«Պատերազմի և համավարակի միջև»․ ականատեսների պատմություններ»
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր առցանց քննարկում «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով՝ նպատակ ունենալով լսելի դարձնել միջազգային հանրության համար Արցախյան պատերազմի միջով անցած խաղաղ բնակիչների ձայնը։
ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ և Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ Մհեր Մարգարյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության մասին 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց կանայք դեռ բախվում են անարդարությունների ու անհավասարությունների՝ հատկապես հիմա, համավարակի, արտակարգ իրավիճակների ու պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում։
«Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջազգային համերաշխության կոչին, նախորդ տարին աչքի ընկավ աննխադեպ ծավալի պատերազմական բռնություններով ու մարդկային տառապանքներով»,-ասաց Մարգարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին, չնայած համաշխարհային համավարակին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, Ադրբեջանը Լեռնային Ղարավաղում սանձազերծեց լայնածավալ պատերազմ, ինչը հանգեցրեց մարդասիրական աղետի, որից մեծապես տուժեցին նաև կանայք ու աղջիկներ։
Մարգարյանի խոսքով, ստեղծված իրավիճակը ՄԱԿ-ից պահանջում է առավել մեծ ջանքեր գործադրել կանանց հավասարության ու Կանայք՝ հանուն խաղաղության ու անվտանգության օրակարգի համար։ Դեսպանը նշեց, որպես ՄԱԿ-ի ընտանիք անդամ Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնում է հակամարտությունից տուժած կանանց իրավունքների պաշտպանության մասին։
Քննարկման մասնակից Կին խաղաղարարների գլոբալ ցանցի հիմնադիր և ղեկավար Վիկտորիա Քաբրերա-Բելեզան նախ արժևորեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության մասին 1325 բանաձևի ընդունման 20-ամյակը՝ այն որակելով ՄԱԿ-ում կարևոր ու մեծագույն տարեդարձ։
Նա նշեց, աշխարհում համավարակի հետևանքով կանայք առավել շատ են տուժել, գենդերային անհավասարություններին ու գենդերային հիմքով բռնություններին գումարվել է համավարակը։ Ստեղծված իրավիճակում նա կարևորեց քաղհասարակության դերը, ընդգծեց նրանց ճկունությունը, ասաց՝ Հայաստանում էլ քաղհասարակությունը շարունակում է իրականացնել խաղաղարարական գործունեություն։
Ներկայացնելով ցանցի գործունեությունը, Վիկտորիա Քաբրերա-Բելեզան նշեց, որ համավարակի օրերին նաև օնլայն խորհրդատվություն են տրամադրել գենդերային հիմքով բռնության զոհ դարձած կանանց, որոնց թիվը համավարակով պայմանավորված լոքդաունի օրերին մեծացել էր։ Նա ընդգծեց, որ համավարակի օրերին կանայք առաջին գծում էին ու պայքարում էին վիրուսի դեմ։ Ասաց՝ աշխատում են ազգային կառավարությունների, այդ թվում Հայաստանի կառավարության հետ՝ ընդգծելով ազգային մակարդակում արդյունավետ գործողությունների իրականացումը։
«Օրինակ մենք եղել ենք Տավուշում, Սյունիքում, հանդիպել ՏԻՄ ներկայացուցիչներին, քաղհասարակության անդամներին, հարցրել թիվ 1325 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագրի մասին»,-նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ բացի ռեգիոնալ մակարդակից գործողություններ իրականացնում են նաև գլոբալ մակարդակում։ Կանանց այդ գործողությունների համատեքստում նա կարևորեց մեդիայի հետ համագործակցությունն ու հանրության աջակցությունը։
«Համաշխարհային պատմության այս անսովոր ժամանակահատվածում մենք կարիք ունենք նորարարական, երկարատև փոփոխությունների ու մոտեցումների, քան երբևէ, դրանք վերաբերում են հակամարտությունների կանխմնաը, խաղաղ գործընթացների կառուցմանն ու վերակառուցմանը, համավարակի հետևանքների համալիր հաղթահարմանը»,-իր խոսքն ամփոփեց նա։
Քննարկման մյուս մասնակից ամերիկացի հետաքննող, ռազմական լրագրող Լինդսեյ Սնելը պատերազմի օրերին եղել է Արցախում։ Նա որպես լրագրող լուսաբանել է Սիրիայի, Լիբիայի, Իրաքի պատերազմը։ Նա քննարկմանը միացել էր Բաղդադից։
Քննարկման մոդերատոր Լուսի Վարպետյանը նրան ներկայացրեց քաջ կին, որ գնում է հակամարտության գոտիներ՝ որոնելու ճշմարտությունն ու արդարությունը։ Մոդերատորն իր ու հայերի անունից շնորհակալություն հայտնեց լրագրողին իր համարձակության համար։
«Ղարաբաղում պատերազմն, իհարկե, ազդել է կանանց վրա։ Սովորաբար պատերազմի ժամանակ լինում են ուղիներ, ճանապարհներ կանանց ու երեխաներին դուրս բերելու համար, սակայն Ղարաբաղում դա անհնար էր։ Անընդհատ ռմբակոծություն էր։ Բացի այդ, նրանց ամուսինները որպես կամավոր ռազմաճակատ էին մեկնել երկար ժամանակով։ Սա կանանց վրա պատերազմի ազդեցությունն ավելի էր մեծացնում։ Երբ Ղարաբաղում ես խոսում էի կանանց հետ, նրանք վախեր ունեին ապագայի վերաբերյալ։ Նրանք վախենում էին երեխա ունենալ»,-նշում է անկախ լրագրողը։
Նա ընդգծում է՝ չնայած Ստեփանակերտը միլիտարիզացված չէր, բայց նույնսիկ այնտեղ շարունակ ռումբեր էին թափվում, մարդիկ ստիպված էին ապաստանել նկուղներում այն օրերին, երբ համավարակն էր մոլեգնում։ Նա ցավով փաստում է՝ աշխարհն օրեցօր ավելի վատն է դառնում։
«Սիվիլնեթ»-ի լրագրող արցախցի Լիկա Զաքարյանը, որ քննարկմանը միացել էր Ստեփանակերտից, հիշում է պատերազմի օրերին իր աշխատանքը, երբ նույնիսկ մի վայրից մյուս վայր տեղափոխվելը թափվող կրակի տակ վտանգավոր էր, չկար տրանսպորտ, տաքսի կամ այլ փոխադրամիջոց, փողոցներում նույնիսկ մարդ չկար։ Լիկան կարողացել է հաղթահարել այդ դժվարությունները՝ երբեմն համատեղելով լրագրողի, լուսանկարչի, օպերատորի աշխատանքը։ Այդ օրերին նա եղել է Մարտունիում, Մարտակերտում, Հադրութում, իսկ աթս-ների ձայնից առաջացած վախին հաղթել է րոպեների ընթացքում։
«Իմ նյութերի միջոցով ես ուզում էի ցույց տալ, որ Արցախը հակամարտություն չէ, այն մարդիկ են՝ հետաքրքիր ու տաղանդավոր… Բայց պատերազմը մեր տուն եկավ։ Մեզ համար ամեն վայրկյանը կարող էր լինել վերջինը։ Մենք նույնիսկ համավարակի մասին չէինք մտածում այդ օրերին, այլևս դա չէր մեր առաջնահերթությունը, մենք ավելի լուրջ խնդիր ունեինք։ Իմ ամբողջ ընտանիքն էր մասնակցում պատերազմին, մայրս հոսպիտալում էր, եղբայրներս՝ ճակատում»,-ասում է Լիկան։
Որպես պատերազմը սեփական մաշկի վրա զգացած կին Լիկա Զաքարյան առավել շատ է կարևորում խաղաղաշինությունն ու բանակցությունների կառուցումը։
«Մենք ծնվել ու ապրում ենք հակամարտության գոտում, բայց այստեղ ապրող երիտասարդները, մարդիկ, ես չենք ցանկանում մահանալ»,-նշում է նա։
Քննարկումը հեռարձակվել է ՄԱԿ-ի վեբ-հեռուստատեսության ուղիղ եթերում, առցանց քննարկման տեսագրությունն ամբողջությամբ հրապարակված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1119