Շուշան Պետրոսյան. «Սեր եմ ուզում տեսնել խոսքերի մեջ, թե չէ` ատելություն, ատելություն…»
Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը դրական է գնահատում: «Ախր լավն է մեր քաղաքապետը, ախր լավն է Տարոն Մարգարյանը: Ես դա չեմ ասում սուբյեկտիվորեն, ես տեսնում եմ, թե մարդիկ ինչ են խոսում նրա մասին, չէ որ ես նույնքան քաղաքացի եմ: Բոլորը սիրում են Տարոն Մարգարյանին, գործ անող մարդ է Տարոն Մարգարյանը, աշխատասեր է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գնահատելով քարոզարշավի ընթացքը, ասաց ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Նրա համոզմամբ, դժվար է աշխատել, երբ «4 կողմից քարկոծվում ես»: «Թողեք թող աշխատի էլի, չէ՞ որ լավ բան է արվում, ինչի՞ չեք գնահատում: Լավ բան չի արվում, այդ մասին էլ է բարձրաձայնվում», -նկատեց պատգամավորը` ընդգծելով, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն հաղթելու է:
Դիտարկմանը, թե Հայ Ազգային կոնգրեսը հայտարարեց ագրեսիվ քարոզչության մասին և բարձրաձայնեց խախտումների ու «Երևան» հիմնադրամում գումարների չարաշահումների մասին, որոնց համար մեղադրվում էր հենց Տարոն Մարգարյանը, Շուշան Պետրոսյանն ասաց, որ այդպիսի հայտարարություններին ինքը վատ է վերաբերվում:
«Երևանը չի կարող կառավարել մարդ, որը բացի ատելությունից ու բացի զազրախոսությունից, որևէ բան չի անում: Չի կարելի էդպես, առհասարակ: Երևանի քաղաքապետ դառնալու համար եթե գալիս ես ծրագրով, սեր եմ ուզում տեսնել խոսքերիդ մեջ, թե չէ` ատելություն, ատելություն, ատելություն: Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես», -հավելեց Շուշան Պետրոսյանը:
Աղբյուրը՝ Panorama.am
Դիտումների քանակը` 5673