Ողջո՛ւյն, եթերում «Ռադիո Մարտունին» է

Ողջո՛ւյն, եթերում «Ռադիո Մարտունին» է: Առաջին օնլայն ռադիոն Մարտունիում: Ձեզ հետ խոսում է ծրագրի հեղինակ և  վարող Լիանա Հովհաննիսյանը…

 

 Մասնագիտությամբ  լրագրող Լիանան միշտ եղել է  պրպտող,  հետաքրքրասեր, ցանկացած նորություն նրա  համար մտածելու,  վերլուծելու,  համակողմանիորեն ուսումնասիրելու խթան էր: Ու քանի որ ոչ միայն Մարտունիում, այլև ողջ հանրապետությունում «պատի ռադիոն» հուշ էր  դարձել, Լիանան որոշեց  օգտվել համացանցի  ընձեռած հնարավորությունից:

 

-Մտածեցի, որ, եթե  կարողանում ես  տիրապետել  համակարգչին ու օգտվել  համացանցից,  ինչո՞ւ չստեղծել օնլայն ռադիո ու բնակիչներին  տեղեկացնել մեր  քաղաքի անցուդարձին: Տեսնում ես  խնդիրներ, որոնք այդպես էլ  լուծում  չեն ստանում, ցանկանում ես  մասնակցել  համայնքի բարելավմանը, ուզում ես  ինչ-որ բանով նպաստել համայնքային  խնդիրների լուծմանը: Ու որոշեցի կյանքի կոչել  գաղափարս, ուզեցի որ տեղեկատվություն հաղորդեմ  իմ  համաքաղաքացիներին, -պատմում է Լիանան: Որոշեց ու անցավ գործի:

 «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ սոցիալական նորարարական գաղափարների հավաք էին  հայտարարել, Լիանան էլ  ռադիո ստեղծելու իր գաղափարը  ձեւակերպեց եւ ներկայացրեց  խորհրդի ուշադրությանը: Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության էին արժանացրել նաեւ Մարտունիում օն-լայն ռադիո ստեղծելու ծրագիրը: Մեկնարկը տրվեց http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում:

 

2013 թվականին առաջին  օնլայն  հաղորդման անդրանիկ եթերը  հեռարձակվեց  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունից»: Համայնքային խնդիրների վերհանման, բարձրաձայնման, լուծման, վերահսկման, իրադարձությունների լուսաբանման հարցում Լիանան ուներ աջակիցներ, ովքեր  համայնքային  լրագրողներ են:

 

2015թ -ին, երբ  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն  իրականացնում էր «Մարտունի ԻնֆոՏուն» ծրագիրը, Լիանայի մոտ ծագեց նաեւ բլոգ  ստեղծելու գաղափարը: 2016-ին  նա  իրականացրեց  այն՝ ստեղծելով Մարտունի Ինֆոտուն բլոգը, որն  իր խոսքով  հնարավորություն է ընձեռում տեղեկատվության ձեռք բերման ավանդական միջոցներից անցում կատարել դեպի նոր սոցիալական մեդիա՝  ապահովելով  տեղեկատվության ավելի մեծ հասանելիություն:

 

Լիանան  հետաքրքրված է  նաև քաղաքի դեռահասների ու երիտասարդների առօրյայով:

 

-Սիրում եմ  աշխատել դեռահասների հետ, ստեղծել ենք խմբեր, գրագիտության  դասեր եմ  տալիս, դասընթացների ժամանակ  զրույցների միջոցով ցանկանում եմ  նրանց մոտ զարգացնել  քննադատական  մտածողություն, դիտողականություն, որպեսզի  շրջապատի հանդեպ չլինեն անտարբեր, չեմ ուզում, որ սպառողական  հասարակության  մաս կազմեն: Դեռահասների առօրյան  սահմանափակվում է  դպրոց-տուն- կրկնուսույցի մոտ պարապմունքով,  ընդամենը այսքանը: Մինչդեռ իմ  նպատակն է  նրանց  մոտ  հետաքրքրություն առաջացնել  նաև այլ  գիտությունների, հասարակական  կյանքի այս  կամ այն երևույթի հանդեպ, ուզում եմ, որ լինեն  բազմակողմանի զարգացած մարդիկ ու քաղաքացիներ,- պատմում է   Լիանան:

Մարտունու տարածաշրջանը արտագնա աշխատողների քանակով  ռեկորդային է հանրապետությունում, ուստի հատկապես  երիտասարդներին իր հողի վրա  պահելը  օրակարգային  հարց է, որը համատեղ ուժերով  լուծելու խնդիր է: Այս  հարցում իր նպաստն է  ներդնում  նաև Լիանան: Կարևորը հարազատ համայնքի ու քաղաքի  հանդեպ երիտասարդի  հոգում սեր ու  սրտացավություն առաջացնելն է: Իսկ այդ  նպատակով Լիանայի գաղափարները թղթի վրա չեն  մնում: Հաճախակի կազմակերպվող բազմատեսակ  միջոցառումները՝ քննարկումները,  դասընթացները,  սոցիալական  և մշակութային միջոցառումները, զրույցներն ու   կինոդիտումները  երիտասարդներին  համախմբելու լավագույն  միջոցն են: Դպրոցականների հետ հանդիպումներն ու զրույցները օգնում են  բացահայտել շնորհալիներին, այսօր  բացահայտում են  լրագրողին,  վաղը՝ նկարչին, ճարտարագետին, բժշկին կամ էլ  կառավարման  համակարգի ապագա  մասնագետին:

 

-Շատ եմ  ցանկանում երիտասարդներին  այստեղ  պահել,  կապել  համայնքին, քաղաքին, դրսում  փնտրվող աշխատանքը  թող  գտնեն այստեղ: Ինձ  համար ուրախալի է, որ Մարտունիինֆո բլոգում բարձրացված  սոցիալական  թեմաներին արձագանքում են  նաև տեղական  իշխանությունները, որոշ հարցեր  մեր բլոգի շնորհիվ  լուծվում են: Երբ  օրվա  վերջում փորձում եմ ստուգել բլոգ այցելողների  թիվը, ուրախանում եմ, երբ որոշ նյութերի դիտումները 800-ից ավելի են  լինում,-հավելում է Լիանան:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2753

Գլխավոր էջ