Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»
Մայիսի 20-ին փոփի թագուհու ծննդյան օրն է, նա բոլորում է իր 68-ամյակը. մի տարիք, որին մոտեցող շատ կանանց որակում են «ծեր» կամ «ծերացող» բառերով, սակայն այդ ածականներն անհնարին է գործածել Շերի դեպքում: Իր տարիքի համար չափազանց գրավիչ տեսք եւ բարձր կատարողականություն ունեցող երգչուհին դեռ ասելիք ունի աշխարհին եւ նրա ամենաթարմ մեսիջը «Սա կնոջ աշխարհ է» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն է:
Շերը երկար ճանապարհ է անցել, մոտ 5 տասնամյակ նա հանրային գործունեություն է ծավալել բազմաթիվ ոլորտներում՝ գլխավորապես ժամանցային ինդուստրիայում, որտեղ նա բազմաթիվ նորամուծությունների հեղինակ է: Նրա ազգությամբ հայ հայրը լքել է ընտանիքը, երբ Շերը ընդամենը 10 ամսեկան է եղել, մայրը հետագայում ամուսնացել է եւս երկու անգամ եւ դարձյալ ամուսնալուծվել է: Ընտանեկան դժվարությունները, սակայն, չեն խանգարել տաղանդավոր աղջնակին հարթել իր ուղին դեպի փառքի ճամփան:
Շերը համարվում է ռոք աշխարհի կնոջ նախատիպ, քանի որ 1960-ականների սկզբներին ամուսնու հետ հանդես էր գալիս ֆոլկ-ռոք ժանրում: Իսկ փոփ աշխարհում նա ինքնորոշված եւ ազատականացված կնոջ խորհրդանշի է վերածվել: Սոննիի հետ ամուսնալուծությունից հետո Շերը սկսել է անհատական կարիերան: Նա այն կանանցից է, ով երբեք չի կոտրվում: Շերի բազմաթիվ երգեր վերաբերում են կնոջ էմանսիպացիային, տասնյակ ֆիլմերում Շերի մարմնավորված կերպարները հիմնականում ուժեղ եւ ինքնուրույն կանայք են:
Այնուամենայնիվ, երգչուհին եւ դերասանուհին շատ տեսաբանների կողմից չի ընդունվում որպես ֆեմինիստ, նրան շատերը քննադատում են բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների համար: Շերը եւս իրեն երբեք չի հռչակել որպես որեւէ շարժման անդամ կամ համակիր, սակայն նա իր կերպարով վիթխարի ազդեցություն է ունեցել կանանց ազատականացման հարցում: Աշխարհի 5 մայրցամաքներում հայտնի Շերը մշտապես ընգդծում է, որ ինքն ազատ ու անկախ էակ է, ով կարող է անել այն, ինչ ինքն է կամենում: «Եթե ես որոշեմ կրծքերս կպցնել իմ թիկունքին, ապա դա միայն իմ որոշելիքն է»,- հայտարարել է Շերը:
Զարմանալի է, բայց փաստ, 1995 թվականին Շերի թողարկած ալբոմը «Սա տղամարդկանց աշխարհ է» անվանումն ուներ, իսկ գրեթե 20 տարի անց հասուն տարիքում Շերը երգում է «Սա կնոջ աշխարհ է»:
«Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է,
Աշխարհի բոլոր կանայք,
Ոտքի կանգնեք, միավորվեք հիմա.
Սա կնոջ աշխարհ է,
Բոլորը ակումբում,
Ոտքի կանգնեք, միավորվեք հիմա,
Սա կնոջ աշխարհ է:
Ճի՛շտն ասա, սա կնոջ աշխարհ է»:
Շերը մշտապես հանդես է գալիս ցանկացած խտրականության դեմ, նա ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի քաղաքական կյանքին: Երգչուհին հաճախ է քննադատում պահպանողականներին՝ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության հարցում հետադիմական քայլերի համար: Շերը չի անդամագրվել Դեմոկրատական կուսակցությանը, սակայն մասնակցում է նրանց կողմից կազմակերպված որոշ հավաքների:
Փոփի թագուհին ցանկանում էր, որ Միացյալ Նահանգները կին նախագահ ունենա: Նա կարծում է, որ Հիլարի Քլինթոնը կարող էր լինել լավագույն նախագահը: Այնուամենայնիվ, նա պաշտպանել է Բարաք Օբամայի թեկնածությունը, երբ դեմոկրատները որոշեցին առաջադրել նրան Հիլարիի փոխարեն: Իսկ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Շերը հանդես եկավ հանրայինհայտարարությամբ, որով ընտրողներին կոչ էր անում թույլ չտալ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին «Կանանց իրավունքների պաշտպանության հարցում հետ տանել ժամանակը»: Շերը վստահ է, որ պահպանողականներին պետք է իշխանությունից հեռու պահել, քանի որ նրանք խտրական մոտեցում ունեն կանանց նկատմամբ:
Արման Ղարիբյան
P.S. Երգչուհու կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ
Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…
Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ
Դիտումների քանակը` 4438