«Որևէ մեկը չպետք է ենթարկվի բռնության ընտանիքում, առավել ևս սպանվի ընտանիքի անդամի կողմից»
Անցնող տարվա վերջին կանանց իրավունքների պաշտպանության խնդրով զբաղվող ՀԿ-ներն ահազանգում են՝ 2016-ին կնասպանության 10 դեպք է գրանցվել Հայաստանում: Իսկ 2015թ.– ին ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16–ը՝ սպանություն. ինչը կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17տոկոսը։
«Կնասպանության յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հնարավորինս համակողմանի վերհանվեն բոլոր այն բացերը, պատճառները, պետական մարմինների դրսևորած անգործության կամ կամայական որոշումների դեպքերը, որոնք հանգեցրել են նման ողբերգական ավարտի», – նշեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանն այսօր «Մեդիա կենտրոնում տեղի ունեցած » «Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ:
«Այս տարի վերջապես պետությունը հանձն առավ ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի աջակցության մասին օրենսդրությունը: Մենք նրկայացրել ենք առաջարկությունների փաթեթ, սակայն դեռ չգիտենք, թե դրանք որքանով են ներառվելու նախագծում: Հույս ունենք, որ աշխատանքը համակցված կընթանա ու կունենանք այն օրենքը, որն ուզում ենք»,-ասաց Հովհաննիսյանը, նշելով, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի ընդունման հետաձգումը մտահոգություններ ու անհագստություններ է առաջացնում խնդրով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ: Օրենքի դեմ հակաքարոզչություն իրականացնողներին նա բացատրում է, որ փաստաթուղթը ընտանիքներ քանդելու նպատակ չունի, այն ուղղված է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, որևէ մեկը չպետք է ենթարկվի բռնության հատկապես ընտանիքում, առավել ևս ընտանիքում ու ընտանիքի անդամի կողմից որևէ մեկը չպետք է սպանվի:
Հիշեցնենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված օրինագիծը հանվեց այն բանից հետո, երբ սոցցանցերում սկսկեցին քննադատել ոչ թե օրինագծի դրույթները, այլ դրա հնարավոր «նպատակը»՝ իբր հայ ընտանիքները քանդելը ու երեխաներին ընտանիքից օտարելը: Նախարարությունից ասացին՝ առաջիկայում կկազմակերպվի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում:
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը, ով վերջերս մասնակցել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով ստանձնած հանձնառությունների կատարման մասին հայստանի պարբերական զեկույցի ներկյացմանը , նշեց, որ Կանանց խտրականության դեմ կոմիտեն մեկ անգամ չէ, որ շեշետադրել է Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման անհարժեշտությունը:
Աննա Հովհաննիսայանի խոսքով, կոմիտեն անդրադարձել է նաև ԶԼՄ հրապարակումներում առկա կարծրատիպերին ու խտրականությանը: «Հավատացեք, բռնարարին արդարացնող ցանկացած խոսք, նյութ, հոդված, կարծիք հետագա բռնության հիմք է հանդիսանում: Նման հրապարակումներ եղան Թագուհի Մանսուրյանի դեպքի ժամանակ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևանում Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսինը՝ Վ. Մարտիրոսյանը կացինով հարձակվել էր ու սպանել Թագուհու մորը՝ Կարինե Մանսուրյանին,
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանի կարծիքով, տեղեկատվական մանիպուլյացիաներն էլ օրենքի բացակայության հետևանք են: «Կոմիտեն այս առումով էլ առաջարկություններ է ներկայացրել, պետության պարտավորությունների թվում նշելով օրենքի իրազեկման գործառույթը, որպեսզի տարակարծություններ չլինեն»,-ասաց նա:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանն, կրկին անդրադառնալով Թագուհի Մանսուրյանի դեպքին, մի դիտարկում արեց.
«Իրականում Թագուհու մորը կարելի էր փրկել, եթե լիներ օրենքը: Այն սահմանում է պաշտպանական մեխանիզմներ: Կարելի է թվարկել բազմաթիվ դեպքեր, երբ նախկին ամուսիները հետապնդում են ու սպառնում իրենց կանանց: Դա կարող է տևել մի քանի տարի, իսկ ավարտը կարող է լինել տխուր: Օրենքի ընդունումը չպետք է դիտարկել որպես ինչ-ինչ կառույցների պահանջ, պետք է հասկանալ, որ դրանց հետևում կանգնած են իրական մարդկային ճակատագրեր: Այս կանանցից յուրաքանչյուրը տառապում է, որևէ մեկը չի կարողանում աջակցել նրանց»: Նա նշեց, որ իրավապահ մարմիններն էլ հաճախ բարձրաձայնում են այդ մեխանիզմների բացակայության մասին:
Ինչ վերաբերում է օրենքի ընդունումը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում դիտարկողներին, ապա Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ տարածաշրջանի մյուս երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանն արդեն ունեն նման օրենք: Նշենք, որ խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորման»կողմից վերջերս հրապարակված զեկույցի մասին է, որի հեղինակները բացահայտել են Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի մասին ապատեղեկատվություն տարածող խմբերի կապը Ռուսաստանի դեսպանատան և ռուսական պետական հիմնադրամների հետ:
«Ուզում եմ բոլորին հիասթափեցնել: Այդ հակադրությունը կեղծ է: Շատ կարևոր է, որ երկխոսությանը մասնակցի պետությանը: Այս պահին օրենքը կայքից հանված է լրամշակման ու ներքին քննարկումների պատրվակով: Քանի դեռ այն կայքում բաց դրված չէ, նման քննարկումների մասին խոսելն անիմաստ է ու տեղին չէ: Պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարությունն այստեղ պետք է իր կարգավորիչ դերը կատարի»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը :
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3383