Ռուզաննա Տոռոզյան. « Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը»…/ վիդեո
Մեր զրուցակիցն է՝ ավագանու անդամության թեկնածու, Գորիսի Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը: Նա միակ կինն է Գորիսում աոաջադրված թեկնածուների թվում: ՏԻՄ համակարգում նորելուկ չէ, 2002-ին եղել է Գորիսի առաջին կին ավագանին, այնպես որ լավ գիտի ավագանու անդամի աշխատանքը: Վերջին տարիներին առավել ակտիվ է եղել հասարակական ոլորտում: Ղեկավարում է Գորիսի Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը և իր թիմի հետ իրականացրել բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք նպատակաուղղված են եղել քաղաքի խնդիրների լուծմանը: Այս առումով քաղաքականությունից երբեք չի էլ հեռացել՝ շարունակելով ապրել ու աշխատել համայնքի հոգսերով…
– Այսօր էլ, ինչպես տաս տարի առաջ, Դուք կրկին միակ կին թեկնածուն եք …
– Խնդիրն այն չէ, որ կանայք պիտի որոշակի թվով ներկայացված լինեն որոշում կայացնող մակարդակում, այլ այն, որ ցանկացած օղակ կատարյալ է գործում, եթե առկա է կնոջ և տղամարդու ներկայությունն ու համագործակցությունը: Երբ կինը և տղամարդը կանգնած են ինչ-որ խնդրի առջև, նրանք հարցի լուծմանը տարբեր կերպ են մոտենում. տղամարդը իր տեսանկյունից, կինը `լինելով ընտանիքի մայր, բոլորովին այլ տեսակետ ունի: Այստեղ է, որ դիտարկելով խնդիրը տարբեր տեսանկյուններից հարցին հավասարակշիռ մոտեցում է ցուցաբերվում: Ուստի խոսքը սեռերի միջև պայքարի մասին չէ, այլ` գաղափարների և մոտեցումների համադրման:
– Կին լինելը օգնու՞մ է քարոզարշավի ընթացքում
– Բնականաբար օգնում է, քանի որ հանդիպումների ընթացքում վեր են հանվում կանանց խնդիրները և կանանց կողմից աստիճանաբար ողջունվում է կին թեկնածու տեսնելը: Կարծում եմ` պետք չէ քննադատել տղամարդկանց , որ նրանք դեմ են կանանց ակտիվ գործունեությանը, խոչընդոտւմ են: Խնդիրը կայանում է նրանում, թե որքանով է կինը պատրաստ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար: Նախկինի համեմատ ես նկատում եմ , որ հիմա կնոջ մուտքը քաղաքականություն կանանց կողմից խրախուսվում է, և ավանդական կարծրատիպերը աստիճանաբար կոտրվում են: Այսօր կանանց քաղաքական ակտիվությունը խրախուսվում է նաև կառավարության կողմից. Չէ որ կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման մակարդակում կայուն ժողովրդավարության կարևոր գործոն է:
– Ի՞նչ խոստումներ եք տալիս Ձեր ընտրողներին:
Կարծում եմ, ավագանին չի ընտրվում խոստումներ տալու համար, այլ` աշխատելու: Լինի կին, թե տղամարդ` յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ քաղաքականություն պատահական մուտք չեն գործում: Պետք է գիտակցես` ուր ես գնում, ինչի համար, որն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում:
-Ընտրվելու պարագայում ի՞նչ եք փոխելու:
Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը: Աշխատանքն արդեն փոփոխություն է: Իսկ որպես կին` կարող եմ ասել, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վրիպում են տղամարդու աչքից, կինն այդ հարցում ավելի նրբանկատ է:
Բնականաբար կանանց հուզող հիմնախնդիրներն իմ ուշադրության կենտրոնում կլինեն, ինչպես և նախկինում: Երբևէ համայնքում որևէ խնդիր մեր ուշադրությունից դուրս չի եղել, դա նաև կարելի է տեսնել մեր Կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամի բլոգում /sharavigh.blogspot.com/: Գրեթե ամեն օր տարբեր տեսանյութեր են տեղադրվում` համայնքային հիմնախնդիրների և իրադարձությունների մասին պատմող: Բոլոր տեսանյութերը հեռարձակվում են մարզային,համապետական հեռուստաընկերություններով: Դա մեր “ Շառավիղ“ ակումբում ներգրավված երիտասարդ լրագրողների աշխատանքն է, որի արդյունքում բազմաթիվ տեսանյութեր դրական արձագանքներ ու լուծումներ են ստացել: Ի դեպ, հիմնադրամի ջանքերով ստեղծված բոլոր ակումբներ էլ կարճ ժամանակահատվածում մեծ ձեռքբերումներ են ունեցել:
Մենք միշտ օժանդակել ենք նաև սոցիալապես անապահով կանանց, բազմաթիվ օրինակներ ունենք, որ մշտապես եղել ենք դժվարին իրավիճակներում հայտնված կանանց կողքին: Օրինակ, մեր ձեռքի աշխատանքների ակումբում գործազուրկ 40կին է ներգրավված, ովքեր հուշանվերներ են գործում և գումար վաստակում: Բոլոր աշխատանքները հիմնականում սպառվում են արտերկրում: Դրանով իսկ փորձում ենք լուծել առաջին հերթին գործազուրկ կանանց զբաղվածության խնդիրը, ապա` նպաստել տարածաշրջանում հուշանվերների շուկայի զարգացմանը: Այս հարցերը ՏԻՄ-մակարդակում ներկայացնելը ևս կարևոր է, իսկ այս դեպքում կնոջ հիմնախնդիրները կինն ավելի լավ կպատկերացնի ու կներկայացնի:
Եվ ամենակարևորը` ես թիմային աշխատանքի կողմնակից եմ, սիրում եմ աշխատել թիմով, իմ կողքին մեծ թիմ է, գիտակ ու աշխատասեր թիմ է, որն ունի անհրաժեշտ բոլոր գործիքներն ու հմտությունները լավ աշխատելու համար և պատրաստ է ինձ ամեն հարցում աջակցել:
-Ձեր ուղերձը ընտրողներին…
– Յուրաքանչյուր ընտրություն կարևոր գործընթաց է, այդ թվում նաև ՏԻՄ ընտրությունները: Ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարևորի իր ձայնը և իր ակտիվ մասնակցությունը ունենա ընտրական գործընթացներում` ապահովելով նաև իր մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացում: Կարևոր է նաև հանգամանքը, որ հասարկությունը հանդես գա առաջարկներով, որպեսզի այդ առաջարկությունները ավագանին ապագայում դարձնի համայնքահենք ծրագիր: Պետք է հաշվի առնենք, որ այս ընտրություններից է կախված մեր համայնքի զարգացումը մոտակա տարիներին, ու եթե դրական փոփոխություն ենք ուզում, պետք է խելամիտ ընտրություն կատարենք, ճիշտ ընտրությունը լավ ապագայի նախանշվող ուրվագիծն է…
Զրուցեց ՝ Իրինա Յոլյանը
Դիտումների քանակը` 7358