Որ դրական էներգիան չկորի…
Վերջին չորս օրվա իրադարձությունների դասերն է ամփոփում «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Խմբագրականի դիպուկ շեշտադրումները մտորելու տեղիք են տալիս…
Եթե որեւէ հայ սպա կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի: Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի: Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի. նա, վիրավոր լինելով, ուղարկում է իր ընկերներին ապահով տեղ, հետո սպասում է, որ հակառակորդի զինվորները մոտենան եւ նռնակով պայթեցնում է թե՛ իրեն եւ թե՛ հակառակորդներին: Հայ ազատամարտիկը կարող է խաղաղ վիճակում ժամերով բողոքել իր սոցիալական վիճակից եւ իրեն շրջապատող անարդարություններից, խոստանալ` «հիմա սպանես էլ, կռվի չեմ գնա», բայց ապրիլի 2-ին առավոտվանից հերթ կանգնի` ռազմաճակատ գնալու համար: Այդպիսին է մեր ժողովրդի բնավորությունը, որին ոչ մի տանկ, ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա:
Քաղաքակրթական տարբերություններն ակնհայտ են: Եվ դրանք, ի վերջո, բախման ժամանակ մեզ առավելություն են տալիս, որովհետեւ ատելությունը, այլատյացությունը, գազանությունների արդարացումը թուլացնում են մարդուն: Իլհամ Ալիեւը, կարծում եմ, վաղ թե ուշ կանգնելու է հենց իր ժողովրդի դատարանի առաջ ոչ միայն անիմաստ զոհերի, այլեւ մոտ 15 տարի իր հասարակության մեջ ատելության կործանարար թույնը ներարկելու համար: Իսկ ինչո՞ւ չենք կարողանում մեր ժողովրդի այդ հսկայական էներգիան օգտագործել նաեւ ներքին կյանքում: Խնդիրներից մեկը, հավանաբար, այն է, որ ոտնձգություններ կատարող հակառակորդի դեմ կռվելը մենք համարում ենք մեզ բոլորիս միավորող համաժողովրդական գործ: Ուժեղ պետություն կառուցելը այդպիսի գործ չենք համարում՝ այս հարցում մենք ապավինում ենք ինչ-որ հրաշքի՝ իբր երկնքից իջնելու է մի փրկիչ, բոլոր քարերը տեղն է դնելու, եւ այդպիսով «կառաջանա» մեր ուզած պետությունը:
Այն էներգիան, որը պատերազմի ժամանակ դարձնում է մեզ ուժեղ, խաղաղ ժամանակ ծախսվում է այդ անիմաստ սպասելիքների եւ նույնքան անիմաստ բողոքների վրա: Երբ ասում ես՝ զինվորը մենք ենք, բոլորը դրա հետ համաձայն են, բայց եթե ասես՝ պետությունը մենք ենք, շատերը կսկսեն վիճել՝ չէ, մենք չենք, եւ ցուցամատը տնկել դեպի առաստաղ: Բայց այս խնդիրը, հավանաբար, կլուծվի սերնդափոխությանը զուգահեռ եւ, իհարկե, նաեւ քարոզչությամբ. մենք կարիք ունենք ոչ այնքան հայրենասիրական դաստիարակության (այստեղ խնդիրներ չունենք), որքան պետական եւ քաղաքացիական կրթության: Ի վերջո, ուժեղ պետությունը նաեւ անվտանգության գլխավոր երաշխիքն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրը՝ «Առավոտ» օրաթերթ
Դիտեք նաեւ Gala TV -ի ռեպորտաժը կամավորների մասին, ովքեր օգնություն են ուղարկում առաջին գիծ.
Դիտումների քանակը` 3142