Շնորհավոր Ապրիլի 7-ը. բարեմաղթանքներով փուչիկները հասան երկինք…
«Ուզում եմ, որ կանայք ազատագրվեն, ինքնագիտակցությունը բարձրանա, որ չվախենան խոսել, ապրել, իրենց կարծիքն արտահայտել»,-այս եւ նմանատիպ այլ մաղթանքներով այսօր մի խումբ երիտսարդներ շնորհավորեցին Ապրիլի 7-ը՝ Մայրության եւ գեղեցկության տոնը:
Հյուսիսային պողոտայում մոտ երկու տասնյակ աղջիկներ եւ պատանիներ իրենց, Հայաստանի ու աշխարհի կանանց ուղղված ցանկությունները գրեցին թերթիկների վրա, դրանք փակցրեցին փուչիկներին, ապա բաց թողեցին` ուղարկելով դրանք դեպի երկինք:
«Ես իրոք հավատում եմ, որ իմ` երկինք ուղարկած փուչիկն ունի անչափ դրական էներգիա, դրական զգացողություններ: Ուզում եմ` կանայք գնահատված լինեն: Մաղթանքս թող որ իրոք տեղ հասնի…. Սեր, սեր, սեր եմ նաեւ մաղթում»,-ասաց մասնակիցներից Գոհար Հայրումյանը: Երիտասարդները չէին մոռացել նաեւ խորհրդարդանական ընտրությունների մասին. նրանք մաղթում են նաեւ, որ բոլոր կին թեկնածուները հաղթեն:
«Ես, իհարկե, չեմ կարծում, թե կոնկրետ այս փուչիկն ինչ-որ բան կփոխի, բայց հավատում եմ, որ սա եւս մեկ քայլ է ընդհանուրի մեջ, նաեւ քաղաքացիական նվեր»,-համոզված է մասնակիցներից Արմինե Ապրեսյանը:
Հավաքվածների ցանկությունները տարբեր էին, սակայն մի բանում բոլորը համոզված էին. կանայք եւ տղամարդիկ հավասար են եւ միայն միասին կարող են շենացնել մեր երկիրը, իսկ տոնը պարզապես առիթ է` եւս մեկ անգամ հիշելու այդ մասին եւ այն գեղեցիկ պահերով հագեցնելու համար:
Ակցիան, ի դեպ, նախաձեռնել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն:
Մարիամ Մուղդուսյան
Դիտումների քանակը` 6503