Ո՞ւմ և ինչի՞ համար էին քննադատում համաժողովում
Տնտեսության թեման գերակա էր օրակարգում, տարբեր տեսանկյուններից այն հնչում էր պլենար նիստերում և սեկցիաներում: Կենտրոնացնելով ծրագիրը տնտեսական հավասարության խնդիրների վրա` կազմակերպիչները հիմնարար հարցեր էին առաջադրում. ը՞ւմ են պատկանում ռեսուրսները, որո՞նք են աշխատանքի շուկայուն գենդերային դերերը, ինչպե՞ս են վաստակում տղամարդիկ և ինչպես` կանայք, որքա՞ն արժի տնային աշխատանքը, ինչպե՞ս է ճգնաժամն ազդել տղամարդկանց և կանանց վրա: Այս հարցերը և դրանց պատասխանները տնտեսագետների, քաղաքագետների և սոցիոլոգների խոր ուսումնսաիրությունների արդյունք են:
Ինչպե՞ս չափել կանանց տնային աշխատանքը
Համաժողովում մեծ տեղ էր զբաղեցնում նեոլիբերալիզնի քննադատությունը: Զեկուցողները խոսում էին կանանց վրա ճգնաժամի ազդեցության մասին, այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը, մասնակիցներից մեկի բնորոշմամբ, ունի արատավոր «թունավոր» զարգացում՝ ամեն ինչ վերածել շուկայի և ամեն ինչ ապրանք դարձնել: Սակայն այս աշխարհում ամեն ինչ ապրանք չէ` պնդում են կանայք, հնարավոր չէ ամեն ինչ գնել կամ վաճառել, անհնար է ամեն ինչ փողով չափել: Կնոջ աշխատանքը հաճախ գտնվում է հենց այս հարթությունում` մշտական, աննկատ և չգնահատված, բոլոր մշակույթներն այն դիտարկում են որպես կանանց տեսակի անբաժանելի բնութագիր: Խոսքը ընտանիքը պահելու կանանց ամենօրյա աշխատանքի մասին է, դրա վրա միլիոնավոր ժամեր են ծախսվում: Այդ աշխատանքը և դրան տրամադրված ժամանակը լռության մատնելը, թերևս, կանանց խտրականության ամենազանգվածային եղանակն է: Ֆեմինիստ տնտեսագետ-վերլուծաբաններն ասում են. պետական բյուջեները, որոնք հաշվի են առնում միայն դրամի վերածված աշխատանքը, կեղծ են, քանի որ դրանք չեն ներառում ամենատարողունակ աշխատանքի ծախսը: Ինչպե՞ս այն չափել: Նրանք առաջարկում են որպես ինդիկատոր օգտագործել ոչ միայն դրամը, այլև ժամանակը: Նրանք համարում են, որ հարստության և աղքատության հարցերը չեն կարող դիտարկվել միայն դրամական համարժեքով: Ընտանիքը կարող է ընդհանրապես քաղցից չմեռնել և անհրաժեշտ ծառայություններ գնելու ունակ լինել, սակայն իր կազմում ունենալ բացարձակապես ծանրաբեռնված կին/մայր, որը ոչ մի րոպե ազատ ժամանակ չունի: Այս ընտանիքներն աղքատ չեն համարվում դրամական համարժեքով, սակայն նրանք ժամանակի համարժեքով աղքատության սահմանից այն կողմ են:
Ճգնաժամն առաջին հերթին հարվածում է կանանց
Ֆեմինիստ տնտեսագետները կոշտ քննադատության են ենթարկում հակաճգնաժամային տնտեսական ծրագրերը: Նրանք ասում են` գենդերային բաղադրիչից դուրս ցանկացած գնահատականներ լիարժեք չեն: Պետությունները ստում են, երբ ասում են, որ իրենց հակաճգնաժամային միջոցառումները չեզոք են: Պետական ծրագրերի կրճատումները և ծառայությունների թանկացումն առաջին հերթին հարվածում են կանանց, քանի որ վճարովի ծառայությունների հասանելիության նվազումը հանգեցնում է ընտանիքի ներսում կնոջ ծանրաբեռնվածության ավելացման: Ինչպես միշտ, ընտանիքը և երկիրը գոյատևում են կանանց հաշվին, ավելին, տղամարդկանց իշխանությունը հակված է մինչև վերջ խուսանավել այդ անվիճելի փաստարկից…
«We are the 99%»
Համաժողովում ավանդաբար մեծ տեղ էր զբաղեցնում անդրազգային կորպորացիաների քննադատությունը. կողոպուտի, բռնության, ազգային ռեսուրսները շահագործելու, բնիկ ժողովուրդների տարրական իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներ ցուցադրվեցին: Այս հարցը քննարկվում էր տնտեսության և բնապահպանության հետ շաղկապված: Մեր մոլորակում ապրող մարդկանց 1 տոկոսը ճնշում և շահագործում է մնացած 99 տոկոսին: «I am the 99%»` ժամանակին Ուոլ սթրիթում սկսված գլոբալ ակցիայի այս տարբերակիչ նշանը ամրացված էր համաժողովի բազմաթիվ մասնակիցների բեյջի դարձերեսին:
Ցանկացած պատերազմում` երկու պատերազմ կա
Շատ հետաքրքիր և ոգեշնչող, վերլուծաբանների և ակտիվիստների համարձակության նկատմամբ հարգանք ներշնչող էին միլիտարիզմի և կանանց վրա դրա ազդեցության մասին շնորհանդեսները: Ցանկացած պատերազմում երկու պատերազմ կա: Երկրորդը չհայտարարված պատերազմն է, նրանում զոհվում և խեղանդամ են դառնում ավելի շատ մարդիկ, քան «առաջինում», քաղաքացիական անձանց զոհերը գերազանցում են զինվորականների կորուստները, տնտեսական կորուստներն անհամարժեք են գնահատվում: Ֆեմինիստուհիները պնդում են, որ հաշվվեն ոչ միայն ավերված կամուրջները և այրված տները, այլև վնասի հաշվարկը հենվի ընտանիքի միկրոէկոնոմիկայի, հակամարտության առնչությամբ ընտանիքի գոյության մեջ փոփոխությունների հաշվարկի վրա: Նրանք նշում են միլիտարիզմի և անդրազգային կորպորացիաների տնտեսական շահերի միջև կապը, բարձրացնում են միլիտարիստական բյուջեների գաղտնիության հարցը. Եթե դուք ապրում եք մեր հարկերով, ուրեմն ինչո՞ւ չպատմել , թե ինչպես եք դրանք ծախսում:
Հեղախոխությո՞ւն, թե՞ պատերազմ կանանց դեմ
Կանանց ճնշում է ոչ միայն հակառակորդ կողմի «թշնամին»: Ընդհանուր պայքարում վաղեմի գործընկերը հեշտորեն վերածվում է թշնամու, հենց որ քո կարիքն այլևս չի զգում: Սա բազմիցս վկայել են տարբեր երկրների հեղափոխությունները և ողջ պատմության ընթացքը: Այս մասին էր Եգիպտոսի մասնակցի տպավորիչ շնորհանդեսը վերջերս տեղի ունեցած հեղափոխության մասին, որը մի շարք դրվագներում կանանց դեմ պատերազմ էր հիշեցնում …
Զեկուցումներ Աֆղանստանից, Թունիսից, Թուրքիայից, տասնյակ նստաշրջաններ, որոնցում ողջ սրությամբ էին բարձրացվում կանանց գոյության բոլոր խնդիրները, անարդարությունը, բռնությունը, տղամարդկանց իշխանությունների երկերեսանությունը… Անկեղծ ասած` AWID-ի բոլոր համաժողովներում մի պահ է գալիս, երբ զգում եմ ինչ-որ հուսահատություն: Սակայն այն միշտ հաղթահարվում է կանանց միասնության գաղափարի շնորհիվ: Այս լավատեսությամբ էին համակված AWID-ի գործադիր տնօրեն Լիդիա Ալպիսարի բացման և եզրափակիչ խոսքերը: Դրանով էր համակված համաժողովի եզրափակիչ միջոցառումը` Թաքսիմի Իսթիքլյալ նշանավոր փողոցով կանանց հուժկու երթը…
Գալինա Պետրիաշվիլի
Լուսանկարները՝ հեղինակի
Դիտումների քանակը` 3014