Ո՞վ ձեռք կմեկնի միայնակ մայրերին …
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը միայնակ մայրերի խնդիրների հետ կապված ուսումնասիրություն է իրականացնում, որպեսզի հասկանա՝ ինչպե՞ս կարող է համայնքը օգնել շատ հարցերում անտեսված և հաճախ բարդ իրավիճակում գտնվող այդ կանանց: Ուսումնասիրության այս փուլում ուշադրության կենտրոնում են հատկապես սոցիալապես անապահով միայնակ մայրերը:
Ավագանու անդամը նշում է, որ այս հարցի առնչությամբ դիմել է Երևանի չորս վարչական շրջանների համապատասխան բաժիններ՝ խնդրելով տրամադրել այդ շրջաններում բնակվող միայնակ մայրերի կոնկրետ թիվը: Սակայն հստակ թիվ տրամադրել է միայն մի վարչական շրջան, այն էլ, պարզվում է, սխալ: Մինչդեռ, մատնանշում է Իզաբելլա Աբգարյանը, վարչական շրջանների սոցբաժիններն աշխատում են թիրախային խմբերի հետ:
«Ինչևէ, քաղաքապետարանի սոցվարչությունից ստացա անհրաժեշտ թվերը: Երևանում անապահովության գնահատման համակարգում հաշվառված է 1033 միայնակ մայր: Ամենամեծ թիվը՝ 183, Շենգավիթում է, ամենափոքրը՝ Նուբարաշենում, որտեղ կա 8 անապահով միայնակ մայր: Իմ մոտեցումն է, որ այս կանայք իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար, առաջին հերթին աշխատանքի դուրս գալու կարիք ունեն, ու հետևապես նրանց երեխաները պետք է որ մանկապարտեզ ընդունվեն արտահերթ: Սակայն, վարչական շրջանների մեծ մասում իրավիճակն այնպիսին է, որ որևէ մեկին արտոնություն տալու դեպքում առանց այն էլ հերթում «մեծացած» երեխաներն ավելի հետ կընկնեն, ինչը բնականաբար կզայրացնի ծնողներին… Այսինքն, հասկանում ես, որ առանց գլոբալ խնդիրը լուծելու՝ բավարար թվով մանկապարտեզներ ունենալու, չես կարող օգնության ձեռք մեկնել նրան, ում պետությունը պարտավոր է թևի տակ վերցնել»,- մտահոգություն է հայտնել ավագանու անդամը Facebook-ի իր էջում:
WomenNet.am-ի հետ զրույցում նա որոշ մանրամասներ ներկայացրեց այս ցավոտ խնդրի հնարավոր լուծումների վերաբերյալ: Մեր զրուցակցի կարծիքով, լուծումներ իրականում կան և դրանք ոչ միայն համայնքը կարող է առաջարկել, այլ նաև մասնավոր հատվածը…. Եթե ցանկանա…
«Լուծումներից կարող էր լինել, օրինակ այն, որ մասնավոր մանկապարտեզները բարեգործական նախաձեռնությամբ հանդես գային և յուրաքանչյուր տարի՝ առանց գումար գանձելու, իրենց վրա վերցնեին միայնակ մայրերի երեխաների խնամքը: Հատկապես, որ մասնավոր մանկապարտեզների աշպատանքային ժամերը ավելի երկար են ու մայրերը չէին բախվի մինչև 17:30-ը երեխային վերցնելու խնդրին: Բարեգործական այլ նախաձեռնություններ են էլ կարող են լինել: Բայց Հայաստանում հազվադեպ է բիզնեսը ցանկանում սոցիալական նախաձեռնությամբ հանդես գալ, սատար կանգնել համայնքին, որտեղ գործունեություն է ծավալում»,- նշեց նա:
Աբգարյանի խոսքով, շատերը բարեգործություն անելիս որպես շահառու պատկերացնում են միայն մանկատները, քաղցկեղով հիվանդ երեխաներին, սահմանամերձ գյուղերը, իսկ սոցիալապես անապահով միայնակ մայրերը, որպես խոցելի խումբ, գրեթե երբեք չեն դիտարկվում: Այնինչ, դեպքեր կան, որ երեխայի համար հոգ տանել չկարողացող միայնակ մայրը կարող է ստիպված լինել երեխային մանկատուն հանձնել կամ վաղ տարիքից դպրոցի փոխարեն նրան աշխատանքի ուղարկել:
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ հասարակությունը ևս պատրաստ չէ միայնակ մայրերին օգնել՝ կարծրատիպային մտածելակերպը դեռ իրենն ասում է, մարդիկ հաճախ հակված են մեղադրելու կնոջը, եթե նա որոշ հանգամանքների բերումով միայնակ է երեխա մեծացնում …
«Որքան ցավալի է, բայց մեր հասարակությունը երբեմն նույնիսկ դաժան է այս կանանց հանդեպ: Ենթագիտակցորեն նրանց մեղավոր են համարում կամ այլ պիտակներ գտնում: Ոմանք ուժ են գտնում պայքարելու հանուն երեխայի, ոմանք էլ մեկուսանում են իրենց անձնական դժբախտության սահմաններում, դրանից բխող բոլոր նեգատիվ հետևանքներով: Իրականում պետության անուշադրությունից ու հասարակության վերաբերմունքից առաջին հերթին տուժում են երեխաները: Տուժում են, որովհետև միայն երջանիկ մայրն է ի վիճակի երջանիկ միջավայր ստեղծել իր երեխայի համար»,- կարծում է նա:
Եզրափակելով, Աբգարյանը նշում է, որ այս փուլում ինքը, որպես ավագանու անդամ, դեռ ուսումնասիրում է միայնակ մայրերի թիվն ու նրանց օգնելու ուղիները, այդ թվում մասնավոր սեկտորի հետ այս խնդիրը կարգավորելու հարցը, թեկուզ՝ համաֆինանսավորմամբ: Արդյունքը, իր խոսքով, մեծամասամբ կախված է հասարակության հումանիզմից: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը իր ենթակայության տակ գործող մանկապարտեղներին ամսական մեկ երեխայի հաշվով հատկացնում է 22 հազար դրամ, գումարած այլ ծախսերի գումարը՝ ջեռուցում, կոմունալ և այլն:
Լիա Խոջոյան
Ի՞նչ է փաստում պաշտոնական վիճակագրությունը
ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով հանրապետությունում կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմում է` 34.3% (քաղաքային բնակավայրերում՝ 37.7%, իսկ գյուղական բնակավայրերում` 27.8%):
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը 2017թ.-ին ավելի բարձր է տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից (29.2%՝ 24.4%-ի դիմաց): 2017թ.-ին կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները կազմել են աղքատների և ամբողջ բնակչության համապատասխանաբար՝ 32% և 28%-ը:
Միջին հանրապետական մակարդակի համեմատ` մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.6 անգամ) ռիսկ ունեն: Քաղաքային բնակավայրերում նշված տնային տնտեսությունների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարծր է, քան գյուղական բնակավայրերում (42.1%՝ 37.2%-ի դիմաց):
Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2018
Դիտումների քանակը` 2467