված Երվանդ Եգանյանին, ով թեեւ գյուղի ղեկավարման փորձ չուներ, բայց գրեթե կրկնապատիկ ավել ձայն հավաքեց: Իսկ Ակոպովա Ստելլան պարտվեց գյուղապետարանի հաշվապահ՝ Հովհաննիսյան Մխիթարին: Ի դեպ, երկուսին էլ սատարում էր ՀՀԿ-ն:
Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տեղեկատվությունը ԿԸՀ-ն կներկայցնի մի քանի օրից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Արարատ, Արմավիր, Լոռի, Շիրակ, Սյունիք մարզերի 535 համայնքներում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում առաջադրված 33 կանանցից գյուղապետ ընտրվեց միայն 9-ը:
Մինչ այդ՝ այս տարվա փետրվարին եւ հուլիսին մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում կին-համայնքապետներ չեն ընտրվել:
Այսպիսով այս տարի մինչ այս պահը կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդամենը 10 կին գյուղապետ է ընտրվել: Ինչ վերաբերում է քաղաքապետերի պաշտոններին, ապա դրանք շարունակում են բացարձակ անհասանելի մնալ կանանց համար՝ նույնիսկ հավակնելու իմաստով: Քաղաքապետի պաշտոնին այս տարվա ՏԻՄ-ընտրություններում առաջադրվել էր ընդամենը մեկ կին՝ Էջմիածնում, ով չէր ընտրվել…
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 5554