Ռուզաննա Տոռոզյան. «Մի վախեցեք սխալվելուց կամ պարտվելուց»
WomenNet.am- ի զրուցակից՝ Ռուզաննա Տոռոզյանի մասին մենք գրել էինք ընտրություններից առաջ, իսկ այսօր արդեն կարող ենք շնորհավորել Գորիսի ավագանու անդամ ընտրվելու կապակցությամբ: Ի դեպ, նա միակ կին է քաղաքի ավագանու կազմում:
«Ամենալուրջ խնդիրը հասարակության անտարբերությունն էր»…
Նրան Գորիսում շատերն են ճանաչում՝ տարիներ շարունակ ոչ միայն ակտիվ քաղաքական, այլեւ հասարակական գործունեությամբ է զբաղվում, ղեկավարելով «Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնը»: Մասնագիտությամբ մանկավարժ Ռուզաննան քաղաքականությամբ հետաքրքրվեց 2000-ականից, երբ աշխատում էր Գորիսի քաղաքապետարանում:
«Հենց այդ ժամանակ հասկացա, թե որքան խնդիր կա մեր քաղաքում, սակայն ամենալուրջը հասարակության անտարբերությունն էր: Բնակիչների համար միեւնույն էր, թե քաղաքապետարանն ինչպե՞ս է աշխատում, ավագանին ի՞նչ որոշումներ է կայացնում: Երեւի չէին վստահում կամ էլ հույս չունեին, չգիտեմ, բայց այդ անտարբերությունն ինձ շատ զարմացրեց եւ ես որոշեցի մասնակից դառնալ համայնքի կառավարման գործընթացին եւ փոխել հասարակության վերաբերմունքը ավագանու ինստիտուտի հանդեպ»,- ասում է Ռուզաննան` հավելելով, որ 2003-ին առաջադրվեց ավագանու անդամ եւ ընտրվեց:
Հպարտությամբ պատմում է, որ Գորիսի առաջին կին ավագանու անդամն է: Ավագանու աշխատանքի հանդեպ վերաբերմունքն այնքան լուրջ էր, որ ընտրվելուց հետո թողնելով քաղաքապետարանում իր աշխատանքը հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալեց: Ավագանու գործունեությանը զուգահեռ Ռուզաննան աշխատում էր «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպությունում եւ «Կրթության ազգային ինստիտուտ»-ի Սյունիքի մասնաճյուղում որպես մանկավարժ:
«Այդ ժամանակ հասարակական կազմակերպությունում իմ աշխատանքը հիմնականում վերաբերում էր կրթական ծրագրերին, հետագայում ՝ 2009-ին իմ նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ-ի աջակցությամբ ստեղծեցինք «Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոն», ինչը հնարավորություն տվեց իմ շուրջը հավաքել խելացի, բանիմաց կանանց, ովքեր պատրաստ էին իրենց ուժը ներդնելու եւ աջակցելու համայնքի զարգացմանը», – պատմում է նա:
«Ամենակարեւորը զբաղվածության խնդիրն է»:
Չորս տարվա ընթացքում կենտրոնը ոչ միայն կարողացավ հաստատվել, այլեւ դարձավ բազմաթիվ կանանց համար նոր կյանքի սկիզբ: Ռուզաննան նշում է, որ տարածաշրջանում ամենակարեւորը զբաղվածության խնդիրն է: Համագործակցելով «Թուֆենկյան» հիմնադրամի հետ` հասարակական կազմակերպությունը բազմաթիվ գործազուրկ, սոցիալապես անապահով կանանց ուսուցանեց գորգագործություն: Այնուհետեւ, «Սորոս» հիմնադրամի աջակցությամբ, արհեստանոց հիմնվեց, որ հնարավորություն ընձեռեց ավելի քան վաթսուն կնոջ գորգագործություն սովորել:
Ռուզաննան պատմում է, որ Սյունիքը ժամանակին եղել է գորգագործության կենտրոն, բայց Գորիսի գորգագործական գործարանն ավելի քան տասը տարի չի աշխատում: Այժմ «Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնը» մտադրվել է գործարանը վարձակալել եւ ամենայն հավանականությամբ այն նոյեմբերից կաշխատի եւ երեսունից ավելի կանայք էլ կներգրավվեն գորգագործության մեջ:
«Քառասուներկու կին այսօր ներգրավված են հելունագործության մեջ: Մենք շուկայի խնդիր էլ չունենք, քանի որ համագործակցում ենք մի քանի միջազգային կազմակերպությունների հետ, ովքեր այդ ապրանքն արտահանում են արտերկիր: Պատվերները շատ-շատ են ու խումբն անընդհատ համալրման կարիք է ունենում: Մենք կարող ենք պարբերաբար այդ կանանց ուսուցանել եւ լուծել զբաղվածության խնդիրը»:
«Չընտրվելու միակ մեղավորն ես էի»:
Հասարակական գործունեության մեջ ունեցած հաջողություններին զուգահեռ Ռուզաննան քաղաքական կյանքում ձեռք բերած հաղթանակից հետո ճաշակեց նաեւ պարտության դառնությունը. 2005-ին նա երկրորդ անգամ առաջադրվեց, սակայն չընտրվեց: Ասում է` միակ մեղավորն ինքն էր: «Այդ ժամանակ շատ ավելի ինքնավստահ էի: Առաջին անգամ, որ առաջադրվեցի` քարոզարշավ էի կազմակերպել, թաղային, անհատական հանդիպումներ ունեցա, մարդկանց ներկայացա, պատմեցի, թե ի՞նչ ծրագրեր ունեմ, ի՞նչ եմ ուզում անել, երկրորդ անգամ նման հանդիպումներ չկազմակերպեցի: Մտածեցի`արդեն ճանաչում եմ ձեռք բերել: Իմ կատարած աշխատանքի վերաբերյալ չէի իրազեկել մարդկանց եւ նրանց մեծ մասը չգիտեին, որ իրենց հուզող այս կամ այն հարցը լուծվել էր իմ շնորհիվ»:
Նախորդ ընտրություններից դասեր քաղելով, այս անգամ նա քարոզարշավին շատ լուրջ է մոտեցել. ոչ միայն թաղային հանդիպումներ է կազմակերպել, այլեւ բուկլետներ հրատարակել ու իր անցած գործունեության վերաբերյալ քաղաքական տեսահոլովակ նկարահանել, որը ոչ միայն ցուցադրվել է հեռուստատեսությամբ այլեւ բաժանվել բնակիչներին:
Բացի հասարակական գործունեությունից, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնը» Կապանի եւ Մեղրիի համանուն կենտրոնների հետ աջակցել են Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի երեսունյոթ կին թեկնածուներին: Մինչ ընտրությունները, հանդիպել են թեկնածու կանանց հետ` ոգեւորել, խորհուրդներ տվել, քաջալերել:
«Քարոզարշավին նրանց համար քաղաքական հոլովակներ նկարահանեցինք, տեղեկատվական բուկլետներ հրապարակեցինք, որպեսզի կարողանանք համայնքի բնակիչներին իրազեկել թեկնածուների մասին», – ասում է Ռուզաննան:
« Որ համայնքի յուրաքանչյուր բնակիչ զգա՝ իր ձայնը հասանելի է»:
Գորիսում ավագանու թեկնածուի տասնհինգ տեղի համար առաջադրվել էր քսանհինգ հոգի. միակ կինը կրկին Ռուզաննան էր: Նա պատմում է, որ ընտրություններում հաղթանակը նպատակին հասնելու միայն առաջին քայլն է: Առջեւում երկարամյա ծանր աշխատանք է սպասվում, որից օգուտ պետք է քաղեն բոլոր գորիսեցիները:
«Հասարակական կազմակերպությունում կշարունակենք կանանց նվիրված աշխատանքները: Մենք երկու կարեւոր ուղղվածություն ունենք` մեկը գենդերային հավասարությանն ուղղված գործունեությունն է տարածաշրջանում, երկրորդը՝ պետք է կրթենք տարածաշրջանի կանանց, օգնենք նրանց իրենց տեղը գտնելու»:
Ինչ վերաբերում է ավագանու գործունեությանը, ապա Ռուզաննան պատրաստվում է քառամյա ծրագրի քննարկմանը: Ունի բազմաթիվ գաղափարներ ու առաջարկություններ:
Իսկ թե ո՞րն է ավագանու աշխատանքի հաջողության գրավականը հարցին պատասխանելիս , Ռուզաննան երկու կարեւոր հանգամանք է առանձնացնում:
«Նախ կապեր ստեղծել: Բոլոր ոլորտներում պետք է համախոհ գտնես եւ կապեր հաստատես: Իմ աշխատանքի բնույթից ելնելով բազմաթիվ կապեր ունեմ, որոնք եւ օգտագործում եմ ինչ-որ խնդիրներ լուծելու, առաջ տանելու համար: Երկրորդը` ավագանին չպետք է իր կապը կտրի համայնքի հետ: Բոլոր մեխանիզմները պետք է օգտագործել, որպեսզի համայնքի յուրաքանչյուր բնակիչը զգա, որ իր ձայնը հասանելի է»:
«Տանը նստելով ինքնագնահատականը չի բարձրանա»
Ռուզաննան ասում է, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ իր ինքնավստահությունն ավելի է բարձրացել: «Գիտելիքների մեծ պաշար ունեմ, փորձս ավելի շատ է, հմտացել եմ: Եթե դու տասնհինգ հոգու մեջ միակ կինն ես` պետք է պատրաստված լինես, քանի որ դու միայն քեզ չես ներկայացնում, դու մի ամբողջ կանանց համայնք ես ներկայացնում եւ քո սխալը կընկալվի որպես բոլոր կանանց սխալ», – ասում է Ռուզաննան` հավելելով, որ հաջողության չէր հասնի, եթե չլիներ ընտանիքի աջակցությունը:
«Ամուսինս ինձ միշտ աջակցել է: Նախորդ ընտրությունների ժամանակ է իմ կողքին էր, ցավոք, այսօր նա հանրապետությունում չէ, արտագնա աշխատանքով մեկնել է Ռուսաստան եւ այս անգամ չկարողացավ ինձ օգնել, սակայն նա հեռվից էլ ինձ ոգեւորում է, միշտ գտնում է անհրաժեշտ խոսքեր ինձ աջակցելու, եւ, երբ իրեն ասացի, որ որոշել եմ կրկին առաջադրել թեկնածությունս, նա ողջունեց»,- ասում է Ռուզաննան:
Թե ի՞նչ խորհուրդ կտար այն կանանց, ովքեր ունեն պոտենցիալ` դառնալու ավագանու անդամ, սակայն չեն համարձակվում կամ չեն կարողանում արգելքներ հաղթահարել, Ռուզաննան ասաց.
«Խորհուրդ կտամ համագործակցեն ներկա ավագանիների հետ, մասնակցեն նիստերին, քննարկումներին: Այսօր հասարակական սեկտորը շատ ակտիվ է, գոնե հասարակական գործունեություն ծավալեն, եւ այդ կերպ ձեռք բերեն փորձ ու ակտիվություն: Այդ ամենը արդյունք կտա: Տանը նստելով ինքնագնահատականդ չի բարձրանա: Մի վախեցեք սխալվելուց կամ պարտվելուց: Պետք է փորձես քիչ-քիչ քայլերով առաջ գնալ: Ես իմ փորձից եմ ասում: Երբ ամուսնացանք` ամուսինս ասում էր` դու չես աշխատելու: Պետք է զուգահեռ աշխատանք տանես նաեւ ընտանիքի անդամների հետ, համոզելով նրանց, որ կարող ես առաջ գնալ: Կարծրատիպեր կան ու հայ տղամարդը մտածում է, որ լավ է, երբ կինը տանն է, երեխաներին մեծացնում է: Բայց ես կարողացա հասնել այն բանին, որ այսօր ես ավագանու անդամ եմ եւ հասարակական կազմակերպության ղեկավար: Գիտեք սոցիալական վիճակն էլ է նպաստում, երբ ամուսինը տեսնում է, որ կինն օգնում է, ընտանիքի հարցերը լուծում, ինքը դրանից ավելի է ոգեւորվում»:
Հասմիկ Հարությունյան
Գորիս-Երեւան
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Ռուզաննա Տոռոզյան. « Աշխատելու եմ, սա է հենքային գործոնը»…/ վիդեո
Դիտումների քանակը` 4811