Ջեմմա Բաղդասարյան. «Չեմ կարող ասել, որ հեշտ է, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը»
Ջեմմա Բաղդասարյանը Հայաստանի այն եզակի կանացից է, ով երկար տարիներ աշխատել է ղեկավար պաշտոններում` շուրջ 17 տարի զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետի, իսկ 2009-ից` նախարարի տեղակալի պաշտոնը: Ինչպես նա նշեց WomenNet-ի թղթկացի հետ զրույցում, շատ է սիրում իր աշխատանքը և ապրում է դրանով:
– Եթե հետադարձ հայացք եք գցում Ձեր անցած ուղղուն` ապա , որպես կին, ի՞նչ դժվարություններ եք ստիպված եղել հաղթահարել :
–Որպես կին ես խնդիր չեմ ունեցել: Իհարկե, եղել են դժվար, լարված, մարտահրավերներով լի ժամանակներ, բայց կին լինելու հանգամանքը երբևէ չի խանգարել: Ասեմ ավելին` կոլեկտիվում կանանց ներկայությունը մեծապես օգնում է արյունավետ աշխատանքին: Չեմ ընդունում «տղամարդ կին» բնորոշումը: Կինը չպետք է կորցնի կանացիությունը, միաժամանակ մնալով պահանջկոտ ղեկավար և լավ կազմակերպիչ:
-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր նորից վերապրել անցած տարիները, ինչ-ոչ բան կփոխեի՞ք:
– Կարծում եմ, շատ բան չէի փոխի, որովհետև իմ խառնվածքն է դա պահանջում: Մարդկանց հետ աշխատել, խնդիրներ վեր հանել, որոշումներ ընդունել, ակտիվ գործունեություն ծավալել` սա է իմը: Ես ապրում եմ այդ ամենով, շատ եմ սիրում իմ աշխատանքը: Չեմ կարող ասել, որ հեշտ է, ոլորտը բազում խնդիրներ ունի. հաշմանդության, տարեցների, ծերացման, բազմաբնույթ այլ հարցեր, բայց ես սիրում եմ նաև դժվարություններ հաղթահարել:
-Շատերը ասում են, թե կին- պաշտոնյան և ընտանիքը անհամատեղելի են: Ձեր ընտանիքը տուժե՞լ է այս հարցում:
–Պաշտոնյա կանայք, իհարկե, որոշակի դժվարություններ ունենում են: Սակայն իմ բախտն այդ առումով բերել է: Ես ապրել եմ սկեսուրի, սկեսայրի, տալիս հետ: Ամբողջ կյանքը մենք միասին ենք ապրել և ընտանիքիս անդամները միշտ ըմբռնումով են մոտեցել իմ զբաղվածությանը, գործուղումներին, նաև տանը` երեկոյան ժամերին, հանգստյան օրերին աշխատանքային խնդիրներ լուծելուն: Ամենամեծ աջակցությունը միշտ ստացել եմ ամուսնուցս, որն իմ ամենալավ ընկերն է և միշտ ինձ լավ է հասկացել: Բայց պետք է ասեմ, որ ես ինքս ևս ամեն ինչ անում եմ, որպեսզի ընտանիքս չտուժի: Աշխատանքի վայրում ես ղեկավար եմ, իսկ տանը կին, հոգատար մայր: Փորձում եմ յուրաքանչյուր օրը հետաքրքիր դարձնել: Շատ եմ սիրում խոհանոց, հետաքրքիր ուտեստներ եմ պատրաստում նաև իմ սեփական բաղադրատոմսերով, ինչը հաճույքով է ընդունվում ոչ միայն ընտանիքիս անդամների, այլև մեր բազմաթիվ ընկերների կողմից :
Ունեմ երկու որդի, նրանք կայացել են, աշխատում են ընտրած մասնագիտություններով: Մեծ տղաս մեզ երկու հրաշք թոռնիկ է պարգևել: Եթե հանրագումարի բերեմ ասածս, ապա` ցանկացած կնոջ համար առաջնայինն ընտանիքն է, սակայն ոչ պակաս կարևոր է աշխատանքում ևս կայանալը, ինքնազարգացումը, պատասխանատվությունը վստահված գործի հանդեպ:
– Տիկին Բաղդասարյան, ձեզ իրոք հաջողվել է կայանալ եւ աշխատանքում, եւ անձնական կյանքում: Սակայն Հայաստանում քիչ չեն այն ընտանիքները, որտեղ կինը գրեթե ձայնազուրկ է, պարտավոր է միայն տան գործերով զբաղվել, երեխաներին պահել և այլն: Ի՞նչ կասեք այդ մասին և առհասարակ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գենդերային հավասարությանը հասնելու հեռանկարը:
-Իհարկե, եթե ասենք այդ առումով պրոբլեմներ չկան `սխալ կլինի: Վերջին տարիներին կառավարությունը, մեր նախարարությունը, հասարակական կազմակերպությունները մեծ աշխատանք են տանում` գենդերային հավասարության, կնոջ դերի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Դա միայն կնոջ խնդիրը չէ, ամբողջ հասարակության խնդիրն է: Պետք է փաստեմ, որ այս առումով որոշակի առաջընթաց կա: Այսօր ունենք ակտիվ կանայք ԱԺ-ում, կառավարությունում, տեղական ինքնավարման մարմիններում, բիզնես միջավայրում, նրանցով մենք հպարտանում ենք: Այլ բան է, որ կնոջ հսկայական պոտենցիալը դեռևս լիարժեք չի օգտագործվում և մենք դեռ շատ անելիքներ ունենք:
-Ոստիկանության տվյալներով`անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել: Ձեր գնահատականը այդ երևույթի նկատմամբ:
Այստեղ պետք չէ թվերով խոսել, մեկ դեպքն էլ արդեն իսկ շատ-շատ է: Երևույթն է ահավոր: Պետք է ամեն ինչ անել նման երևույթները կանխարգելելու և մեղավորներին պատժելու համար:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր հանդիպում եմ արգելքների, պատնեշների:
-Պետք չէ դժվարություններից վախենալ: Լավ կլինի, որ մեր երիտասարդները մինչև ամուսնանալն այդ հարցը քննարկեն իրենց ընտրյալի հետ: Սակայն հետո էլ ուշ չէ: Պետք է ընտանիքում խորհրդակցել, բացատրել, հասնել փոխըմբռնման: Եթե կինն իրոք ցանկանում է աշխատել, կայանալ, վստահ է իր ուժերին, կարող է հաջողության հասնել:
Ա.Հակոբյան
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Դիտումների քանակը` 9617