Պեմզաշենի կանայք

 Տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, և ընտանիքի ամբողջ բեռը կինն է տանում իր ուսերին…

Պեմզաշենը Արթիկի տարածաշրջանի գյուղերից է: Նախկինում ունեցել է Կարմիրքենդ, Մածմուջու, Մախմուջուխ, Մահիուջուկ, Մահմուղջուկ, Մահմուտճուղ, Մայմուջուղ անվանումները: Պեմզաշեն է վերանվանվել 1940 թ-ին: Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` համայնքն ունի 329 տնտեսություն, 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ` 2989 մարդ: Պեմզաշենի կանայք կազմում են տեղի բնակչության 56%-ը::

 

 

Ինչպես բնորոշ է մյուս գյուղերին, Պեմզաշենում էլ կանայք հիմնականում տնային տնտեսուհիներ են`զբաղվում են հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով,  անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

 

 

«Կանայք… ու ոչ միայն… տղամարդիկ էլ, հիմնականում անգործ են: Ընտանիքները պահելու համար արտագնա աշխատանքի են մեկնում: Ես ինքս աշխատանք ունեմ, սակայն իմ շրջապատի մարդկանց մեծամասնությունն անգործ է»,-WomenNet.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց  համայնքի ընտանեկան բժշկուհի Սոնա Հովհաննիսյանը,-«Տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի և ընտանիքի ողջ բեռը մնում է կանանց ուսերին»: Նա նշեց, որ աշխատելու ցանկություն շատերը ունեն, սակայն տեղ չկա.  «Ժամանակին կարի ֆաբրիկա կար»: Ս.Հովհաննիսյանը հավելեց նաև, որ չնայած դժվարություններին համայնքում ծնունդների թվի աճ է արձանագրվում:

 

 

«WomenNet»-ի մյուս զրուցակիցն էլ այսպես դժգոհեց. «Պեմզաշենի կանանց կյանքը կյանք չի, որ ապրում են: Էսի կյանք չի, ապրել չի… Ահավոր ա, պայմաններ չկան, աշխատանք չկա… Իմ ամուսինս ազատամարտիկ է եղել, զոհվել ա, իրա կյանքը հայրենիքի համար է տվել… Բայց էսօրվա դրությամբ իրա ընտանիքը չի կարողանում նորմալ ապրի: Տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի… կանայք էլ, որ տեղ լինի, գոնե ստեղ կաշխատեն»:

 

 

Եվ այպես շարունակ: Ում մոտենում ես, խոսացնում` նույն դարդերը, նույն պրոբլեմները: Բոլորին առաջին հերթին   աշխատատեղերի բացակայությունն է մտահոգում: Իսկ մնացած հարցերի` ժամացային, մշակութային,  հասարակական և այլնի մասին նույնիսկ չեն էլ մտածում…

 

Ա. Հակոբյան   

Դիտումների քանակը` 3487

Գլխավոր էջ