Սաուդյան Արաբիա. Կանայք մեքենայի ղեկին կբերեն մարմնավաճառության, միասեռականության և ամուսնալուծությունների աճին
«Եթե մենք թույլ տանք կանանց մեքենա վարել, ապա 10 տարի հետո երկրում ոչ մի կույս չի մնա», – այսպիսի եզրակացության է եկել Սաուդյան Արաբիայի բարձրագույն կրոնական խորհուրդը՝ ծանոթանալով պրոֆեսոր Քամալ Սուբխի կողմից պատրաստված զեկույցի գիտական ապացույցներին:
Արդյունքում Սաուդյան Արաբիայի բարձրագույն կրոնական խորհուրդը որոշեց ոչ մի դեպքում չհանել երկրում գործող՝ կանանց ավտոմեքենա վարելու արգելքը, քանի որ կանայք մեքենայի ղեկին կբերեն անբարոյականության, մարմնավաճառության, միասեռականության , պոռնոգրաֆիայի և ամուսնալուծությունների աճին : Դրա մասին է հայտնում Asia.news–ը:
Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել, ինչի դեմ պայքարում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ: Արգելքը խախտելու դեպքում կանանց ձերբակալում են և դատապարտում մտրակի հարվածների:
Դրա հետ մեկտեղ , 2011-ի սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի կարգադրությամբ երկրի կանանց վերջապես տրամադրվեց ընտրական իրավունք։ Առաջին անգամ նրանք կկարողանան քվեարկել 2015-ի տեղական ընտրություններում, ինչպես նաև առաջադրել իրենց թեկնածությունը։
Դա իհարկե մեծ նվաճում է Սաուդյան Արաբիայի կանանց համար , բայց նրանց իրավունքները շարունակում են խիստ սահմանափակ մնալ: Կանայք մինչ օրս ոչ միայն մեքենա վարելու, այլ առանց ընտանիքի գլխավոր տղամարդու թույլտվության՝ արտասահման մեկնելու կամ այլ՝ ոչ ազգական տղամարդու հետ զրուցելու իրավունք չունեն:
Բոլորովին վերջերս հայտնի դարձավ ևս մեկ արգելքի մասին: Բացի փարանջա կրելուց որոշել են ստիպել գեղեցիկ ու գրավիչ աչքեր ունեցող կանանց արևից պաշտպանող մուգ ակնոցներ կրել: Արտահայտիչ աչքերը ակնոցների տակ թաքցնելու կարգադրության կատարմանը հետևելու է կրոնական ոստիկանությունը:
Դիտումների քանակը` 6714