Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված
Սեպտեմբերի 18-ին ավագանու ընտրություններ են անցկացվել խոշորացված մի քանի համայնքներում՝ Սյունիքի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ համայնքներում, Տավուշի մարզի Այրում, Նոյեմբերյան, Կողբ համայնքներում և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքներում: Ընդհանուր թվով 8 խոշորացված համայնքներից կանայք ընդգրկված չեն լինի Գորիսի, Գորայքի, Մեղրիի, Այրումի, Կողբի ավագանիներում: Դա են փաստում ընտրությունների տվյալները:
Նշենք, որ միաավորված համայնքների ավագանիներում մինչ խոշորացումը ընդհանուր թվով 319 անդամից 32-ը կանայք էին, ինչը 10 % էր կազմում: Խոշորացված համայնքներում նորընտիր ավագանիների ընդհանուր թվով 90 անդամից միայն 5-ն են կին, ինչը 5,5 % է կազմում: Բացառություն է կազմում միայն Տեղը, որտեղ խոշորացումից հետո կանանց թիվը ավագանիում մեծացել է:
Սյունիքում.
Սյունիքի մարզի խոշորացված Գորիս համայնքի ավագանին կազմված է լինելու 15 անդամից: Գորիսն իր մեջ ներառել է տասը համայնք՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ:
Մինչ խոշորացումը համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 57 անդամ, նրանցից 4-ը կանայք են (7%): Ավագանու մեկական կին անդամներ են եղել Գորիսի, Ներքին Խնձորեսկի, Շուռնուխի և Քարահունջի ավագանիների կազմերում:
Խոշորոցված Գորիսի ավագանու անդամի համար առաջադրված 26 թեկնածուներից մեկն էր կին՝ Իրինա Յոլյանը: Նա անկուսակցական է, Գորիսի կանանց զարգացման կենտրոնի անդամ, լրագրող: Իր օգտին քվեարկել է 258 ընտրող, ինչը բավարար չէ ավագանու կազմում ընդգրկվելու համար:
Ինչպես WomenNet.am-ին հայտնեց թիվ 37 ԸԸՀ նախագահ Արմեն Ստեփանյանը, նորընտիր ավագանու կազմում կանայք ընդգրկված չեն:
***
Սյունիքի խոշորացված հաջորդ համայնքը Գորայքն է, այն ունենալու է ավագանու 7 անդամ: Գորայքն իր մեջ ներառել է Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան գյուղերը: Համայնքներից յուրաքանչյուրն ավագանու հինգ անդամ ունի, դրանցից որևէ մեկի կազմում կին չկա: Ավագանու առաջադրված 9 թեկնածուների թվում էլ կանայք չկային: Արդյունքում այստեղ կավագանու կազմում կանանց ներգրավվածության առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
***
Սյունիքի մարզի Տեղ գյուղն իր մեջ ներառել է Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն համայնքները: Այն կունենա ավագանու 11 անդամ:
Տեղում ավագանու անդամի 15 թեկնածուներից 3-ն էին կանայք ՝ Տեղի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի, ՀՀԿ-ական Սիլվա Գալստյանը (316), Կոռնիձորի դպրոցի ուսուցչուհի Համեստ Հակոբյանը (211 ձայն) և Արավուսի տարրական դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Նարինե Ջհանգիրյանը (200 ձայն):
Թիվ 37 ԸԸ հանձնաժողովի նախագահի խոսքով, 3 կանայք էլ ընդգրկվելու են ավագանու կազմում: Տեղի ավագանու 1է անդամներից երեքը կին են (27%);
Նշենք, որ մինչ խոշորացումը նշված յոթ համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 37 անդամ, նրանցից միայն մեկն էր կին (2,7%)՝ Խնածախի ավագանու անդամ Նինա Թավադյանը:
Տեղն այս պահին միակ խոշորացված համայնքն է , որի ավագանիում խոշորացումից հետո կանաց թիվը ավելացել է:
***
Մեղրին իր կազմում ներառել է 13 համայնք՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն: Բոլոր համայնքները միասին ունեցել են ավագանու 70 անդամ, որոնցից 15-ը կանայք են (21.4%) . 3-ը՝ Վահրավարում, 2-ական՝ Ագարակում ու Վարդանիձորում, մեկական՝ Մեղրիում, Ալվանքում, Գուդեմնիսում, Լիճքում, Կարճևանում, Կուրիսում, Շվանիձորում, Տաշտունում:
Խոշորացված Մեղրին կունենա ավագանու 11 անդամ: Մեղրիում 14 թեկնածուների թվում մեկ կին կար: Նա Տաշտունի համայնքի հիմնական դպրոցի տնօրենն է՝ Ոսկեհատ Գևորգյանը: Նրա օգտին քվեարկել է 152 ընտրող, ինչը , թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի խոսքով, բավարար չէ ավագանու կազմում ընդգրկվելու համար: Այսպիսով, Մեղրիի ավագանու կազմում էլ կանայք չեն լինի:
Արարատում.
Արարատի մարզի խոշորացված Ուրցաձոր համայնքն իր կազմում ընդգրկել է Ուրցաձոր, Լանջանիստ, Շաղափ գյուղերը: Ուրցաձորի ավագանին կազմված է լինելու 9 անդամից, որոնցից միայն մեկն է կին (11%):
Ավագանու անդամ առաջադրված 13 թեկնածուներից 3-ը կանայք էին: Մարո Առաքելյանը ստացել է 134 ձայն, Մարիամ Գուլամիրյանը 70 ձայն, Ռուզաննա Սարգսյանը՝ 116 ձայն: Նրանցից միայն Մարո Առաքելյանն ընդգրկված կլինի ավագանու կազմում:
Նշենք, որ երեք համայնքները միասին մինչ խոշորացումը ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 18 անդամներ, նրանցից 4-ը կանայք են (22%), 3-ը Լանջանիստի ավագանու կազմում, մեկը՝ Շաղափում:
Այսինքն, այստեղ էլ խոշորացումից հետո կանանց ներկայայցվածության տոկոսը ավագանու կազմում պակասել է:
Տավուշում.
Տավուշի մարզի խոշորացված Այրում համայնքը կունենա ավագանու 11 անդամ: Հիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան: Ընդհանուր առմամբ ավագանու 54 անդամներից 3-ն էին կանայք (5%) , 2-ը՝ Բագրատաշենում, 1-ը՝ Պտղավանում:
Այրումում առաջադրված էին 36 թեկնածու, նրանցից 7-ն էին կանայք: Որպես կին թեկնածուներ գրանցված են դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Լիանա Ալավերդյանը (144 ձայն), անկուսակցական Հասմիկ Աղաբաբյանը (55 ձայն), Պտղավանի մանկապարտեզի տնօրեն, ՀՀԿ-ական Սիլվա Առաքելյանը (42 ձայն), Երաժշտական դպրոցի հաշվապահ Անի Բաբաջանյանը (119 ձայն), համաճարակաբանի օգնական Աիդա Բարոյանը (82 ձայն), դպրոցի տնօրեն Էլմիրա Կոպիյանը (82 ձայն), մանկապարտեզի վարիչ Կարինե Մելքոնյանը (91 ձայն):
Ինչպես WomenNet.am-ին հայտնեց թիվ 40 ԸԸՀ նախագահի տեղակալը, որ այստեղ անցողիկ շեմը եղել է 148 ձայնը: Նախնական տվյալների համաձայն, գրանցված կին թեկնածուներից որևէ մեկը ավագանու անդամ ընտրվելու համար բավարար ձայներ չի հավաքել:
Արդյունքում Այրումի ավագանին կազմված է լինելու բացառապես տղամարդկանցից:
***
Խոշորացված Կողբը կունենա ավագանու 11 անդամ: Այն իր մեջ ներառել է Կողբն ու Բերդավանը, 14 թեկնածուների թվում կանայք չկային: Երկու համայնքների գործող ավագանիներն ունեն 19 անդամ, բոլորը տղամարդ են:
Ըստ էության, խոշորցումից հետո ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել , ավագանու կազմում կանայք չեն եղել, հիմա էլ չկան:
***
Նոյեմբերյանը խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան համայնքները: Նոյեմբերյանը կունենա ավագանու 15 անդամ, որոնցից մեկն է կին (7%): Համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 44 անդամ, որից 5-ը կանայք (11,4%) . 2-ը՝ Կոթի համայնքում, 1-ական Նոյեմբերյանում, Դովեղում, Ոսկեվանում:
Նոյեմբերյանում ավագանու անդամի գրանցված 34 թեկնածուներից 5-ն էին կին: Գրանցված կին թեկնածուներից Հայկանուշ Բեգլարյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից , անհատ ձեռնարկատեր՝ (214 ձայն): Աիդա Զուրաբյանն անկուսակցական , «ԵԿՔԱ» ՀԿ նախագահ (161 ձայն), Ամալյա Ծատուրյանը «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից (225 ձայն), Արմինե Վաղրամյանը Նոյեմբերյանում աշխատում է որպես ուսուցչուհի (44 ձայն), ՀՀԿ-ական Էմմա Հակոբյանը՝ «Մասիս Տոբակո» ընկերության գործակալ (242 ձայն) :
Թիվ 40 ԸԸՀ նախագահի տեղակալը WomenNet.am-ին հայտնեց, որ այստեղ անցողիկ է եղել 242-ը, սակայն Էմմա Հակոբյանի ավագանի կազմում ընդգրկվելու հարցը հարցականի տակ էր, քանի որ եւս մեկ թեկնածու նույնպես 242 ձայն է հավաքել: Խնդիրն, ըստ օրենքի, լուծվել է վիճակահանությամբ: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Էմմա Հակոբյանը ընդգրկվեց Նոյեմբերյանի ավագանու կազմում: Այնուաամենայնիվ, այս դեպքւմ էլ կանանց թիվը խոշոացված համայնքի ավագանու կազմում ավելի քիչ է քան մինչ խոշորացումը:
***
Այսպիսով, խոշորացման արդյունքում կանանց ներկայայացվածությունը միավորված համայնքների ավագանիներում կիսով չափ պակասել է 10%-ից մինչեւ 5.5 %:
Հիշեցնենեք, որ փետրվարի 14-ն երեք խոշորացված համայնքներում՝ Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում անցկացված ՏԻՄընտրությունների արդյունքում ընտրված ավագանիների կազմում կանանց ներկայացվածությունն տոկոսային հարաբերությամբ երեքանգամ կրճատվել էր ՝ մինչ խոշորացումը համայնքների ավագանիներում նրանց ներկայացվածությունն ընդհանուր թվով 9,2 տոկոսէր կազմում , իսկ խոշորացումից հետո հետ՝ 2,8 տոկոս է:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սեպտեմբերի 18. Համայնքների կին ղեկավարների թիվը չի ավելացել, երկուսըն վերընտրվել են իրենց պաշտոնում
Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Դիտումների քանակը` 3342