Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար
Հայրենի կառավարությունը այս հարցի պատասխանը չգիտի, ուստի դեմ արտահայտվեց նորաստեղծ ընտանիքներին 300 հազար դրամ տրամադրելու վերաբերյալ նախագծին :
«Օրինաց երկիր» խմբակցության անդամները Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը հանդես էին եկել օրենսդրական նախաձեռնությամբ` կառավարությանը ներկայացնելով «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ օգնություն նշանակելու մասին» նախագիծը:
Նախագծով ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում են յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի տրամադրել 300 հազար դրամ միանվագ դրամական օգնություն: Հեղինակների համոզմամբ, օրենքի ընդունումը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին լուծել առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաևկնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրության և ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը:
Այս նախագծի քննարկումն այսօր ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստում ասաց, որ նման օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ, գործադիրի անդամներն էլ համաձայնեցին նախարարի հետ:
«Ողջունելով Նախագծի հեղինակների բարի նպատակադրումները, միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ընդունման դեպքում այն կարող է մնալ առանց անհրաժեշտ ֆինանսական ապահովման»,-նշեց նախարար Ասատրյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացվելիք վարչապետ Տիգրան Սարգսյանի եզրակացության մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում, կառավարության ներկայացուցիչը բացատրում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը:
Կառավարությունը համարում է, որ նախագծի ընդունումը բերում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, սակայն նրանում նշված չէ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման ֆինանսավորման աղբյուրը, որն անհրաժեշտ է հստակեցնել:
«Եթե այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ապա այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով: Ուստի, վերջինիս ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման: Ըստ վիճակագրության` տարեկան ամուսնությունների թիվը 10000 է, որից մոտավորապես 8000-ը՝ առաջին անգամ գրանցվող, և, հետևաբար, նախագծի ընդունման դեպքում պահանջվող գումարի մոտավոր չափը կկազմի 8000 x 300000=2,4 մլրդ դրամ», – ասված է կառավարության պատրաստած եզրակացության մեջ:
Ելնելով նշվածից Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ արտահայտվեց ներկայացված տեսքով նախագծի ընդունմանը:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ թեմայի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 4668