Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները
Հայաստանում կանանց ու տղամարդկանց էլեկտորորալ վարքի տարբերության վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություններ գրեթե չեն արվում: Դժվար է ասել թե ինչու այս հարցը չի հետաքրքրում մեր սոցիոլոգներին, բայց արդյունքում պարզել ո՞ր թեկնածուին և ինչու՞ են կանայք նախապատվություն տալիս ընտրությունների ժամանակ մեզանում անհնար է դառնում: Կանանց ընտրական նախապատվությունների մասին հարցով WomenNet.am-ը փորձեց դիմել ‘’Սոցիոմետր’’ կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:
– Պետք է մի հետաքրքիր փաստ արձանագրեմ. մեր հարցումները ցույց են տալիս, որ կանայք բավականին ակտիվ են ընտրություններում, ընդ որում՝ ունեն նախապատվություններ և նախասիրություններ: Կանայք ընտրում են համակրանքով և հակակրանքով: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններում Գագիկ Ծառուկյանին ընտրողների մեծ մասը կանայք էին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա պատկերը հետևյալն է. թվում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է որ ավելի շատ կանանց գրավեր, սակայն վերջին տվյալներով՝ կանայք ավելի հակված են ձայն տալ գործող նախագահին, քան Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ևս. երիտասարդ աղջիկների մեծ մասը նույնպես իրենց ձայնը տալու են Սերժ Սարգսյանին: Սա բացատրվում է հոր սինդրոմով: Կանայք ամենախելացին համարում են իրենց հորը և այս առումով գործող նախագահը ավելի մեծ համակրանք է վայելում երիտասարդ կանանց շրջանում:
Բացի այդ մեր հարցումները ցույց են տալիս, որ կանայք լավ քարոզի են սպասում, սպասում են բացարություններին, կարևորում են, երբ թեկնածուն կարողանում է համոզիչ կերպով ներկայացնել իր անելիքները:
-Այսինքն, այնուամենայնիվ կանայք ուշադրություն են դարձնում ծրագրերին:
– Այն դեպքում, երբ կանայք հատուկ կրթություն չունեն և տանն էլ միշտ չէ, որ նման թեմաներով զրույցներ են վարվում, նրանց հետաքրքրությունը դեպի քաղաքականություն բավարարվում է հիմնականում հեռուստատեսության միջոցով, որտեղ ամեն ինչը բավականին խայտաբղետ և իրարամերժ է ներկայացվում: Դրա համար նրանց հավելյալ բացատրություններ են պետք` ինչը ոնց է, և այդ առումով լավ քարոզը նրանց համար շատ կարևոր հանգամանք է, պետք է է մեկը` լինի թեկնածուն , թե քարոզիչը, գա և բացատրի ծրագրային դրույթները:
–Կարծիք կա, որ կանայք կարևորում են սոցիալական բաղադրիչը: Ի՞նչ չափով են նրանք ուշադրություն դարձնում ծրագրերի սոցիալական ուղղվածության վրա:
– Կանանց գրավում է նախընտրական ծրագրերի սոցիալական ուղղվածությունը, իսկ ունևոր դասի բարձրագույն կրթությամբ կանանց կամ նրանց, ովքեր սոցիալական խնդիրներ չունեն, հետաքրքրում են արտաքին քաղաքկաանության դրույթները, օրինակ, Հայաստանն ում կմիանա` Եվրասիական միությանը, թե Եվրամիությանը՞ …
-Իսկ գենդերային հիմնախնդիրներով ի՞նչ չափով են հետաքրքրվքած: Չէ՞ որ գենդերային արդարությունն էր սոցիալական արդարության մի մասն է:
– Մենք բաց հարց էինք տվել, թե ինչ խնդիրների լուծում եք դուք ուզում, գենդերային խնդիրներին առնչվող որևէ պատասխան, որ ասենք գենդերային հավասարություն ուզեն, չի եղել: Ընդհանուր առմամբ բնակչության մեծ մասին մտահոգում է սոցիալական խնդիրները, աշխատատեղերի բացակայությունը , աշխատավարձերի ու սոցիալական նպաստների բարձրացման հարցը:
Կարծում եմ, կանանց համար այսօր գենդերային խնդիրը, հավասարությունը մտահոգող հարց չէ, կան ավելի լուրջ կենցաղային խնդիրներ` սնունդ, հագուստ, ջեռուցում: Սոցիալական խնդիրները, դժբախտաբար կամ բարեբախտաբար, գերակշռում են: Ցանկացած մարդ առաջնահերթություն ունի` հագնվի, կշտանա, երեխաները լավ ապրեն, հետո նոր զբաղվի մյուս հարցերով : Գենդերային խնդիրները որպես օրակարգային չեն դիտվում:
Ինչ գենդերային հավասարություն, ասում է` մի աշխատանք տվեք, աշխատեմ: Սա է խնդիրը»:
-Բացի սոցիալական խնդիրներից ինչ խնդիրներ են մտհոգում կին ընտրողներին:
Իսկ հարցին, ի ՞նչ կանեիք Դուք, եթե նախագահ ընտրվեիք Դուք ինքներդ, կին ընտրողները մոտ երկուհարյուր տեսակի պատասխան են տվել: Խմբագրելով, ստացվել է հետևյալ պատկերը` կանանց բացի սոցիալական խնդիրներից մտահոգում են նաև Ղարաբաղի, ժամանցի վայրերի ստեղծման, բարեգործության, ծերերի նկատմամբ ուշադրության, երեխաներին և քաղաքի մաքրությանն առնչվող հարցեր:
Կարծում եմ,որ եթե Հայաստանում կյանքը մի փոքր ավելի բարեկեցիկ դառնա, գենդերային պահանջներն ի հայտ կգան և իրենց կարևոր դերը կզբաղեցնեն մեր հասարակական կյանքում, իսկ առայժմ նման բան չկա: Այլ բան է, երբ հարցման ժամանակ հատուկ հարց է հնչում զուտ գենդերային խնդրի վերաբերյալ: Այդ ժամանակ կանայք «ուշքի են գալիս» նաև գենդերային արդարության առումով…
– Գուցե արդեն անիմաստ է ենթադրություններ անել, բայց եթե նախագահական ընտրություններում կին թեկնածու ունենայինք, ապա ինչպիսի՞ քարոզարշավ կարելի էր ակնկալել նրանից, որ կարողանար գրավել ընտրողներին:
-Դժվար է ասել: Նախ կինը պետք է ցույց տար, որ իր կենսագրությամբ, իր պատրաստակամությամբ այն մարդն է, ով իրոք հիմք ունի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին: Նա պետք է ինչ-որ մի տեղ նկատված լինի, գոնե խորհրդարանական աշխատանքում փորձ ունենա, բացի այդ, պետք է ցույց տա, որ տղամարդկանց զգալի մասը նրանից ավելի ցածր աստիճանում է գտնվում: Եթե մենք նայում ենք, թե Հայաստանում ով կարող է նման պաշտոնին հավակնել, ապա կարծում եմ՝ Հրանուշ Հակոբյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցնում և բավականին հաջող ղեկավար է: Այսօր կուսակցություններում ևս կան երիտասարդ կանայք, ովքեր լավ աշխատելու դեպքում հետագայում կարող են իրենց թեկնածությունն առաջադրեն: Կարծում եմ՝ Հայաստանում կան այնպիսի պատրաստված, գրագետ, քաղաքականապես հասուն կանայք, որոնք կարող են շատ լուրջ մասնակցություն և ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներին: Ի վերջո նախագահ չեն ծնվում, նախագահ չեն դառնում, այլ նախագահ դարձվում են:
-Փորձել եք պարզել որքանով է մեր հասարակությունը պատրաստ կնոջը տեսնել նախագահի պաշտոնում և արդյո՞ք պատրաստ է ձայն տալ կին թեկնածուին:
– Մենք նման հարցում անցկացրել ենք, որի համաձայն՝ ամեն երրորդը միայն կքվեարկի կին թեկնածուի օգտին: Իսկ 2/3-ը, քանի որ իրեն ոչ լիարժեք է զգում, ապա գտնում է, որ բոլոր կանայք էլ իր նման ոչ լիարժեք են, ուստի չեն կարող երկիրը ղեկավարել: Այսինքն, միայն երրորդ կինն է ամեն հարցում իրեն լիարժեք զգում: Կինը պետք է կարողանա իր շրջապատում մթնոլորտ փոխի, պետք է կարողանա ցույց տալ, որ ինքը որոշում կայացնող է և խորհրդատվության մեծ կարիք չունի:
Կանայք առաջինը պետք է հավատան, որ իրենք ունակ են, իսկ մենք բոլորս էլ պետք է վստահ լինենք և ընդունենք, որ կինը կարող է առաջնորդ լինել:
Ժամանակին մենք զարմացանք, երբ Մարգարետ Թետչերը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ: Հետո իմացանք, որ նրան այդ պաշտոնին պատրաստել են դեռ 15 տարեկանից սկսած: Նա լավ կրթություն է ստացել, կուսակցական, խորհրդարանական կարիերա է արել, և իր ազգաբնակչությունը զգացել է, որ Թետչերը մտածող կին է և կարող է երկրի առաջ ծառացած հարցերին ճիշտ լուծումներ տա:
Մարիաննա Ղահրամանյան
Մերի Մարգարյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Դիտումների քանակը` 3852