Սեպտեմբերի 18. Համայնքների կին ղեկավարների թիվը չի ավելացել, երկուսը վերընտրվել են իրենց պաշտոնում
Սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում կին համայնքապետների թիվը որևէ փոփոխության չենթարկվեց: Գրանցված 10 կին թեկնածուներից հաղթանակ են տոնել երկուսը: Նրանք վերընտրվել են Արմավիրի մարզի Արտամետ ու Արևաշատ համայնքների գործող ղեկավարների պաշտոնում: Ներկայացնում ենք քվեարկության նախնական արդյունքները, որոնք հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Արագածոտնի մարզի Օշական գյուղում առաջադրված կին թեկնածուն՝ ինքնաառաջադրված Վերա Զաքարյանը պարտվել է: Համագյուղացիներից 64-ն են քվեարկել նրա օգտին: Այստեղ 1764 ձայնով վերընտրվել է համայնքի գործող ղեկավարը՝ անկուսակցական Արամ Ներսիսյանը: Մյուս թեկնածուն՝ Օշականի մշակույթի պալատի տնօրեն Հայկ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 443 ընտրող:
Արարատի մարզի Ազատավան համայնքում էլ կին թեկնածուն՝ անկուսակցական Արուս Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 65 ընտրող: Համայնքի գործող ղեկավարը պարտվել է: Այստեղ 835 ձայնով հաղթանակ է տարել ԲՀԿ կոմից առաջադրված Պետիկ Ղազարյանը: ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուի՝ գործող համայնքապետ Սարգիս Խաչատրյանի օգտին քվեարկել է 539 ընտրող:
Կանաչուտում անհատ ձեռներեց Նարինե Քարամյանի օգտին քվեարկել է 221 ընտրող: Գործող գյուղապետը՝ Լևոն Ասատրյանը, ում առաջադրել էր ՀՀԿ-ն, 358 ձայնով վերընտրվել է:
Սիփանիկում գրանցված կին թեկնածուի՝ Նելիկո Մկրտչյանի օգտին ընդամենը 3 ընտրող է կողմ քվեարկել: Գրանցված 3 թեկնածուներից առավել մեծ թվով ձայներ ստացել է ՀՀԿ առաջադրած թեկնածուն. Հրանտ Գևորգյանի օգտին քվեարկել է 192 քաղաքացի: Անկուսակցական Բագրատ Խոսրոյանի օգտին քվեարկել է 59 ընտրող:
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում անկուսակցական Գոհար Ղազարյանի օգտին 71 ընտրող է քվեարկել: Գրանցված չորս թեկնածուներից այստեղ հաղթանակ է տոնել ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Ստեփան Մեսրոպյանը, նրա օգտին քվեարկել է 553 ընտրող: Մյուս երկու թեկնածուներից Ստեփան Մեսրոպյանը հավաքել է 418 ձայն, Սպարտակ Վանեսյանը, ով համայնքապետի տեղակալն է, 161 ձայն:
Կիրանցում էլ կին թեկնածուն՝ անկուսակցական Արմինե Ավալյանի օգտին քվեարկել է 54 մարդ: Այստեղ գրանցված 3 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել ՀՀԿ առաջադրած թեկնածուն՝ Կամո Շահինյանը. նրա օգտին քվեարկել է 127 բնակիչ: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Էմիլ Սիմոնյանը ստացել է 17 քվե:
Արմավիրի մարզի Արտամետում վերընտրվել է գործող կին համայնքապետը: Գրանցված միակ թեկնածուի՝ ՀՀԿ կողմից առաջադրված Անահիտ Դավթյանի օգտին քվեարկէլ է 95 բնակիչ: Քվեարկությանն այստեղ մասնակցել է 108 ընտրող: Նրանցից 12-ը դեմ են քվեարկել, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արևաշատում գործող համայնքապետը՝ ՀՀԿ կողմից առաջադրված Սուսաննա Գևորգյանը վերընտրվել է: Նրա օգտին քվեարկել է 363 ընտրող: Այստեղ էլ գրանցված էր երեք թեկնածու: Համայնքապետի հիմնական մրցակիցը՝ անկուսակցական Լևոն Ավետիսյանը ստացել է 331 ձայն: Արդյունքները վկայում են այն մասին, որ այստեղ իրական ու թեժ մրցակություն է եղել:
Լուսագյուղում անկուսակցական Նոյեմ Գրիգորյանի օգտին քվեարկել է 150 ընտրող, իսկ ՀՀԿ կողմից առաջադրված գործող գյուղապետ Սարիբեկ Կարապետյանի օգտին՝ 284 մարդ:
Հայկաշենում կին թեկնածուն Լիա Հարությունյանը՝ գյուղապետարանի քարտուղարուհին, ստացել է 32 ձայն, նրա միակ մրցակիցը եղել է գործող գյուղապետը: 476 ձայնով Վարշամ Հովհաննիսյանը վերընտրվել է:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սեպտեմբերի 18. Համայնքների կին ղեկավարների թիվը չի ավելացել, երկուսըն վերընտրվել են իրենց պաշտոնում
Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Դիտումների քանակը` 3442