Պարույր Հայրիկյան. « Մեր կուսակցությունում 70 տոկոսը կանայք են»

 

ՀՀ նախագահի թեկնածու , Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը մեզ  հետ զրույցի պահին   հիվանդանոցում էր:  Հունվարի 31-ին նրա դեմ կատարված մահափորձից հետո դեռեւս չի ապաքինվել, ուսի շրջանում ցավեր ունի:  Նա  դժվարությամբ,  բայց պատրաստակամությամբ համաձայնեց ճեպազրույցի:

 

Պարոն Հայրիկյան, մի փոքր հարց կանանց մասին:

-Հնարավոր չէ, կնոջ մասին փոքր:

 

Ըստ Ձեզ կինը և քաղաքականությունը համատեղելի՞ բաներ են:

-Չհասկացա, ինչո՞ւ, կինը մարդ չի՞:

 

Կան մարդիկ, որ  կանանց ներկայությունը քաղաքականության մեջ  չեն հանդուրժում… 

-Ազգային ինքնորոշում միավորման  ղեկավար կազմում, ներկայացուցչական մարմիններում հենց սկզբից կանաց թիվը եղել է 70 տոկոս: Հիմա էլ է այդքան:

 

Բավարար համարո՞ւմ եք Հայաստանում քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մակարդակը:

-Հայաստանում` ոչ, բայց ԱԻՄ-ում` այո:

 

Ի դեպ մինչ մահափորձը Հայրիկյանը տարբեր ասուլիսների ժամանակ հայտարարել է, որ ընտրվելու դեպքում հայ աղջիկներին հնարավորություն կտա ծառայել բանակում:

«Մենք միայն պոռոտախոսությամբ չենք զբաղվի, որ մեր աղջիկները, տիկնայք փափկասուն… Ես կարծում եմ, որ մեր աղջիկները կամավորության սկզբունքով պետք է գնան մինչև 10 ամիս ծառայելու, որից 6 ամիսը կսովորեն, 4-ը` կծառայեն:  Ծառայության գնալու են տնից և երեկոյան կրկին տուն են վերադառնալու:  Զինծառայության համար աշխատավարձ չեն ստանալու, սակայն նրանց առավելություն է տրվելու: Վճարովի համակարգով բուհ ընդունվելու դեպքում պետությունը պետք է հոգա նրանց ծախսերը: Պետական կառույցներում աշխատելու դեպքում էլ նրանք առավելություն են ունենալու չծառայածների նկատմամբ»,-առաջարկել  էր Հայրիկյանը:

Նախագահի թեկնածուն ասել էր, որ այս ծրագիրն ինքը դեռևս երեք տարի առաջ ներկայացրել է ՀՀ նախագահին, պաշտպանության նախարարին, սակայն ընթացք չեն տվել:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3883

Գլխավոր էջ