Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը
Սեպտեմբերի 25-ից 27-ը, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կկայանա Կայուն զարգացման գագաթնաժողովը, որին աշխարհի պետությունների ավելի քան 150 ղեկավարների մասնակցությամբ պաշտոնապես ընդունվելու է մինչև 2030 թվականը կայուն զարգացման նոր գլոբալ օրակարգը՝ իր 17 նպատակներով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան երգչուհի Շակիրան գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը՝ նվիրված աշխարհի խաղաղությանը։ Շակիրան երգը նվիրել է սիրիացի փախստական երեխաներին, ովքեր աշխարհի բոլոր երեխաների նման կրթության եւ ինքնակայացման իրավունք ունեն:
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա կատարել է երգի կրկներգը՝ նշելով, որ Սիրիայում հումանիտար աղետային իրավիճակում և փախստականների ճգնաժամի պարագայում պետք է կրկին վերհիշել այդ հայտնի երգի ուղերձի մասին։
Շակիրան կոչ է արել համաշխարհային առաջնորդներին և բոլոր մարդկանց արդարացի լուծում գտնել ներկայիս իրավիճակին։ Նրա խոսքով, «երեխաները չպետք է վճարեն պատերազմների համար»…
«Ես հիշում եմ Ջոն Լենոնի երգի բառերը՝ «պատկերացրու մարդկանց, ովքեր կիսում են աշխարհը»։ Ինչո՞ւ մենք չենք կարող կիսել աշխարհը միմյանց միջև։ Ի՞նչն է խանգարում մեզ անել դա»,- ասել է երգչուհին։
Շակիրայի ելույթը պլանավորված է սեպտեմբերի 25-ին՝ Հռոմի Պապի ելույթից անմիջապես հետո։
Նշենք, որ 1971-ին գրված Լենոնի հանրաճանաչ «IMAGINE» երգը վաղուց արդեն խաղաղության համար պայքարողների համաշխարհային օրհներգ էր հանդիսանում: Անցյալ տարվա սեպտեմբերին Լենոնի այրին Յոկո Օնոն փոխանցեց այս երգի իրավունքները ՄԱԿ-ին եւ այժմ նա հնչում է նոր առաքելությամբ՝ հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի.
« Կարող եք մտածել, թե երազող եմ,սակայն ես միակը չեմ… Միայն պատկերացրեք , որ բոլոր մարդիկ ապրում են խաղաղության մեջ… Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա… »
Անցյալ տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակները տարածվել են ողջ աշախարհում Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 25-ամյակի կապակցությամբ համաշխարհային քարոզարշավի շրջանակներում: Imagine.unicef.org կայքի միջոցով այդ նախաձեռնությանը միացել են հազարավոր երեխաներ, ծնողներ, արվեստի գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից:
Նախաձեռնությանը միացավ նաեւ Հայաստանը՝ ներկայացնելով հանրությանը «IMAGINE» երգի հիման վրա ստեղծված հայկական տեսահոլովակը: Տեսահոլովակը ստեղծել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ու պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ռեմիքս տարբերակը` դիջեյ Վակցինան: Լենոնի երգը համախմբել է Ալլա Լեւոնյանին, Սերժ Թանկյանին, Գոռ Սուջյանին, Արթո Թունջբոյաջյանին, կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանին եւ Հայաստանի փոքրիկ երգիչներին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ջոն Լենոնի «IMAGINE»` ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում
«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ
UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ
ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար
Դիտումների քանակը` 5414