Պառակտում «Երկիր Ծիրանի» խմբակցությունում

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը անվստահություն է հայտնել իր երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին:

 

«Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անցկացրել են նիստ, որին մասնակցում էին խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված էին Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու հարցերը:

 

Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը», – ասված է «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

 

«Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից անվստահության արժանացած  Մնացական Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանն  առայժմ մանդատները վայր դնելու հարցին չեն անդրադառնում։  Հայկ  Պետրոսյանի խոսքով՝ իրենց համար անակնկալ էր այս հայտարարությունը: Պատճառը կարծում է, ավագանու նիստերին առանց էմոցիանների մասնակցելն է եղել:

 

 – «Իմ կարծիքով, պատճառ այն է, որ մենք ուզում ենք սառնասրտորեն մոտեցնալ խնդիրներին և փորձել լուծում տալ: Իմ կարծիքով, իրենք ավելի կողմնակից են ավելի էմոցիոնալ սարքել պայքարը և նիստերի ընթացքում այդպիսով գրավել կարևոր հարցերի շուրջ իրենց դիրքորոշումը», – ասելէ նա լրագրողներին, նշելով, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ չի հանդիսանում , միայն խմբակցության անդամ է:

 

Ինչ վերաբերում է  երևանցու գերակա շահը իրենց անձնական շահին ստորադասելուն, ապա Պետրոսյանի խոսքով  իրեն  շատ դժվար է մեկնաբանել,  թե ինչն է պատճառը եղել, որ այդպիսի սուր քննադատություն է տեղի ունեցել: 

 

Խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանն առայժմ չի մեկնաբանում կատարվածը: Ընդդիմադիր գործիչը ևս հայտարարում է, որ առավել մանրամասն կխոսի մի քանի օրից։

 

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանիում ունի ընդամենը  5 անդամ, որոնցից երեքը կանայք են։

 

Դիտումների քանակը` 3109

Գլխավոր էջ