Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

Երևանի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունքի միջանցք. մոխրագույն պատեր, հին ու քրքրված պաստառներ, որոնք պատմում եմ մայր լինելու բերկրանքի մասին, բետոնե հատակ, անբարեհամբույր միջավայր ու բժիշկների կաբինետների դռները գրկած կանայք: Նրանցից մեծ մասը հղիներ են, սակայն դեմքի արտահայտությունն այնպիսին է, կարծես իրենք էլ, սրտի տակ տաքուկ տեղավորված ապագա բալիկն էլ կառափնարան բարձրանալու են պատրաստվում…

 

 

«Գ… Մարինե, անցեք ներս»,- լսվում է գինեկոլոգի կաբինետից: Սիրունիկ բուժքույրը նույնիսկ չի էլ նայում հերթի մեջ կանգնած կանանց ու շտապում ներս` ներսում շոկոլադն ու տաք սուրճն է, հեռուստացույցով էլ սիրելի սերիալի հերոսները հերթական հարցերն են պարզում: Իսկ Մարինեն, որ մինչ այդ գլխիկոր նստած էր, ձեռքը խլում է մոր ձեռքից ու աչքերն այդպես էլ չբարձրացնելով մտնում ներս:
5 րոպե, 10 րոպե, 15… հերթում կանգնած կանանց համար ժամանակը շատ դանդաղ է անցնում, անգամ փնչոցներ են լսվում` «երբ պիտի դուրս գա, գնամ հասնեմ գործերիս», «էս ինչ երկար մնաց» և այլն: Իսկ Մարինեի համար ներսում անցկացրած րոպեներն ընդամենը ակնթարթ էին:

 

 

«Հղիությունս պիտի ընդհատեմ, մարդս ա ասել: Մերոնք էլ ի՞նչ` ինչ կարան, ինչ էլ անեն: Պապաս ասեց` մտքիցդ կհանես, որ կարաս հետ գաս, քո երեսից հարևանությանս դեմը հո խայտառակ չե՞մ լինելու: Ես քեզ չեմ ընդունի` ինչ ասում ա էն էլ կանես: Մամաս էլ իմ նման` ինչ ասել ա, էն էլ արել ա սաղ կյանքը… »,- նախքան այդ մռայլ ու անբարեհամբույր բժշկական բաժանմունք հասնելը պատմում էր Մարինեն:

 

 

Բոլորովին վերջերս է ամուսնացել. 1.5 ամսվա հարս էր, երբ աստիճանները բարձրանալիս ուժեղ սրտխառնոց ու գլխապտույտ է զգացել, բայց տանը ամուսնու ու սկեսուրի ուրախությունը հանդիպելու փոխարեն` նախազգուշացում է լսվել. «Մամ , մի հատ կիմանաս, երբ են «էխո» անում`անենք, որ աղջիկ եղավ հանի: Էս իմ նեղ մաջալին մի հատին հազիվ յոլլա տանեմ, բայց պտի տղա լինի»,- հայտարարել է ամուսինն ու դուրս եկել տանից: Սկեսուրն էլ փակվել սենյակում, սկսել հեռախոսով բանակցություններ վարել սրա-նրա հետ, որպեսզի լավ գինեկոլոգ գտնեն, հետագայում էլ` էժան աբորտ անող:

 

 

Ու գտել են, ավելին` բժիշկն ասել էր, որ թե ուզում են Մարինեի համար անվնաս անցնի ու հետագայում էլ կարողանա երեխա ունենա, կարող է դեղորայքային աբորտ անի, դա մոտ 60 հազար կարժենա` 20-ն իրեն կտան կոնսուլտացիայի համար, 40-նն էլ կգնա իր գրած դեղերի վրա: Իսկ թե չէ` 50 դոլարով էլ աբորտ անող կա, «բոլորն էլ չոր աշխատավարձի պատճառով աբորտ չէ` արհեստական բեղմնավորում են սովորել անել» հավաստիացրել էր «ծանոթով» բժիշկը:

 

 

Բայց գինեկոլոգի կաբինետում, որտեղից դուրս եկավ Մարինեն, բացատրել էին` դեղորայքային աբորտ անելը վտանգավոր է և որևէ բժիշկ չի կարող դրա հավանությունը տալ` անգամ, եթե հղին գրություն ստորագրի, որ տեղեկացված է եղել հետևանքների մասին: Այն սովորաբար անում են մինչև 6-շաբաթական ժամկետը, դրանից հետո չի կարելի, վտանգավոր է, և միակ ճանապարհը ավանդական աբորտն է:

 

 

«Մամ, վախենում եմ, ո՞նց թողնեմ դանակով ինձ քերեն: Մամ, ա~խր….» ,- հեկեկում էր Մարինեն , իսկ այն կանայք, որ մինչ կաբինետից դուրս գալը դժգոհում էին նրա ուշանալուց, փորձում էին հանգստացնել 19-ամյա «կիսամորը»: Մայրն էլ զերծ չմնաց. «Բալես, ես երկու աբորտ եմ արել, սաղ եմ…դե հիմա ի՞նչ անես: Ոչինչ, մի լացի, խի հո վերջինը չի՞…էնքան դեռ կհղիանաս….լավ բժիշկ կգտնենք, նենց կանի` բան չես էլ հասկանա»:

 

 

Որտեղի՞ց իմանար Մարինեն, որ իր տառապանքներին զուգահեռ միջազգային կառույցներում, Հայաստանից հեռու ու նույնիսկ դույզն ինչ Հայաստանի տեղը չիմացող պաշտոնյաները մտահոգված քննարկում էին, որ սելեկտիվ աբորտների թիվն անհանգստացնող չափերի է հասնում նույն Հայաստանում, Ալբանիայում և այլուր: Եվ որ նրանք միջոցներ են փնտրում, որպեսզի կանխեն այդ արատավոր երևույթը, այլապես, եթե այսօր ամեն 100 աղջկա դիմաց ծնվում է 115 տղա, 20 տարի անց սեռերի այդ տարբերությունը հասարակությունում իր բացասական ազդեցությունը կունենա:

 

Բայց…Մեկ շաբաթ անց Մարինեն դարձյալ մտավ գինեկոլոգիական բաժանմունք, սակայն այս անգամ մնաց այդ մռայլ պատերում մեկ ամբողջ օր: Չծնված աղջնակին, ում 7.5 ամիս անց նախատեսում էր Լիլիթ անվանել, թողեց հիվանդանոցում. հաջորդ օրը առավոտյան 9.30 ամուսինը նրան դիմավորեց հիվանդանոցի դռների մոտ, ձեռքից վերցրեց փոխնորդ հագուստով տոպրակը, դրեց այն մեքենայի բեռնախցում ու ճանապարհին գրեթե բառ չփոպխանակելով ու Մարինեին տուն հասցնելով` շտապեց աշխատանքի: Սկեսուրը սիրած սերիալի կրկնությունն էր նայում ու անդարդ սուրճ ըմպում… ոչինչ չի եղել, ոչինչ էլ չի փոխվել:

 

Պարզապես Հայաստանում մեկ Լիլիթիկով պակաս մանկապարտեզ հաճախող կլինի, ապագայում մեկ Լիլիթ «հնազանդ եմ» Աստծո առաջ էլ չի ասի, իսկ խոր ծերությունում էլ գուլպա չի գործի թոռան համար: Ոչինչ չի եղել, ոչինչ էլ չի փոխվել…

 

2000թից մինչև 2010թթը, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում նվազել է մինչև 20 տարեկանների տարիքային խմբում մայրանալու ցուցանիշը. եթե 10 տարի առաջ ծնունդների ընդհանուր թվի մեջ 5 հազարը կամ` 20 տոկոսից ավելին կազմում էին մինչև 20 տարեկան մայրերը, ապա 2010թի տվյալներով 44825 ծնունդների մեջ ընդամենը 3900-ն է մայրացել այդ երիտասարդ տարիքումԻսկ այդ թվից 8577-ը չի ծնվել` հավանաբար Մարինեի նման ճակատագրեր են ունեցել նրանց մայրերը ու ստիպված են եղել դիմել հղիության արհեստական ընդհատման մեթոդի:

 

 

Մինչդեռ բոլորս էլ հասկանում ենք` այս թիվն իրականում շատ ավելի մեծ է, քանզի ոչ բոլոր կանայք են հղիությունն ընդհատում այնպիսի հաստատություններում, որոնք հաշվետու են առողջապահության նախարարության առջև: Շատերը դա արել ու որքան էլ ցավալի է` շարունակում են անել ուղղակի տանը` գործելու շուղի, տաք վաննայի, որովայնին ուժեղ հարվածի կամ այլ` կյանքին ու առողջությանը սպառնացող միջոցների կիրառմամբ:

 

 

Ու վստահաբար այդպես էլ լինելու է այսուհետ, քանի որ այդպես էլ եղել է 5, 10-30 տարի առաջ. որքան էլ չձգտեն համապատասխան պաշտոնյաները ու միջազգային կառույցները արգելել «էխո»-յով սեռի հայտնումը ծնողներին կամ ընդհանրապես աբորտները, մեկ է` հայը ելք կգտնի ու բժշկի գրպանը 5 հազարանոց դնելով ` ապագա երեխայի սեռը կիմանա: Դե իսկ մնացածը, ինչպես ասում են ռուսները` дело техники:

 

 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

 

 

Դիտումների քանակը` 4045

Գլխավոր էջ