Որքանո՞վ առաջարկվող օրինագիծը կնպաստի պտղի սեռով պայմանավորված աբորտների վերացմանը. բժիշկների կարծիքներ
Վերջերս ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունմամբ փորձ է արվում ՝ պահպանելով հղիության արհեստական ընդհատման կնոջ իրավունքը, օրենսդրորեն արգելելել պտղի սեռով պայմանավորված աբորտները:
Ի՞նչ ռիսկեր է պարունակում նախագիծը եւ որքանո՞վ առաջարկվող միջոցները կնպաստեն սեռով պայմանավորված աբորտների վերացմանը: Այս ու այլ հարցերի վերաբերյալ գործող բժիշկների կարծիքները լսելու համար WomenNet.am-ը փորձեց խոսել մի քանի գինեկոլոգների հետ: Նրանց մեծ մասը խուսափեցին, հայտնելով, որ հարմար պահի չենք զանգահարել, բացի այդ շտապեցին հավաստիացնել, որ աբորտ չեն անում ընդհանրապես:
Այնուամենայնիվ մեզ հետ զրուցելու պատրաստակամություն հայտնեցին գինեկոլոգներ Էդուարդ Համբարձումյանը, Արմինե Մխիթարյանը, Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
«Բժշկից շատ բան կախված չէ, որոշողը կինն է»…
Վերարտադրողականության «Fertility center» կենտրոնի հիմնադիր, տնօրեն Էդուարդ Համբարձումյանն ասաց, որ այսօր իր ու կենտրոնի մյուս աշխատակիցների նպատակը մարդկանց երեխա պարգևելն է: Աբորտներ արել է 20 տարի առաջ:
«Աբորտը կնոջ համար միշտ էլ տրավմա է, եթե նա նույնիսկ բազմազավակ է: Հիմա գիտակցությունը բարձրացել է, մարդիկ մեծ մասամբ հասկանում ու խոսում են նաև հոգեբանական տրավմանների մասին: Չասենք դա մարդասպանություն է, բայց շատ վատ բան է»,- ասաց նա:
Նախագծով սահմանվում է, որ աբորտի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար կնոջը տրամադրվելու է երեք օր: Մեր զրուցակից գինեկոլոգը նման հնարավորությունը դրական է համարում:
«Շատ ճիշտ են արել, որովհետև պետք է երկրորդ շանս տալ, մտքերը հավաքել, բժշկի հետ խոսել, ով կօգնի ողջ պատկերը հասկանալ: Աբորտ անելն, ի վերջո կնոջ իրավունքն է, վերջին խոսքը կնոջն է»,-ասաց նա:
Էդուարդ Համբարձումյանը մատնացույց է անում Ֆրանսիան, որտեղ կնոջը որոշում կայացնելու համար 7 օր են տրամադրում: Ասում է՝ մեծ մասը հրաժարվում են աբորտի մտքից. «Ես կողմ կլինեի, որ ավելի երկար ժամանակ տային: Բայց սկիզբը դրել ենք, էլի վատ չէ»:
Բժիշկը հույս ունի, որ կնոջ որոշմանը կնախորդեն ամուսնու և ընտանիքի հետ մյուս անդամների առողջ քննարկումները:
Օրինագծով վարչական տուգանքներ են սպառնում այն բժիշկներին, ովքեր արհեստական ընդհատումից առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չեն տրամադրել կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չեն կատարել:
Համբարձումյանից հետաքրքվեցին, 20 տարի առաջ, երբ ինքն էլ աբորտներ էր իրականացնում, կնոջը տեղյակ պահո՞ւմ էին հնարավոր վատ հետևանքների մասին, պատասխանեց. «Ժամանակին, ցավոք սրտի, նման պրակտիկա չկար: Աբորտը միակ տարբերակն էր: Հիմա նման խնդրի առաջ չկանգնելու համար տարբերակները շատ են, պաշտպանվել կա»:
«Սլավմեդ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Մխիթարյանի խոսքով, ինքը հրաժարվում է հղիության ցանկացած ժամանակահատվածում աբորտ անելուց. «Նույնսիկ եթե կինը 5 շաբաթական հղիություն ունի»:
Նրա դիտարկմամբ, հիմնականում դիմում են նույն սեռի երկու-երեք երեխա ունեցողները. «Չգիտես ինչու միշտ ուզում են հակառակ սեռի մեկ երեխա էլ ունենան: Եղել են դեպքեր, երբ դիմել է երեք տղա ունեցող, ուզեցել է ազատվել տղա երեխայից»:
Գինեկոլոգը կարծում է, որ այս պարագայում 3 օր տրամադրվելիք ժամանակահատվածը ոչինչ էլ չի փոխի:
Ինչ վերաբերում է աբորտի պարագայում սպասվող հետևանքներին, ապա բժշկուհու խոսքով, իրենք ներկայացնում են բոլոր կնոջ առողջությանը սպառնացող հնարավոր բոլոր վտանգներն ու սպառնալիքները. «Օրինակ, տեղեկացնում ենք, որ դա կարող է հանգեցնել չբերության, կյանքում այլևս երեխա չի կարող ունենալ, գուցե արգանդը վնասվի, ինչի հետևանքով արդեն այն պետք է հեռացվի»:
Ա. Մխիթարյանն ասում է, որ իրենց կենտրոնում կանանց այս մասին տեղեկացնում են, սակայն աբարտ չեն անում: Հետևանքների մասին իմացող կանայք, ըստ բժշկին հասած տեղեկությունների, այլ բժիշկների մոտ են շտապում. «Բժշկից շատ բան կախված չէ, որոշողը կինն է»:
Աբորտ անելու համար կնոջ կողմից գրավոր դիմումի պարտադիր սահմանելը, բժշկուհու խոսքով, կարող է ռիսկեր առաջացնել, օրինակ, ինչ-որ բաների դիմաց բժիշկը կարող է փոխել ինչպես գրավոր դիմումի ժամկետը, այնպես էլ հղիության ժամկետը:
«Մենակ տուգանքով ու արգելքով աբորտների թվի նվազման չես կարող հասնել»
Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը համոզված չէ, որ եթե փաստաթուղթն իրավական ուժ նստանա, այլևս սեռով պայմանավորված աբորտներ չեն լինի: Դրա համար, ըստ նրա նախ հարկավոր է գիտակցության փոփոխություն. «Մենակ տուգանքով ու արգելքով աբորտների թվի նվազման չես կարող հասնել, աշխարհի փորձ կա, ամբողջ երկիրը, բոլոր ընտանիքները պետք է այդ խնդրի նկատմամբ վերաբերմունքը փոխեն, գիտակցության մակարդակում պետք է փոփոխություն լինի: Ես զգում եմ, որ նման փոփոխություն այսօր կա, օրենքը կարող է աշխատել, որովհետև այդ առումով բարենպաստ դաշտ կա»:
Անդրադառնալով կնոջը տրամադրվող 3 օրվա արդյունավետության մասին հարցին, Գ. Ավագյանը վկայակոչում է միջազգային փորձը: Նկատում ենք, որ հայ կանանց պարագայում միջազգային փորձին ապավինելն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ քիչ չեն դեպքերը երբ Հայաստանում կինը աբորտի որոշման հանգում է ամուսնու, սկեսրոջ կամ մոր դրդմամբ:
«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի անցկացված հետազոտության տվյալների համաձայն, հիմնականում սեռով պայմանավորված աբորտ անելու որոշումը ամուսիները համատեղ են կայացրել, միայն 2-3 տոկոսի դեպքում է, որ որոշման վրա ազդել են ընտանիքի անդամները»,-ասաց Գ. Ավագյանը:
Ինչ վերաբերում է հնչած այն տեսակետին, թե խիստ սահմանափակումների դեպքում ընդհատումների թիվը չի պակասում` պակասում է միայն անվտանգ ընդհատումների թիվը, Գ. Ավագյանը նկատում է. «Ինչո՞ւ պետք է նվազեն, ինչո՞ւ չպետք է դիմեն բժշկին: Հիմա հարյուր տոկոսով դիմում են բժշկին, վերջին 7 տարվա ընթացքում հղիության արհեստական ընդհատումից մարդ չունենք մահացած, դա խոսում է այն մասին, որ մեր կանայք տնային պայմաններում աբորտ չեն իրականացնում: Հիմա մենք կանոնակարգել ենք, «Սայտոտեկը» ազատ չի վաճառվում: Հեքիմների մոտ չեն գնում»:
Ինչ վերաբերում է բժիշկների համար սահմանված տուգանքներին, ապա Ավագյանը հիշեցնում է, որ աբորտը օրենքով թույլատրված, վճարովի ծառայություն է. «Ես բնավ չեմ մտածում, որ մեր բոլոր բժիշկներն օրինազանց վարքագիծ ունեն: Նրանք օրենքին ենթարկվող քաղաքացիներ են, իսկ եթե չեն ենթարկվի, տուգանք կկիրառվի, ես դրան դեմ չեմ»:
Ավագյանը նկատում է, որ բժիշկների 90 տոկոսը ամսական 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դժվար թե ռիսկի դիմի, խախտում անի ու ողջ աշխատավարձը որպես տուգանք վճարի. «Ես այդպես եմ կարծում, միգուցե իրենք կանեն, կյանքը ցույց կտա»:
Նկատնեք, սեռով պայմանավորված աբորտներն արգելող օրինագծի վերաբերյալ գործող բժիշկների կարծիքներ լսելու համար WomenNet.am-ը փորձեց զրուցել եւս մի քանի բժիշկների հետ: Նրանց մեծ մասը խուսափեցին, հայտնելով, որ հարմար պահի չենք զանգահարել: Իս ընդհանրապես, բոլորն էլ հավաստիացնում են, որ աբրդտ չեն անում ընդհանրապես:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում
Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…
Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Դիտումների քանակը` 4213