Ռազմի դաշտում բոլորը հավասար են…

 

– Աշակերտս` Ավետիսյան Գոռը` “Արաբո” ջոկատի զինվոր  էր, Ղարաբաղցյան Էդուարդը նույնպես մարտի դաշտում էր,  երկուսն էլ առաջիններից էին, որ մեկնեցին ճակատ, այսօր նրանք  չկան: Նրանք այնտեղ, իսկ ես …. Արցախյան պատերազմի մասնակից, Մարտակերտի 5-րդ բրիգադի կամավոր Ժենյա Սարոյանը պարերազմի մասին չի սիրում խոսել…

 

 

 

 

–          … Իմ պապերը Անիից են: Մայրս ու քեռիս  Եղեռն են ապրել: Մայրս հաճախ էր պատմում կոտորածների մասին… իմ մեջ մի ուրիշ հայրենասիրություն էր, կարծես, հողի կանչն էր, որ տարավ ինձ ճակատ:

 

 

 

Որոշումն արդեն կայացրել էր ու էլ ոչինչ չէր կարող ետ պահել: Այն անակնկալ էր, թե ընտանիքի անդամների, թե ընկերների, թե Երևանի թիվ 137 դպրոցի  աշակերտների համար, որտեղ նա երկար տարիներ ֆիզկուլտուրա էր դասավանդում:

 

 

–          Դիմեցի մահապարտների ջոկատ և ընդունվեցի: Ինստիտուտում սովորելու տարիներին ամեն բան էլ տեսել էինք, անատոմիկում էլ ենք մտել, բայց իրական պատերազմն այլ է:  Պետք է քո մեջ մեծ ուժ գտնես ու հաղթահարես վախը:

 

 

Այսպես 5-րդ բրիգադի հետ սկսվում է տիկին Ժենիայի ազատագրական պայքարը` Հադրութ, Մարտակերտ: Դրանց շարքում 1994-ի արյունոտ կիրակին` հունվարի 9-ը.

 

 

–          Ամենաշատ զոհերը տվեցինք այդ օրը: Պետք է ազատագրեինք Մաղավուզը, որպեսզի առաջ շարժվեինք, դեպի Մատաղիս:  Այդտեղ հայի իսկական ոգին էր երևում. երեք շարքով հակառակորդի հարձակման գոտին էր,  իսկ մերն ընդամենը մեկն էր:  Ուժեղ ոգու ու միասնականության շնորհիվ էր, որ հաղթանակ տոնեցինք…

 

 

Պատերազմի դաշտում բոլորը հավասար են, համոզված է տիկին Ժենյան, այնտեղ այլ առաջնային խնդիրներ կան, կյանքի պայքար է:

 

 

–          Պատերազմում կին-տղամարդ չկար: Հազար փառք իմ Մհերիկին, ինքը 20 տարեկան էր, “պլաշ- նակիդկեն” չորս կողմով փայտերը խբում էր,  դույլով ջուր էր տաքացնում, որ ես լվացվեմ: Պահ է եղել` 3 օր տեղից չենք շարժվել, բայց  ուտել ես ուզում, ջուր, անգամ այդ պահին, եթե մեկի գրպանում մի հատ շաքար է եղել, մեզ են տվել… Մեկը բոլորի, բոլորը` մեկի, կապ չուներ սոված, թե` կուշտ,  առաջինը քեզ համար զենքն էր, պետք է 1500 փամփուշտ շալակես, քանի որ այդ պատրոնն է քո կյանքը պահողը, քո ընկերոջ կյանքն ապահովողը:

 

 

Պատերազմը շատ մարդկանց էր միավորել.

 

–          Դու չես ընտրում, թե ում հետ ես այդ պահին խրամատում գտնվում. մեկը կարող է պատմել, թե քանի տարի է բանտում անցկացրել, մյուսը տեղի հեղինակության մասին, ունեինք և ասպիրանտուրա ավարտած  Արթուրը` ռազվեդկի պետը…, բայց մարտնչող ոգին բոլորիս մեջ էր: Զինվոր կար,  որ շոր չէր փոխում, ասում էր` մինչև հաղթանակը չտեսնեմ… ես պիտի հաղթեմ:

 

 

Տիկին Ժենյան պատմում է և իր մարտական ընկերուհու` Անոյի մասին, ով չնայած տարիքով իրենից փոքր էր, բայց շատ խիզախ աղջիկ էր: Այսօր Անոն` Անահիտ Վարդանյանը շարունակում է իր ծառայությունը զինված ուժերում:

 

 

Հիշողությունները  հաջորդում են մեկը մյուսին. Ներսեսի` սվյազի պետի վիրավորվելը, այն մինամյոտը, որ պայթեց իր և Անոյի մեջտեղում, Վաղոյի վերջին խնդրանքը, թուրքերի մոտից մահացած զինվորի մարմնի ետ բերելը, իր աշակերտը, որ իր աչքի առջև մի վայրկյանում մոխրացավ…

 

 

–          Մատաղիսի հաղթանակից հետո, գնում էի  դեպի Արեգա սարը, տեսնեմ մեկին իջեցնում են ու փսփսում, թե` Ժենիային չասեք…. Մհերիկիս էր, զոհվել էր, հարվածն ուղիղ սրտին էր կպել: Առաջին անգամ իմ արցունքները այդտեղ տեսան:  Տաք արյունը լցվես ձեռքերիս վրա… ես երբեք չեմ կարողանում Մհերի կամ Վաղոյի գերեզման գնամ…

 

 

Տիկին Ժենյան հիշում է, որ մի օր, դեռ պատերազմը չէր ավարտվել, եկել էր Երևան և տրոլեյբուսի մեջ մի կին մեղադրելով ասաց` որդիս մահացել է, իսկ դու ողջ ես:

 

– Չկարողացա ոչինչ ասել, ճանաչում էի նրա որդուն…

 

 

Պատերազմից հետո ավելի բարդ էր բանակում ծառայելը, ասում է տիկին
Ժենյան, ով հրադադարից հետո, շարունակում է ծառայությունը և մասնակցում բանակաշինության մեծ գործին: Գումարտակի հրամանատար է եղել, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

 

 

1997-ից մինչև 2001թթ-ը ղեկավարել է Մարջալիում  բացված առաջին ուսումնական կենտրոնը: Այդ տարիների ընթացքում 59 պրիսյագ է ընդունել: Այսինքն հազարավոր պատանիներ.

 

 

–          Ամեն մեկը մի բնավորություն ուներ, պետք է ամեն բան կազմակերպեիր, կարգապահություն,  սնունդ,  մեկը հիվանդանում է… վերջում պետք է նրանց միջից և ճիշտ ընտրությունն արվեր…

 

 

Հետագայում նա  տեղափոխվում է Կուբաթլի , իսկ 2007թ.-ին զորացրվում է: Այստեղ է, որ  կրկին նոր փուլ է սկսվում նրա  համար, և այն  նույնպես պետք էր հաղթահարել.

 

 

Բանակային կյանքից հետո, շատ դժվար էր այստեղ ադապտացվել, հիշում է տիկին Ժենյան, ում օգնության է հասնում սիրելի դպրոցը և երկար տարիների ընդմիջումից հետո, նա վերադառնում է  թիվ 137 դպրոց, որտեղ և մինչև վերջերս դասավանդել է:

 

 

Այժմ տիկին Ժենյան վայելում է արժանի հանգիստը: Իսկ պատերազմի մասին իրոք խոսել չի սիրում, վաստակած պարգևների մասին էլ… Ասում է. այն ինչ պատմում եմ ընդամենը հուշեր են,  դրվագներ , ոչ պատերազմը: Կռված մարդը երբեք չի կարողանա պատերազմի մասին պատմել…

 

 

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 5786

Գլխավոր էջ