Պռոշյանում կին թեկնածուն պարտվել է

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարում կին անկուսակցական թեկնածուն՝ Արմենուհի Մելիքյանը պարտվել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ակյքէջում հրապարակվել են երեկ տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքները: Դրանց համաձայն, Արմենուհի Մելիքյանի օգտին քվեարկել է 218 ընտրող: ՀՀԿ կողմից առաջադրված գործող համայնքապետը՝ Արթուր Մուրադյանը ստացել է 1792 ձայն:

 

Մեկ այլ  կին  թեկնածուն՝ ինքաառաջադրված անկուսակցական ուսուցչուհի Վահանուշ Մելիքյանը, ով  պայքարում էր Գեղարքունիքի Ազատ համայնքում ավագանու կազմում ընդգրկվելու համար, համաձայն նախնական տվյալների,  իր հինգ մրցակիցներից  առավել շատ ձայներ է ստացել:   Նա գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհի է:  Ի դեպ, Ազատ գյուղի գործող  ավագանու հինգ անդամից  երեքը կանայք են: Նոր ձևավավորվող ավագանու կազմում ընդամենը մեկ կին կլինի:

 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից 1-ը և ավագանու անդամի 5 թեկնածուներից 1-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:  Թեկնածու մեկ կին էլ ինքնաբացարկ էր հայտնել: Շիրակի մարզի Բայանադուր գյուղում համայնքապետի ընտրության հետագա պայքարից հրաժարվել էր Անի Գրիգորյանը: Նա գյուղապետարանում որպես համակարգչային օպերատոր է աշխատում:

 

Նկատենք, որ  ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 9 համայնքներից 3-ում քվեարկվել է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և 2 համայնքում` 3 թեկնածու: Հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:

 

ՏԻՄ հաջորդ ընտրությունները Հայաստանում կկայանան աշնանը, խոշորացվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններ կընտրեն նոյեմբերի  5-ին:

Մինչ այդ՝ հաջորդ կիրակի Լոռու մարզի Լեջան գյուղում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակված: Գրանցված 5 թեկնածուների թվում կին չկա:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից երկուսը կանայք են

 

Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը

Դիտումների քանակը` 3127

Գլխավոր էջ