Քույրը սպանել է հարազատ եղբորը՝ պաշտպանվելով սեռական ոտնձգություններից
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ որոշում է կայացրել Տարոնուհի Ա.-ի գործով դատահոգեբուժական-դատահոգեբանական ամբուլատոր համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Տարոնուհի Ա.-ն մեղադրվում է եղբորը ծանր մարմնական վնասվածք հասցնելու և դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով: Դատաքննության մանրամասները ներկայացնում է 1in.am-ը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 16-ի սահմաններում Տարոնուհին իրենց տանը կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ դանակով երկու անգամ հարվածել է եղբոր կրծքավանդակի շրջանին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Այնուհետև, 2012 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում դարձյալ իրենց տանը Տարոնուհին դանակի մի քանի հարվածներով սպանել է եղբորը:
Տարոնուհին առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ եղբայրը երկար տարիներ պատիժ է կրել Ռուսաստանում: Հայաստան է վերադարձել 2011 թվականի ապրիլի 20-ին: Ապրել են համատեղ:
Ըստ Տարոնուհու՝ եղբայրը սեռական ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ, սպառնալիքներ տվել իր ու ընտանիքի անդամների հասցեին, ցինիկ վերաբերմունք դրսևորել իր և մոր նկատմամբ:
Տարոնուհին ցուցմունք է տվել, որ եղբայրը երբեք չի աշխատել, բազմիցս իրեն ծեծի ու կտտանքների է ենթարկել այն բանի համար, որ ինքը չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Եղբայրը ստիպել է իր համար օղի գնել, պահանջել է աղջիկ գտնել կամ անձամբ բավարարել իր սեռական ցանկությունները՝ ասելով. «Արդեն 40 տարեկան ես, ո՞ւմ համար ես մնացել»:
Եղբոր վերաբերմունքի պատճառով ինքը մի քանի անգամ պատրաստ է եղել ինքնասպանություն գործել, բայց մորը խղճալով՝ նման քայլ չի արել: Անընդհատ լարված իրավիճակում գտնվելուց վատացել է իր առողջական վիճակը, ինքը բուժվել է հիվանդանոցում:
Եղբոր վարքագծից բողոքել է ոստիկանություն, բայց ասել են, թե դա ընտանեկան վեճ է, կհարթվի-կգնա:
Վերջին անգամ նման ոտնձգության ժամանակ եղբայրը կամ պիտի սպաներ իրեն, կամ բռնաբարեր: Խայտառակությունից պաշտպանվելու համար է դանակով հարվածել եղբորը: Այդ արարքը կատարել է ընտանիքի պատիվը պաշտպանելու, ոչ թե սպանության դիտավորությամբ: Ինքը ձայնագրել է եղբորը, երբ նա հայհոյում էր իրենց ընտանիքի բոլոր անդամներին, անարգում իրենց հոր հիշատակը:
Ըստ Տարոնուհու՝ եթե ոստիկանությունը ժամանակին ընթացք տար իր բողոքներին, գուցե հնարավոր լիներ խուսափել դժբախտությունից:
Համաձայն Տարոնուհու հիվանդության պատմության քաղվածքի՝ նա բուժվել է «նևրոսթենիա» հիվանդությունից:
Տարոնուհու նկատմամբ դատահոգեբուժական-դատահոգեբանական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն է արել նրա շահերի պաշտպան Ս. Մխիթարյանը:
Ըստ պաշտպանի՝ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագիծը, քրոջ նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը կարող էին Տարոնուհու մոտ առաջացնել երկարատև հոգեճնշող իրավիճակ, և նա մեղսագրված արարքները կարող էր կատարել հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Պաշտպանի կարծիքով՝ չի կարելի բացառել նաև, որ հանցագործությունները կատարված լինեն անմեղսունակության կամ սահմանափակ մեղսունակության վիճակում:
Մեղադրող Մ. Մովսիսյանն առարկել է պաշտպանի միջնորդության դեմ՝ հիմնավորելով, թե վարույթն իրականացնող մարմինը ժամանակին մերժել է պաշտպանի այդ միջնորդությունը՝ եզրակացնելով, թե նման փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:
Առնվազն տարակուսելի դիրքորոշում է՝ եթե նկատի առնվեն այս գործի հանգամանքները:
Ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր է գնահատել պաշտպանի միջնորդությունը: Ի վերջո, ամբաստանյալը մեղադրվում է հարազատ եղբորը դանակով ծանր մարմնական վնասվածք հասցնելու, ապա սպանելու համար:
Ամբաստանյալը ցուցմունքներ է տվել ներընտանեկան շատ լարված փոխհարաբերությունների, իր լարված վիճակի ու պարբերաբար եղբոր ոտնձգություններին ենթարկվելու մասին: Ասվածը կասկածներ է առաջացնում ամբաստանյալի հոգեկան ու հոգեբանական վիճակների վերաբերյալ, ինչը կարող է պարզաբանվել, պատշաճ գնահատման արժանանալ միայն մասնագիտական համալիր փորձաքննությամբ:
Գործի դատական քննությունը հետաձգվել է՝ մինչև փորձաքննության եզրակացությունը դատարանում ստացվելը:
Տարոնուհին անցած տարվա սեպտեմբերին եղբորը դանակահարել, ծանր մարմնական վնասվածք էր պատճառել: Սա սուր ահազանգ էր նրանց ընտանիքում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ: Հնարավոր է, որ ամբաստանյալի կարծիքը անհիմն չէ. եթե ժամանակին ուշադրություն դարձնեին գոնե դանակահարության առաջին դեպքի պատճառներին, ապա երկու ամիս անց՝ նոյեմբերին, երկրորդ դանակահարությունն ու սպանությունը, միգուցե, տեղի չէին ունենա:
Աղբյուրը՝ 1in.am Armenian News & Analyses.
Դիտումների քանակը` 3839