Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

Ինչպես հայտնի է, պտղի սեռով պայմանավորված աբորտները կանխելու   եւ Հայաստանում  ծնվող աղջիկների եւ տղաների բնականոն հարաբերակցությունը վերականգնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը  օրինագիծ էր մշակել,  ըստ որի  առաջարկվում  էր արգելել ծնողին երեխայի սեռի մասին հայտնելը մինչեւ հղիության 30-րդ շաբաթը:  Այս առաջարկը տարակարծությունների ալիք բարցրացրեց, շատերը համարում էին , որ օրենքի ընդունման դեպքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը, իսկ աբորտները կանցնեն ընդհատակ։ Ոմանք համարում էին, որ խախտվում է  տեղեկատվության իրավունքը, թեպետ օրինագծի հեղինակները բացատրում էին որ երեխայի կյանքի իրավունքը ավելի գերադաս է, քան տեղեկատվության (տվյալ դեպքում՝ սեռն իմանալու) իրավունքը:  Այժմ  մեկ այլ առաջարկ  է քննարկվում ՝  հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթ, քանի որ ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության այդ ժամկետում  երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։ 

 

 

Այս առաջարկն հնչեցվեց այսօր՝   ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված քննարկման ժամանակ: Մասնակցում էին առաջատար մասնագետներ, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական և բնակչության հիմնադրամների, միջազգային այլ կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող  հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  ներկայացուցիչներ։  Օրակարգում ՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի քննարկումն էր:

 

 

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխության անհրաժեշտության նախապատմությունն ու շարժառիթները։  Նա նշեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով 2011թ. Հայաստանի տնային տնտեսություններում և բուժհաստատություններում կատարվել  է հետազոտություն-հարցում  նորածինների սեռերի համամասնության շեղումների հետազոտություն: Հետագայում` 2012-ին կատարվել է խորքային ուսումնասիրություն՝  հիմքում ընդունելով իրականացման պահին առկա ժողովրդագրական տվյալների բոլոր խոշոր աղբյուրները՝ ներառյալ 2001թ. և 2011թ. Մարդահամարի,  ծննդյան ակտերի գրանցման տվյալները, հետազոտություն-հարցման արդյունքները և այլն։ Միաժամանակ կատարվել են հնարավոր հետևանքների կանխատեսումներ:

 

 

Արդյունքում հաստատվել է, որ 1990-ականներից  Հայաստանում  նկատված  նորածինների շրջանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը վերջին տարիներին դարձել է ազգագրական ու ռազմավարական լուրջ հիմնախնդիր։  Նորածինների հարաբերակցությունը 2011թ. կազմել է 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, 2012-ին` 115 տղա-100 աղջիկ: Մինչդեռ բնականոն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց։ Ընդ որում, առաջին երեխայի դեպքում եթե շեղումներ չկան, ապա շեղումները սկսվում են երկրորդ և առավել մեծ են  երրորդ երեխայի դեպքում` 2012թ. կազմելով 160 տղա` 100 աղջկա դիմաց, ինչն աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նման միտումի դեպքում մինչև 2060թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխահ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ։

 

 

Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաեւ  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների  դրդապատճառները, որոնք  երեքն են , ինչպես մեզանում, այնպես էլ այլ երկրներում:   Հայ  ընտանիքներում առկա է տղա երեխայի նախապատվությունը  որպես օջախի «ծուխը ծխեցնող», ազգանվան շարունակող, ժառանգորդ և այլն։ Մյուս դրդապատճառը երկրում համապատասխան տեխնոլոգիաների հասանելիությունն է, ինչն ապագա ծնողներին թույլ է տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել աղջիկ երեխաներ ունենալուց:  Եվ, վերջապես, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, ինչը, բնականաբար, նվազեցնում է երկու սեռի երեխա ունենալու հավանականությունը։

 

 

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հորդորեց խնդրի լուծումը դիտարկել  նաև բարոյական, սոցիալական, օրենսդրական, հոգեբանական  համատեքստում  և ներկայացնել հիմնավորված առաջարկներ։

 

 

 

«Այստեղ խաչվում է մի կողմից ընտանիքի` ծնողների տեղեկացված լինելու, մյուս կողմից՝ դեռ չծնված երեխայի կյանքի իրավունքը։  Մենք պետք է, հաշվի առնելով Եվրոպայի փորձը, ինչպես նաև ականջալուր լինելով հասարակության կարծիքներին, մեզ համար ընդունելի լուծումներ գտնենք»-ասաց նախարարը։

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը նշեց. «Եվրոպական առանձին երկրներում արգելվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»։ Նա միաժամանակ կարևորեց  իրազեկման, քարոզչական լայն աշխատանքը թե՛ բուժաշխատողների, թե՛ բնակչության շրջանում։

 

 

 

ԵՊԲՀ պրոֆեսոր Կարինե Թոխունցն առաջարկեց խնդրի լուծման նպատակով ոչ թե արգելել ծնողին երեխայի սեռի մասին հայտնելը, այլ հղիության արհեստական ընդհատման թույլատրելի շեմը իջեցնել մինչև 10 շաբաթ, քանի որ ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության այդ ժամկետում  երեխայի սեռը հնարավոր չէ որոշել։

 

 

Նրա առաջարկն ընդունելի համարվեց։  Կարևորվեցին  նաև ավելի  մեծ ժամկետում հղիության արհեստական ընդհատումների դեպքում  բժշկական ցուցումների հստակեցումը և հսկողության խստացումը, ինչպես նաև վիժում առաջացնող հաբերի վաճառքի կանոնակարգումը։

 

 

Որոշվեց առողջապահական և ժողովրդագրական խնդրի լուծման առավել արդյունավետ և նվազ վտանգավոր այս նոր մոտեցումը լրացուցիչ քննարկել  ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների, այնպես էլ  այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։

 

 

Հիշեցնենք, որ  Հայաստանում գործող  օրենքով  մոր ցանկությամբ հղիության ընդհատումն հնարավոր է մինչեւ հղիության 12-րդ շաբաթը: Բժշկական ցուցումներով աբորտը հնարավոր է մինչեւ 22-րդ շաբաթը: Այդ ժամկետից հետո աբորտն արգելված է:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայ

 

 

 

Դիտումների քանակը` 5666

Գլխավոր էջ