Ռեյտինգային ընտրակարգը փողատեր տղամարդկանց դեմք ունի
Կենտրոնական ընտարական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, ՀՀԿ-ն նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։ Այդ մանդատների ուղիղ կեսը բաժին են ընկնում ռեյտինգային ցուցակներով ամենամեծ թվով ձայներ հավաքած պատգամավորներին: Դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք բացառապես տղամարդիկ են: Ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան է անցել միայն մեկ կին՝ Մանե Թանդիլյանը «Ելք» դաշինքից, ով առաջադրվելով թիվ 1 ընտրատարածքում կարողացել է ապահովել 5110 ձայն իր դաշինքի համար:
Տարածքային ցուցակներում ընդգրկված կանանցից ևս երկուսը 4-5 հազար ձայներ են հավաքել, սակայն նրանց դեպքում դա բավարար չէր խորհրդարան անցնելու համար: Լոռու մարզի թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված Լուսինե Մեջլումյանը ստացել է ր 4722 ձայն , Առուստամյան Նորան «Ծառուկյան» դաշինքից Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում հավաքեց` 4789 ձայն: Նշենք, որ անկախ նրանից քանի ձայն են ապահովել իրենց կուսակցությունների համար կանայք, ռեյտինգային ընտրակարգով խորհրդարան են անցած գրեթե բոլոր թեկնածուները 5- 10 հազարի կարգի եւ ավելի ձայներ են հավաքել:
Շատ քիչ կին թեկնածուներ են, որ 1000 քվեից ավելի են ստացել: Երևանում թիվ 1 ընտրատարածքում Բաթոյան Զարուհին հավաքեց 1639 ձայն, թիվ 3 ընտրատարածքում Հեղինե ԲիշարյանըՀՎԿ-ից՝ 1621 ձայն, Պետրոսյան Նունեն ՀՅԴ-ից 1191 քվե ստացավ թիվ 12 ընտրատարածքում, Եսայան Ալվարդը՝ «Ծառուկյան» դաշինքից թիվ 3 ընտրատարածքում 1138 ձայն, Նաիրիա Բախշյանը՝ «Ծառուկյան» դաշինքից թիվ 12 ընտրատարածքում՝ 2467 ձայն, Ջեմմա Հարությունյանը՝ ՀՀԿ-ից թիվ 11 ընտրատարածքում՝ 1005 ձայն) Մարգարյան Աննան «Ծառուկյան» դաշինքից թիվ 10 ընտրատարածքում՝ 1052 ձայն, Այծեմնիկ Օհանյանը «Ծառուկյան» դաշինքից թիվ 9 ընտրատարածքում՝ 1628 ձայն, Դանիելյան Ռուզաննան՝ «Ծառուկյան» դաշինքից թիվ 9 ընտրատարածքում՝ 1322 ձայն), Ռուզաննա Հակոբյանը՝ ՀՀԿ-ից թիվ 8 ընտրատարածքում՝ 1398 ձայն:
1000 քվեին մոտեցել են Լիլիթ Եղիազարյանը՝ «Ելք»-ից (թիվ 11 ընտրատարածքից, 963 ձայն), Մելքոնյան Նարինեն՝ «Ծառուկյան» դաշինքից (թիվ 10 ընտրատարածք, 923 ձայն), Անուշ Պողոսյանը՝ ՀՀԿ-ից, (թիվ 8 ընտրատարածք, 923 ձայն), Սյուզաննա Գրիգորյանը՝ «Ծառուկյան» դաշինքից (թիվ 5 ընտրատարածք, 950 ձայն): Մնացած կանայք հազարից քիչ ձայներ ստացան:
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ռեյտինգային ընտրակարգը շատ ավելի անբարենպաստ գտնվեց կանանց համար քան նախկին մեծամասնականը:
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի խոսքով, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումն, ինչը ներկայացվում էր որոպես առաջընթաց , ճիշտ հակառակ արդյունքի բերեց՝ գործնականում հանգեցնելով 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակագի, որտեղ ամեն ինչ որոշվում է ռեյտինգային թեկնածուների ձայներով, իսկ կուսակցություններն ընդհանրապես համարյա դեր չեն խաղում:
Մի շարք քաղագետներ արդեն իսկ որակել են անցած խորհրդարանական ընտրությունները որպես փողի ու ավելի շատ փողի միջև գործարք ու առևտուր: Այդ առևտրում քաղաքական ուժերն ու թեկնածուները գնորդներն էին, ընտրողները՝ ձայն վաճառողները:
Տարածքային ցուցակներում ընդգրկված կանայք գնորդ չդարձան, փող չառաջարկեցին և որպես արդյունք պարտվեցին: Նրանք առաջարկում էին քաղաքական պրոցեսներին նոր որակ հաղորդելու ծրագրեր, հոգսառատ քաղաքացու կողքին լինելու ցանկություն ու պատրասատակամություն: Սակայն այս արժեքները պահանջված չէին… Ցայտուն օրինակ է Երևանի թիվ 3 ընտրատարածքում (Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ) նույնիսկ հազար քվե չստացած Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի պարտությունը, ով վերջին մի քանի տարիներին եղել է իր խնդիրների մասին ահազանգող ցանկացած երևանցու կողքին, հետամուտ եղել այդ խնդիրների լուծմանը: Նշենք, որ այդ ընտրտարածքում 42 հազար քվե է ստացել գործարար Ալեքսանյան Սամվելը ՀՀԿ-ից , ով «Parliament monitoring»-ի տվյալներով հինգ տարի «լռող» պատգամավորների շարքին է դասվում:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի բնորոշմամբ հասարակությունը առաջնորդվել է «քվեարկում ենք ոչ թե սրտով, այլ ստամոքսով» սկզբունքով: Այսինքն, մարդիկ քվեարկում են ոչ թե գաղափարախոսության համար այլ անձով պայմանավորված կամ պահի շահով: «Պահի շահ ասելով` նկատի ունեմ փոխել շենքի մուտքի դուռը, տան պատուհանը, գյուղում ճանապարհն ասֆալտապատել և այլն: Գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս ուղղությամբ աշխատել են»,- ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փողի դերն այս ընտրություններում ակնհայտ մեծ է եղել: Հիմնական մրցակցությունը տեղերում շատ ժամանակ ծավալվել էր նույն քաղաքական ուժի փողատեր ներկայացուցիչների միջև, և կանայք, ովքեր մեծ բիզնեսում ներգրաված չեն, ուղղակի դուրս են մնացել այդ պայքարից: Ընդ որում ոչ միայն կանայք, նույնը վերաբերվում է նաև բուժհաստատություն չգլխավորող, գործարաններ ու սուպերմարկետներ, մարզպետ ու բիզնեսմեն եղբայր չունեցող, գործարար աներ կամ պաշտոնյա հայր չունեցող տղամարդ թեկնածուներին:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3261