Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»
«Կանայք կառավարման վերին մակարդակում չնչին մաս են կազմում` ես նկատի ունեմ քաղաքական ու հայեցողական պաշտոնները: Ես չեմ գտնում, որ բնական է, երբ 66 փոխնախարար կա և ընդամենը 5-6 կին», – Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Նրա խոսքով, կանանց մասնակցությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ հարկավոր է հասկանալ, որ կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են մոտենում առկա խնդիրներին, և հաշվի առնելով երկու սեռերի կարծիքները կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել բոլոր մակարդակներում ` սկսած ծրագրի որոշումից, ընդունումից մինչև դրա իրագործումը:
«Այս տեսակետից իմ կարծիքով, երեք կարևոր խնդիր կա , որ պետք է լուծենք. Կառավարությունում ` քաղաքական բարձր պաշտոններում պետք է կանայք և տղամարդիկ քիչ թե շատ հավասարակշռված լինեն, բացի այդ խնդիր է, որ Ազգային Ժողովում մենք այսօր ունենք կանանց շատ ցածր ներկայացվածություն… Խնդիր է նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, որտեղ կանանց և տղամարդկանց մասնաբաժնի միջև առկա է հսկա տարբերություն: Եվ ասածս ոչ թե այն է, թե բերենք կանանց պաշտոններ տանք, այլ նրանց ներուժը մտածված օգտագործենք»,- ընդգծեց տիկին Հասրաթյանը:
Անդրադառնալով կանանց ներկայացվածությանը ՏԻՄ-երում , Panorama.am-ի զրուցակիցը նկատում է , որ նրանց 8.4 տոկոսը ավագանիներում բավարար համարել չի կարելի:
«Բայց ամենաանընդունելին նա է, որ Հայաստանի 915 համայնքներից միայն 19-ի ղեկավարներն են կանայք, իսկ քաղաքային համայնքներում ոչ միայն ղեկավար, հաճախ անգամ կին ավագանու անդամ չունենք; Արդյոք սա նշանակում է, թե մի շարք քաղաքներում` Էջմիածնում, Աբովյանում և այլն, որտեղ կին ավագանու անդամներ չկան, կանանց մտավոր ռեսո՞ւրսն է սակավ, իհարկե ոչ» :
Այն, որ հատկապես ավագանիներում կանանց թվի ավելացումը կարող է բավականին հաջողությունների բերել ընդհանուր կառավարման մակարդակում, դրանում տիկին Հասրաթյանն ուղղակի չի կասկածում…
Ինչ վերաբերում է այս խնդրում ազգային մտածելակերպի` մենթալիտետի ազդեցությանը, ապա Ջեմմա Հասրաթյանի կարծիքով, նման խնդիր մենք իրականում չունենք և մարդիկ դա ուղղակի հորինել են, քանի որ այդպես հարմար է:
Հիշեցնելով, որ դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին հայ մեծագույն մտավորականները առաջ քաշեցին կանանց ներգրավման խնդիրը և հետագայում էլ հենց տղամարդիկ ընտրելու հնարավորություն ընձեռեցին կանանց, Ջ.Հասրաթյանը նկատեց.
«Ի՞նչը փոխվեց , ի՞նչ մենթալիտետի մասին է խոսքը… Մտացածին միֆ են ստեղծում, որպեսզի կանանց դուրս բերեն այս շարքից և տղամարդիկ մնան իշխանության»:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.
Դիտումների քանակը` 4752