Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
Երեկ Երեւանում կայացած «Գյուղմթերք արտադրող կին հերոս 2014» ազգային մրցանակաբաշխությանը նվիված հանդիսության ընթացքում ամփոփվեցին նաեւ ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի արդյունքները՝ մարզային լրագրողների, հանրային թղթակիցների և բլոգերների մասնակցությամբ: Մրցույթի անցկացման կազմակերպչական աշխատանքներին իրենց ներդրումն են ունեցել Ասիական Զարգացման Բանկը եւ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ն:
Արդյունքները ամփոփվել էին ժյուրիի կողմից , որի կազմում ընդգրկվել էին ՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակից՝ գենդերային հարցերով պատասխանանտու Ագապի Հարությունյանը եւ «Հաշվետու կառավարում» ծրագրի ղեկավար Լիլիթ Չիթչյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Կարմիրշալյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ից՝ գենդերային հիմնախնդիրներով փորձագետ Լիլիթ Զաքարյանը:
Մրցույթին ներկայացվել էին 48 աշխատանք՝ տպագիր եւ առցանց հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ եւ ռեպորտաժներ, բլոգային նյութեր:
Աշխատանքները գնահատվել են հետեւյալ չափանիշներով.
- Նյութի բովանդակության համապատասխանությունը մրցույթի թեմային / 0 – 5 բալ/
- Նյութի մատուցման ստեղծագործական եւ օրիգինալ ոճը / 0 – 5 բալ/
- Վերնագրի համապատասխանությունը նյութի բովանդակությանը / 0 – 5 բալ/
- Նյութի գենդերային զգայունությունը / 0 – 5 բալ/
- Բարձրացված հիմնախնդրի ներկայացման խորությունը կամ հանրային հնչեղությունը/ 0 – 5 բալ/
- Ներկայացված տեղեկատվության եւ փաստերի հավաստիությունը / 0 – 5 բալ/
- Մեկնաբանությունների, փորձագիտական գնահատականների կամ հիմնախնդրի վերլուծության առկայությունը նյութում / 0 – 5 բալ/
Հաղթողները արժանացան մրցանակների և շնորհակալագրերի:
Առաջին մրցանակին հավակնող բալային շեմը ժյուրիի կողմից սահմանվել էր՝ 130-140 գումարային բալի շրջանակներում: Երկրորդ մրցանակի համար՝ 125-130 բալ եւ 3-րդ տեղի համար՝ 120-125 բալ: Շնորհակալագրերի են արժանացել 115-120 բալ ստացած աշխատանքները: Չնայած ներկայացված աշխատանքներում շոշափված թեմաների բազմազանությանը եւ կարեւորությանը մրցույթային նյութերից ոչ մեկը չհավաքեց 130-140 բալ եւ ժյուրին որոշեց չսահմանել 1-ին մրցանակ:
Երկրորդ մրցանակին արժանացել են՝
Վահրամ Օրբելյանը «Սյունյաց Երկիր» թերթից՝ « Ծանր, անչափ ծանր է գործազուրկ կնոջ խաչը» հոդվածի համար;
Արման Տեր-Արսենյանը Տավուշի հեռուստաընկերությունց ՝ « Հույսի եւ լույսի շողով » հեռուստատեսային նյութի համար :
Երրորդ մրցանակը ստացավ.
Հանրային թղթակից Անուշ Համբարյանը Լոռու մարզից՝ «Բռնության միևնույն սցենարը մեզնից հարյուր տարի առաջ և այսօր՝ մեզնից հարյուր մետր այն կողմ» բլոգային նյութի համար:
Շնորհակալագրերի արժանացան .
Անհատ լրագրող Սիրվարդ Մալինցյանը Կոտայքի մարզից ՝ « Անձնական «ես» -ի երկաթե շղթաները» բլոգային հոդվածի համար;
Հրազդան հեռուստաընկերության լրագրող, APRA- ի (Հայաստանի հասարակայնության հետ կապերի ասոցիացիա) անդամ Արևիկ Հակոբյանը ՝ « Կանայք ՏԻՄ-երում» հեռուստատեսային նյութի համար;
Գորիսի մամուլի ակումբի անդամ, «Հետք»-ի թղթակից՝ Շուշան Օհանյանը՝ «Երբ արթնանում եմ ու տեսնում` օրն արևոտ է, երջանկանում եմ» առցանց հոդվածի համար;
«Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, անհատ լրագրող Ջավահիր Եղիազարյանը՝ « ՀՀ-ում կին ավագանիները կազմում են 6 տոկոս, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4 –տոկոսը» բլոգային նյութի եւ իր անձնական բլոգում մրցույթի թեմային առավել հաճախ անդրադառնալու համար:
Շնորհավորում ենք մրցույթի բոլոր հաղթողներին՝ նորանոր հաջողություններ մաղթելով նրանց՝ կանանց իրավունքների պաշտպանության թեմաները լուսաբանելու հարցում:
Դիտումների քանակը` 3214