Ո՞րն է հասարակության կողմից «կին քաղաքական գործչի» ընդունելի ու ընկալելի կերպարը
ԱԺ-ի երեկվա միջադեպը՝ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհու Փոստանջյանի երևակայական նամակի ընթերցման հետ, տարաբնույթ մեկնաբանությունների ալիք բարձրացրեց մամուլում և սոցցանցերում:
Ոմանք՝ հավանության արժանացրեցին Փոստանջյանի համառությունը՝ ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելով, մյուսները՝ մեղադրեցին էթիկայի կանոնները խախտելու մեջ, նկատելով, որ օրենսդիրի կողմից ցանկացած օրենքի խախտումը, այս դեպքում ԱԺ կանանակարգի, անընդունելի է:
Դեպքի առնչությամբ վերհիշեցին նրա բոլոր նախորդ «մեղքերը», հատկապես, վերջին աղմկոտ պատմությունը, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը փորձեց սաստել Փոսթանջյանին՝ իրեն իսկ եղանակով: Վերջինս, ցուցադրաբար փորձել էր լքել դահլիճը մեկ այլ պատգամավորի ելույթի ընթացքում՝ ժեստերով ցույց տալով իր անհամաձայնությունը հնչած կարծիքի հետ: Ի պատասխան այդ վարքագծին, Շուշան Պետրոսյանը մեկ այլ վիրավորական ժեստով՝ մատը մոտեցնելով քունքին, ցույց է տվել ելքի դուռը. «Գնա´, գնա´», ինչին հետևել է Զարուհու վրդովմունքը … Այս միջադեպին մամուլը անմիջապես արձագանքեց «Կանանց կռիվ» վերտառմամբ…
Ասել թե տղամարդ պատգամավորների միջև լեզվակռիվները, որոնք երբեմն էլ վեր են ածվել ձեռնամարտի, մամուլի ուշադրության չեն արժանանում , իհարկե չի կարելի: Բնականոն աշխատանքից շեղվող, սենսացիայի թեկուզ աննշան տարր պարունակող ցանկացած երևույթ մամուլում անպայման իր տեղն է գտնում, և պատգամավորները, որոնք իրականում մտահոգված են իրենց իմիջով, պետք է որ զգոն լինեն՝ անկախ սեռից: Սակայն կանանց դեպքում , կարծես թե, կրկնակի սենսացիա է ստացվում…
«Կանանց «բախում» դեռևս չէինք ունեցել Ազգային ժողովում, իսկ դա արդեն top-news է», – նկատեց WomenNet-ի հետ զրույցում քաղաքական հոգեբանության և քաղաքական PR մասնագետ Գայանե Հարությունյանը՝ մեկնաբանելով մեր խնդրանքով ԶԼՄ-ում տեղ գտած աղմուկը Փոսթանջյան- Պետրոսյան ընդհարման հետ կապված:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է հասարակությունը կին քաղաքական գործիչների նկատմամբ ավելի խստապահանջ, ո՞րն է հասարակության կողմից «կին քաղաքական գործչի» ընդունելի, ընկալելի կերպարը և ինչո՞ւ է հասարակությունը «խոշորացույցով » դիտում նրանց` աններելի համարելով ցանկացած թերություն: Ասենք, եթե տղամարդ պատգամավորը դաստիարակվածության կամ կրթվածության հետ ինչ-որ խնդիրներ ունի, նրան՝ քննադատության ենթարկելով չեն հիշեցնում, որ տղամարդ է, իսկ կնոջ դեպքում՝ անմիջապես ընդգծվում է, որ նա կին է…
Գայանե Հարությունյանը, մեր այս հարցերին ի պատասխան, նկատեց, որ հասարակության կողմից ընդունված լինելու համար ` տղամարդիկ և կանայք պետք է գործեն իրենց գենդերային դերերին համահունչ և եթե իրենց վարքագիծը չի համապատասխանում «իսկական տղամարդու» կամ «իսկական կնոջ» կարծրատիպային պատկերացումներին, ապա անմիջապես հիշատակվում է տվյալ անձի սեռային պատկանելիությունը:
« Ասենք, կանայք ավելի զգացմունքային են և առավել հաճախ են կիրառում ժեստերի լեզուն, սակայն նրանցից հասարակությունը պահանջում է վարքի ստանդարտ մոդելներ՝ հանրության առջև լինել ավելի հանդուրժող և հավասարակշռված, ինչպես կենցաղային, այնպես էլ գործնական հարաբերություններում »,- ասաց մասնագետը, նկատելով, որ ըստ այդ դերային մոդելների տղամարդկանց առջև այդ նույն պահանջները նման խստությամբ չեն դրվում, թեպետ անշուշտ պետք է հավասար վերաբերմունք ցուցաբերել անհանդորժաղականության, անդաստիարակության, տգիտության և այլ թերությունների հանդեպ՝ անկախ սեռից:
Մի խոսքով, քանի դեռ առաջնորդվում ենք գենդերային կարծրատիպերով՝ հավասար վերաբերմունք դժվար թե կարելի է ակնկալել: Բացի այդ, իրական քաղաքականության մեջ կանայք այնքան քիչ են երևում, որ հասարակությունում դեռևս չի ձևավորվել կին-քաղաքական գործչի ընդունելի և օրինակելի կերպարը, և մարդիկ շարունակում են «խոշորացույցով» դիտարկել այդազպարեզ մտած յուրաքանչյուր կնոջը ՝ պատասխանատվության ենթարկելով նրան սեռային պատկանելիության և ոչ թե գործնական հատկանիշների համար…
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 3603