Շվեյցարական Կարմիր Խաչը վերսկսում է իր աշխատանքը Հայաստանում տարեցներին ուղղված ծրագրերով
Իր բազմակողմանի մարդասիրական առաքելությամբ հայտնի Շվեյցարական Կարմիր խաչը վերադառնում է Հայաստան մի շարք նոր ծրագրերով: Այս լուրը նշանավորվեց Կոնգրես հյուրանոցում կայացած հոբելյանական միջոցառմամբ՝ կառույցի 150- ամյակին նվիրված ընդունելությամբ:
WomenNet.am -ի հետ զրույցում Հայաստանում Շվեյցարական Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան նշեց, որ կազմակերպությունը աջակցում է հատկապես այն երկրներին, որոնք սեփական ուժերով դժվարանում են լուծել խոցելի խավերի սոցիալական խնդիրները: Այս ուղղությամբ նշանակալի աջակցություն է տրամադրվում Հայկական կարմիր խաչին, որի հետ համատեղ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
– Այս տարի Շվեյցարական Կարմիր Խաչը որոշեց Հայաստանում վերսկսել իր գործունեությունը «Ակտիվ և առողջ ծերացում» ծրագրի իրականացման համար: Առաջիկա 4 տարիների ընթացքում Շիրակի և Լոռու մարզերում պետք է ստեղծվեն տնային խնամքի կենտրոններ տարեցների համար, ովքեր պրոֆեսիոնալ խնամքի կարիք ունեն: Տնային խնամքի համար նախապես պլանանվորել ենք ծրագրում ներառել ոչ պակաս քան 200 շահառու, որոնց մասնագիտական աջակցություն կցուցաբերեն բուժքույրերը: Ծրագրվում է նաեւ ակտիվ ծերացման խմբեր ստեղծել այն տարեցների համար, ովքեր ծերանում են միայնակ: Ի դեպ, մենք օգտագործելու ենք նաև կամավորների ներուժը: Այս ծրագրի իրականացման համար աջակցելու պատարաստակամություն են հայտնել համայնքային համապտասխան կառույցները, օրինակ, քաղաքապետարանները կտրամադրեն տարածքներ,- ասաց Ջինա Սարգիզովան:
Կարևորելով երկրների կառավարությունների, համայնքերի և Կարմիր Խաչի շարժման միջև առկա սերտ կապը Շվեյցարական Կարմիր Խաչի միջազգային համագործակցության ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրգ Ֆրեյն իր ողջույնի խոսքում նշեց, որ Կարմիր Խաչի հիմնադիր Անրի Դյունանն անշուշտ կուրախանար արդյունքներով և հավաստիացրեց, որ սերտ կապն ու համագործակցությունը կունենա շարունակություն: Նրա խոսքով, ուսումնասիրեցին մի շարք տարածաշրջանի երկրներ եւ որոշեցին վերսկսել գործունեությունը հատկապես Հայաստանում: Հիշեցնենք, որ Շվեյցարական Կարմիր Խաչը մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում 20 տարի առաջ:
Շվեյցարական կարմիր խաչի 150-ամյակի հոբելանայական տարելիցը շնորհավորել էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի շնորհավորական ուղերձը ներկայացվեց միջոցառման ժամանակ:
Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակ Կերոլայն Դուլիեզը կարևորեց Հայաստանի մարզերում հիվանդ և միայնության մեջ ապրող տարեցների կյանքն արժանապատիվ դարձնելու նպատակով ստեղծվող կենտրոնների դերը, նշելով, որ հատկապես Տավուշի և Շիրակի մարզերում 20 տարի շարունակ իրենց կողմից ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի նաև Հայկական Կարմիր Խաչի հետ համատեղ մի շարք ծրագրերի իրագործմամբ:
Տարիներ շարունակ Հայկական Կարմիր Խաչի հետ համագործակցության արդյունավետության մասին խոսեց նաևԿարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Մետտե Պետերսեն: Նա նշեց, որԿարմիր Խաչի համակարգը կայացել է հատկապես պատերազմական իրավիճակներում, երբ անհրաժեշտ էր վիրավոր զինվորներին ցուցաբերել անկողմնակալ և մարդասիրական օգնություն, ինչն առանց խտրականության իրականացնում էր Կարմիր Խաչը: Տիկին Պետերսենը վստահեցրեց, որ Շվեյցարական կարմիր խաչի արհեստավարժ մասնագետների կողմից Հայաստանում իրականացվող առաջիկա ծրագիրը ոչ միայն կլինի արդյունավետ, այլև դրան կհաջորդեն նոր ծրագրեր:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հանարապետության բնակչության 12,9 տոկոսը տարեցներն են՝ 63 տարին լրացած : Տարեցների 70 տոկոսը քաղաքաբնակ է: Տարեցների ընդհանուր թվում կանայք գերակշռում են՝ 59 տոկոս են, ինչը հետևանք է կանանց կյանքի միջին տևողության համեմատաբար ավելի բարձր ցուցանիշի: Հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվից (198619 մարդ) տարեց մարդիկ կազմում են 31,3 % (62119 մարդ), կամ տարեցների ընդհանուր թվի 15.6 %-ը:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում
Տարեցները Կայուն զարգացման օրակարգում
Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն
Արժանապատիվ ծերության սպասելիս
«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…
Դիտումների քանակը` 2996