Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայտնի է, որ Հրանտ Դինքին քայլ առ քայլ մահվան տարած խորքային պատճառներից մեկը՝ «Սաբիհա-Խաթունի գաղտնիքը» նրա հոդվածն էր եղել: 2004թ. Ակօսի փետրվարի 6-ի համարում Դինքը բացահայտում է, որ Աթաթուրքի հոգեզավակ ու Թուրքիայի լեգենդար կին ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենը հայուհի է: Նրան Թուրքիայի առաջին նախագահը որդեգրել է, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր ծնողազուրկ երեխաներ հայտնվել էին որբանոցներում: Դինքի պնդմամբ` փոքրիկ հայուհու անունը Խաթուն Սեբիլջյանն է եղել, եւ նրա հարազատները բնակվում են Հայաստանում: Հատկանշական է, որ հոդվածի հրապարակումից հետո հետապնդումներ սկսվեցին Դինքի նկատմամբ, իսկ Թուրքիայի զինված ուժերը պարզաբանումներ պահանջեցին նրանից:
Սաբիհա Գյոքչենը (1913-2001) առաջին թուրք կին ռազմական օդաչուն է: Թուրքիայում նա լեգենդ էր, ազգային հերոս, թուրք կնոջ իդեալական կերպար: Նա աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկն է, առաջին կին ռազմական օդաչուն։ Վարել է 22 տարբեր մոդելի ինքնաթիռներ, ավելի քան 8000 ժամ երկնքում և 32 մարտական թռիչք։ Նրա անունով է կոչվում Անկարայի օդանավակայանը։
Սաբիհա Գյոքչեի մանկության մասին պաշտոնական տեղեկությունները ժլատ են, մշուշոտ։ Ծնվել է 1913թ. մարտի 22-ին, Բուրսայում։ Վաղ տարիքում որբացել է։ 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը, ով սիրում էր այցելել բարեգործական հաստատություններ, նմանատիպ այցերից մեկի ժամանակ լսելով փոքրիկ Սաբիհայի տխուր պատմությունը, որդեգրում է նրան և տանում Անկարա։
1934թ. Թուրքիայում օրենք սահմանվեց ազգանուններ ունենալու մասին, և Քեմալը իր երկնագույն աչքերով հոգեզավակին կնքում է Գյոքչեն (թուրքերեն՝ երկնային) ազգանունով, ինչն էլ գուցեև կանխորոշիչ ազդեցություն ունեցավ Սաբիհայի ճակատագրում (հետագայում հենց Քեմալ Աթաթուրքի կամքով էլ Սաբիհան ստացավ կրթություն ռազմաօդային ասպարեզում)։
Իսկ մինչ այդ փոքրիկ Գյոքչեն ապրում էր շքեղ պալատում՝ Աթաթուրքի որդեգրած մյուս երեխաների հետ։ Աթաթուրքն առանձնապես չէր էլ կարևորում, թե իր հոգեզավակների երակներում ինչ արյուն էր հոսում, կարևորն այն էր, որ նրանք դաստիարակվում էին թուրքական ոգով։
Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների Սաբիհա Գյոքչեի ծնողները բոսնիացիներ են եղել։ Մինչդեռ որոշ տեղեկություններ կան, որ հայտնի օդաչուն թուրքացած հայուհի է և մեկն այն հազարավոր հայ երեխաներից, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին, հայտնվեցին որբանոցում։ Այսպես, 1972թ. Բեյրութում տպագրված «Լեռ և ճակատագիր» գրքում գրող Սիմոն Սիմոնյանը ներկայացնում է Գյոքչեին՝ նշելով, որ նա հայկական ծագում ունի, և որ նրա ընտանիքը Այնթապի Ջիբին գյուղից էր։ Իսկ 2004թ. թուրքական «Ակոս» թերթում տպագրվեց Հրանտ Դինքի հարցազրույցը հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանի հետ։ Վերջինս պնդում էր, որ Սաբիհա Գյոքչեն իր հարազատ մորաքույրն է՝ ներկայացնելով իր մոր՝ Տիրուհու կյանքի պատմությունը։ Տիրուհու հայրը՝ Ներսեսը, և մայրը՝ Մարիամը, Այնթապի Ջիբին գյուղից էին, զոհվել էին ջարդերի ժամանակ։ Ծնողների մահից հետո նրանց անչափահաս աղջիկները՝ Տիրուհին և Խաթունը, հայտնվել էին թուրքական որբանոցում, որտեղ էլ Խաթունին որդեգրել էր Աթաթուրքը։
1946թ. Տիրուհին Սիրիայից այլ հայերի հետ ներգաղթում է Խորհրդային Հայաստան։ Նա շարունակ ցանկանում է կապ հաստատել անվանի դարձած քրոջ հետ, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում։ Հրանտ Դինքն իր «Սաբիհա Գյոքչեի գաղտնիքը» հոդվածում որպես հայկականության ևս մեկ իրեղեն ապացույց, մատնանշում է նաև այն փաստը, որ Սաբիհան տառապել է «երևանյան» կամ «հայկական» կոչված հիվանդությամբ։ «Ակոս» թերթում տպագրված այս բացահայտումը թուրքական հասարակության շրջանում պայթյունին համարժեք ազդեցություն ունեցավ։ Հատկապես հիստերիայի մեջ էին ընկել թուրք ծայրահեղականները, ազգայնամոլները, որոնք մոլեռանդի համառությամբ կրկնում էին. «Աթաթուրքի հոգեզավակը հայ լինել չի կարող»։ Թուրքիայում սկսվեցին Դինքի դեմ ուղղված հալածանքներ։ Նրա հասցեին հնչում էին տարբեր սպառնալիքներ։ Արդյունքում՝ Դինքը հայտնվեց ճաղերի հետևում։
Թուրքական իշխանությունները ալեկոծվել էին։ Հազար ու մի տեսակ հերքումներ էին փորձում փնտրել այս հոդվածի դեմ։ Նախ՝ պաշտոնական հերքում տպագրվեց, հետո փնտրեցին-գտան Աթաթուրքի որդեգրած միակ ողջ մնացած աղջկան։ Ծեր կինը հազար ու մի երդում էր տալիս, որ Սաբիհան չէր կարող հայուհի լինել, քանզի նա հայերեն գրեթե չգիտեր։ Թուրք գենետիկներն էլ իրենց հերթին էին փորձում հերքել հայտնի օդաչուհու` էթնիկ հայ լինելու վարկածը, երկար-բարակ բացատրելով, որ երևանյան հիվանդությունը հանդիպում է նաև արաբների, հրեաների, հույների մեջ։ Մի խոսքով, գերագույն ջանքերը միտված էին ապացուցելու, որ թուրք ժողովրդի պարծանք, հպարտություն համարվող Սաբիհա Գյոքչեն հայ չէ։ Սակայն, միևնույն է, թուրքերի հավատն իրենց ազգային հերոսների և հենց իրենց ծագումնաբանության առումով խարխլվել էր. ամեն ոք փորձում էր ճշտել իր արմատները, էթնիկ ինքնությունը։
Թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլուջին (Բարսեղ Թուղլուջյանը), որ մտերիմ է եղել Գյոքչեի հետ, պնդում է, որ իրականում հայտնի օդաչուն ևս իմացել է իր իսկական ծագման մասին, և իրենց զրույցների ժամանակ մի քանի հայերեն բառեր հիշել։ Այդ մասին տեղեկանում ենք Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքից, որտեղ նույնպես շատ հավանական է համարվում այն վարկածը, որ որ իրականում Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը Հայոց ցեղասպանությունից հետո իսլամացած հազարավոր որբերից մեկն է եղել:
Գյոքչենի պատմությունը հայերի համար եւս մի ողբերգական դրվագով է հայտնի: 1938 թ-ին նա Աթաթուրքի հրահանգով մասնակցել է Դերսիմի կոտորածին,, ռմբակոծելով ցեղասպանությունից փրկված և Դերսիմում հանգրվանած հայերին: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մոտ 100 հազար հայ: Թուրքական Yeni Akit պարբերականը ներկայացրել էր Սաբիհա Գյոքչենի՝ ժամանակին հայտնի թերթերից մեկին՝ Tan-ին տված սկանդալային հարցազրույցը, որում Աթաթուրքի հոգեզավակ, 1915-ի ցեղասպանությունից փրկված հայուհի՝ Խաթուն Սեբիլջյանը պատմում էր, թե ինչպիսի ոգևորությամբ է մասնակցել Դերսիմի կոտորածին…
Իրականում Հայոց ցեղասպանության ընթացքում առևանգված կամ ծնողների սպանդից հետո մի կերպ փրկված հայ երեխաների ճակատագրերը առանձին և լուրջ ուսումնասիրության թեմա են: Ինչպես նշում է Ռուբեն Մելքոնյանը իր «20-րդ դարի ենիչերները. Խեղված ճակատագրեր» աշխատությունում , փրկված երեխաների մի մասին մահմեդականները որդեգրել կամ, ավելի ճիշտ կլինի ասել, վերցրել են որպես ձրի աշխատուժ՝ ճորտ, ստրուկ, հարճ դարձնելու և նման այլ նպատակների համար: Առկա են նաև որոշակի փաստեր, որոնք թույլ են տալիս խոսելու որբ հայ երեխաներից կազմված ենիչերական զորամիավորումների մասին: Հայտնի է, որ տխրահռչակ թուրք զորավար Քազըմ Քարաբեքիրը, արևելյան ճակատում հավաքելով որբ, անտուն, անխնամ մնացած հայ երեխաներին, նրանց տալիս էր ռազմական կրթություն, ինչպես նաև դաստիարակում մոլի «թուրքականության» ոգով: Հենց այս երեխաներից է հետագայում կազմավորվում այսպես կոչված «Երեխաների բանակ» զորամիավորումը: Թուրքական միջավայրում մեծացած և դաստիարակված այդ երեխաները, հետագայում դառնում էին ամենամոլի և դաժան զինվորները , և նույնիսկ զբաղեցնում էին պատասխանատու դիրքեր՝ մինչև կյանքի վերջն այնպես էլ չիմանալով իրենց իսկական ինքնությունը…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 4468