Պաշտպանվա՞ծ են արդյոք աշխատանքային իրավունքները Հայաստանում

 

Հայաստանում շատերն են աշխատանք ընտրում առանց հաշվի առնելու աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերը։ Աղքատության ու գործազրկության պայմաններում  ընտանիքին կերակրելու հոգս ունեցող մարդիկ ստիպված անտեսում են արձակուրդի իրավունքնը, ուշադրություն չեն դարձնում աշխատանքային ժամերի տևողության, գրանցված լինելու վրա։ Արդյունքում աշխատում են առանց պետական գրանցման կամ գրանցված են նվազագույն աշխատավարձով, ինչն  էլ իր հերթին հանգեցնում է սոցիալական այլ հետևանքների՝ զրկելով աշխատողին վարկեր  ստանալու, հիփոթեքից, ապառիկով  գնումներից,  ատակարգ իրավիճակներում պետության կողմից աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորություններից… Ստեղծվել է մի իրավիճակ, երբ, մի կողմից,   աշխատողները բավարար չափով  իրավագիտակից ու պահանջատեր չեն, մյուս կողմից,  չկա պատշաճ պետական վերահսկողություն՝ գործատուի  կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։

 

… «Տարիներ շարունակ աշխատել եմ տարբեր խանութներում՝ որպես վաճառողուհի։ Նախ չէին գրանցում, երբ ամուսնությունից հետո բալիկի էի սպասում, տնօրենին խնդրեցի ինձ գրանցել, որպեսզի մայրության նպաստ ստանամ։ Չնայած ես առձեռն ստանում էի 150 հազար դրամ, ինձ գրանցեցին 60 հազար դրամով, արդյունքում ստացա ավելի քիչ նպաստ, քան պետք է ստանայի»,-պատմում է  Սերինե Գ-ն: Կինը նույնքան գումար է  ստացել նաև երկրորդ բալիկի ծննդյան ժամանակ։ Ծառայությունների ոլորտում, ասում է, գրեթե բոլոր աշխատակիցներն էին նույն վիճակում։ Ի դեպ, խանութում աշխատելիս նա չի վճարվել արտաժամյա աշխատանքի, հանգստյան օրերին աշխատելու համար, չի ունեցել օրենքով նախատեսված արձակուրդ, նույնիսկ  չի ունեցել հասանելիք ընդմիջման մեկ  ժամը։ Աշխատելուն զուգահետ այլ աշխատանք էր փնտրում, բայց հաջորդ աշխատատեղերում էլ իրավիճակն ավելի բարվոք չի եղել։

 

 

… Աննան, ով Երևանում գործող կաթնամթերք արտադրող ընկերության աշխատակից է,  ավելի վճռական է գտնվել: Պատմում է, որ աշխատում էին առանց դադարի և չնայած ամռան շրջանումկաթի մթերման ծավալների մեծացմամբ պայմանավորված, աշխատանքի ծավալն ավելանում է, աշխատանքային ժամերը երկարում են, աշխատավարձը մնում է անփոփոխ։ «Սեփականատերն ինձ ասաց՝ չես ուզում, դուրս արի, գնա, տեսնեմ, քեզ որտեղ գործ կտան»,-պատմում է Աննան՝ նշելով, որ ի վերջո հետևել է սեփականատիրոջ խորհրդին, դուրս է եկել աշխատանքից, տեղավորվել բնական հյութեր արտադրող ընկերությունում, այստեղ վճարվում է գրեթե կրկնակի։ «Ճիշտ է՝ վախը սրտումս դուրս եկա, մտածում էի աշխատանք չեմ կարողանա գտնել, առջևում սեպտեմբերն է, երկու երեխա պետք է ճանապարհենք դպրոց, ամուսնուս աշխատավարձը չի բավականցնի, բայց հետո հասակցա, երբեմն պետք է նաև ռիսկի գնալ։ Պարզվեց՝ չկա չարիք, առանց բարիք»,-նշում է Աննան։

 

 

 

Օրերս ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված   Հերիքնազ Տիգրանյանը զբաղվում է  աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրներով դեռևս 2006 թվականից՝ սկզբից  որպես  ՀՀ աշխատանքի պետական  տեսչության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև որպես  «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» -ի իրավախորհրդատու:

 

 

Նրա  դիտարկմամբ,    շատ դեպքերում Հայաստանում աշխատողը գործատուին ընկալում է որպես իր հացն ապահովող, իսկ գործատուն աշխատողին` որպես իր սեփականություն և  նրան առաջարկում է այնպիսի պայմաններ կամ նրա վրա դնում է այնպիսի պարտականություններ, որոնք հեռու են աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակից, որոնք նախատեսված չեն աշխատողի աշխատանքային պայմանագրով, բայց աշխատողը դրանք լռելյայն կատարում է, որովհետև չկատարումը կարող է բերել բացասական հետևանքների:

 

ԱԺ  Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր քվեարկությանը նախորդող ելույթում  Հերիքնազ Տիգրանյանը  խոսեց  նաև աշխատանքի ոլորտում պետական վերահսկողության  խնդիրների մասին:  Նրա խոսքով, 2013 թվականին, երբ Հայաստանում լուծարվեց  Աշխատանքի պետական տեսչությունը, քաղաքացիները զրկվեցին խախտված իրավունքներն արտադատարանական ճանապարհով լուծելու հնարավորությունից։

 

«Ստացվեց այնպես, որ պետական վերահսկողությունն այս ոլորտից ընդհանրապես բացակայեց։ 2021 թվականի հուլիսի 21-ից ուժի մեջ մտան 2019 թվականին Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որի վերականգնվում է  այսօր գործող առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ։  Սա նշանակում է, որ աշխատող քաղաքացիները հնարավորություն են ունենում իրենց խախտված իրավունքի պաշտպանությունը հայցել ոչ միայն դատական կարգով, այլև դիմելով վարչական մարմնին, իրականացնել արտադատական պաշտպանություն»,-օգոստոսի 12-ին իր ելույթում հայտարարեց Հերիքնազ Տիգրանյանը։

 

 

Նա նաև կարևորեց տեսչական կարողությունների բարելավումը, մարդկային ու նյութական նոր ռեսուրսների ներգրավումը, ինչպես նաև նոր աշխատաոճի որդեգրումը։  «Այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին մեկ տարում, բավականին թվով աշխատատեղեր դուրս են եկել ստվերից, ինչը հարկային մարմինների գործունեության արդյունք էր»,-ասաց նա։

 

 

Խոսելով արհմիությունների մասին, նա ցավ հայտնեց, որ դրանք չդարձան այնպես հզոր, ինչպես դրանց իրավանախորդներն էին, այն պարզ պատճառով, որ արհեստակցական միություններն ունեն գործատուից ֆինանսական կախվածություն, չունեն իրավական բավականին լծակներ՝ ազդելու գորատուի որոշումների վրա։
Նա հույս հայտնեց, որ արհմիությունների մասին օրենսդրության փոփոխությունների ուղղությամբ աշխատանքային խումբը կշարունակի գործել, կոնցեպտուալ հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։

 

 

«Նրանք պետք է ունենան իրավական լծալներ, կարողանան որպես միավորումներ իրենց անդամների շահերը պաշտպանել դատարանում»,-ասաց նա։

 

Հ. Կարապետյան

 

 

 

Դիտումների քանակը` 1538

Գլխավոր էջ