Պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը/ տեսանյութ
Այսօր «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ցուցարարների թվում էին Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները: Ակցիայի մասնակիցները հանդես եկան կոչերով «Ո՛չ ապօրինի շինարարությանը, ո՛չ գծատիրությանը, ո՛չ բանդաներով բռնությանը, ո՛չ բյուջեի մսխմանը։ Արժանապատիվ տրանսպորտ, արժանապատիվ կյանք»։
Նախաձեռնության կողմից տարածված հաղորդագրության մեջ ներկայացվում են իրենց պահանջի հիմնավորումները, որոնց թվում հիշատակվում է նաև «Տարոն Մարգարյանի կառավարման շրջանում առանձնակի ընդգծված կանանց հանդեպ խտրական, ստորացուցիչ վերաբերմունքը և բռնի գործելաոճը՝ սկսած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կին գործիչների նկատմամբ բռնություններից մինչև կանանց նկատմամբ հնչեցրած նվաստացուցիչ հայհոյանքներ ավագանու նիստերի ժամանակ»:
«Հանրությանը ցնցեց հատկապես այս տարվա փետրվարին Տարոն Մարգարյանի հրահանգով ավագանու մի խումբ անդամների և քաղաքապետարանի աշխատակիցների հարձակումը ավագանու ընդդիմադիր կին անդամների վրա, որն ուղեկցվեց հրապարակային ֆիզիկական բռնությամբ, սեռական ոտնձգություններով, հայհոյանքներով և սպառնալիքներով: Պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլև շարունակեցին վարչական ռեպրեսիաները կանանց նկատմամբ», – ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Նախաձեռնությունը կազմակերպել է նաև օնլայն ստորագրահավաք, որին կարելի է միանալ այս հղումով։
Մանրամասները Սիվիլնեթ –ի տեսանյութում.
Դիտումների քանակը` 3222