Հայտնի են խորհրդարան անցած կին պատգամավորների անունները. նրանք 18-ն են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում հրապարակեց ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Ըստ այդմ, Ազգային Ժողովի 105 անդամներից 18-ը կամ 17 %-ը կլինեն կանայք, նրանց թվում` մեկ կին անցել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակով և միայն մեկն է ընտրվել տարածքային ցուցակով:
Հիշեցնենք, որ Ազգային ծողովի նախորդ գումարման կազմում կանայք 10%-ով էին ներկայացված, և այս ընտրություններում արձանագրված արդյունքը կարելի էր մի քայլ առաջ դիտարկել, եթե չլինեին ՀՀ Ընտրական օրենսգրքում մեկ սեռի առնվազն 25-տոկոսանոց ներկայացվածություն ամրագրող քվոտայի հետ կապված ակնկալիքները, որոնք , ըստ էության, կրկին չարդարացան: Այս առումով, նույնիսկ Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում քվոտան շատ ավելի արդյունավետ աշխատեց, ապահովելով ավագանիների կազմում 24 % կին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 58 մանդատ է ստացել, որոնցից 8-ը կամ 14%-ը բաժին են ընկել կանանց: Օրենսդիր մարմնում աշխատելու են. ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ՀՀ վարչապետի օգնական Շուշան Սարդարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Աճեմյանը:
«Ծառուկյան» դաշինքը 31 մանդատ է ստացել, որոնցից 7-ը կամ 22.5 %-ը կանայք են ստացել: Համապետական հիմնական ցուցակից խորհրդարանում աշխատելու են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Ծառուկյանի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն Իվետա Տոնոյանը, Ագրարային համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ Լուիզա Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Բժշկական համալսարանի պրոֆեսոր Մարինե Մարգարյանը, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի օգնական Շաքե Իսայանը: Նաև համապետական ցուցակի երկրորդ մասից, որում ընդգրկված են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարան է անցել Տատյանա Միքայելյանը: Նա ազգությամբ ռուս է, գյումրեցու հարս:
«Ելք» դաշինքը ներկայացված է 9 պատգամավորով, որոնցից 2-ը կամ 22%-ը կին են: Նրանք են` տարածքային ցուցակով ԱԺ անցած միակ կինը ՝ Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից և համապետական ցուցակով խորհրդարան անցած Լենա Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
ՀՅԴ-ն ԱԺ-ում կունենա 7 պատգամավոր , նրանցից մեկն է կին (14%) ՝ Արմենուհի Կյուրեղյանը:
Այսպիսով , ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված մեկ սեռի առնվազն 25-տոկոսանոց ներկայացվածությունը Ազգային ժողով անցած քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողացել ապահովել: Հիեցնենք, որ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակներում ընդգրկված էին 25,4 % կին թեկնածուներ համապետական ցուցակում և 27% կանայք տարածքային ցուցակում: «Ծառուկյան» դաշինքի երկու ցուցակներում էլ կանայք 28 %էին կազմում: «Ելք դաշինքի ցուցակներում կին թեկնածուները 32% և 33 % էին կազմում , ՀՅԴ ցուցակներում կանայք 28% և 31% էին:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ կանանց թիվը պակասեց ինքնաբացարկների պատճառով, այս անգամ հիմնական պատճառը՝ տարածքային կամ այսպես կոչված ռեյտինգային համակարգն էր, որտեղ կանայք ուղղակի դուրս մնացին փողատեր տղամարդկանց միջև ծավալված պայքարից:
Ինչ վերաբերում է ինքնաբացարկներին, ապա այս անգամ դրանից տուժեցին հիմնականում տղամարդիկ: ԿԸՀ ներկայացված ընդհանուր թվով 35 դիմումից (ՀՀԿ-ից 9 դիմում, ՀՅԴ-ից՝ 3 դիմում , Ծառուկյան» դաշինքից 23 դիմում) միայն երկուսն էին կանայք ներկայացրել: Նշենք, որ ԿԸՀ արտահերթ նիստն անցավ լարված մթնոլորտում: Մինչ արձանագրությունը հրապարակելը հանձնաժողով էին եկել «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները, որոնց անունից ինքնաբացարկի ու մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացվել: ԿԸՀ-ն հրապարակեց, որ այդ դաշինքից ինքնաբացարկ է ներկայացրել 23 թեկնածու, որից երկուսը կանայք են՝ Մարգարիտա Հովսեփյան (68-րդ հորիզոնականում է) և Նարինե Առաքելյան (72-րդ հորիզոնականում է): Իբր ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուների կեսը ՝ 12-ը հայտարարեցին, որ իրենք ոչ մի դիմում չեն գրել: Արդյունքում, ԿԸՀ որոշմամբ, հանձնաժողով դիմած 12 թեկնածուներից 8-ը պատգամավորի մանդատ ստացան:
Հ. Կարապետյան
Կարդացեք «ԱԺ ընտրություններ-2017» խորագրի ներքո մեր կայքում.
«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին
Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է
Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 17 տոկոս են կազմում
Հայտնի են խորհրդարան անցած կին պատգամավորների անունները. նրանք 18-ն են
ԱԺ ընտրություններ. Որքան քվեներ ապահովեցին կին թեկնածուները Երևանում
Ռեյտինգային ընտրակարգը փողատեր տղամարդկանց դեմք ունի
Կին թեկնածուները պատասխանում են WomenNet.am-ի հարցաշարին. ամփոփում
Դիտումների քանակը` 3698