Նրանք բանակի մասին մանկուց են երազել…
Նուբարաշենի զորամասում Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ զինվորականների շարքերում նկատելի էին նաև կանայք` զինվորական համազգեստով, թեթևակի շպարով, բարձրակրունկներով… Սակայն պաշտոնական հատվածին հետևած տոնական համերգին նրանք չմնացին և ստիպված էի փնտրել նրանց :
«Ո՞ւր գնացին Ձեր կանայք» ,-հետաքրքրվեցի զորամասի անձնակազմից, ովքեր րոպեներ առաջ կանանց հետ նույն շարքում էին կանգնած: Սպան մատնացույց արեց սուվորովյան «Կյանքս` հայրենիքիս, պատիվս` ոչ ոքի» կարգախոսով մասնաշենքին, ապա ետևիցս կես կատակ-կես լուրջ զգուշացրեց. «Բայց նրանց մի ասեք կանայք, կնեղանան, օրիորդներ էլ ունենք… Ավելի լավ է ասեք կին արմատ»: առաջարկն սակայն իմ կողմից մնաց անպատասխան: Ու դա թերևս միակ գենդերային «խտրականության» դրսևորումն էր, որ հանդիպեցի զորամասում, քանզի իմ զրուցակից զինծառայող-կանայք խտրականության մասին հարցադրմանս միահամուռ ու զարմանքով ասում էին` «ոչ, նման բան չկա: Մենք բոլորս հավասար ենք»:
Հերմինե Մկրտչյան. «Բանակում՝ կին թե տղամարդ բոլորս հավասար ենք»
Զորամասի համալրման բաժանմունքի սպա, կապիտան Հերմինե Մկրտչյանը արդեն շուրջ ութ տարի է, ինչ բանակում է, թեև կոնկրետ այս զորամաս տեղափոխվել է բոլորովին վերջերս: WomenNet-ի հետ զրույցում Հերմինեն ասաց, որ փոքրուց հիացել է համազգեստով ու այդ իսկ պատճառով նրա բանակում հայտնվելը շատ քչերին է զարմացրել: Թեև կյանքի նման փոփոխությունը ավելի շատ պատահականության, քան կոնկրետ ծրագրածի արդյունք է եղել.
«Առիթը եղավ, իմացա, որ տեղ կա ու կարող եմ ընդունվել ՊՆ համակարգ ու առանց մտածելու միանգամից անհրաժեշտ փաստաթղթերս հանձնեցի»,-հիշում է Հերմինեն:
Խտրականություն իր անձի նկատմամբ նա չի զգացել ու չի տեսել, ասում է` ինչպես և ամենուրեք, այստեղ ևս, միայն իբրև նոր մարդ կոլեկտիվում փոքր-ինչ ընկճվածություն է զգացել, բայց դա էլ շատ շուտ հարթվել է: Իսկ ինչ վերաբերում է գենդերային տարբերակմանը, ապա իր ընտրած գործում այս հարցը ակտուալ երբեք չի եղել.
«Բանակում այդպես չէ, բոլորս հավասար ենք: Հարցեր կան, երբ ասում ենք` մենք կին ենք, մեզ մի քիչ զիջեք, ասում են` կարևոր չի ու կապ չունի կին ես` բոլորդ հավասար եք»,- ծիծաղելով կիսվեց կապիտան Մկրտչյանը` հավելելով, որ երբեմն, իհարկե, զիջումների արժանանում են կանայք, բայց չնչին:
Իսկ մտավախություն, որ սխալ ընտրություն է կատարել զգացե՞լ է – իմ այս հարցի պատասխանը նույնպես ժխտողական է:
«Երբեք, ես չեմ փոշմանել այդ որոշմանս ու քայլիս համար ու երևի թե կարող եմ ասել, որ այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի»,- ընդգծեց Հերմինեն, ում ամուսինը ևս համազգեստ է կրում:
Իր կյանքի ձեռքբերումներից մեկը իմ զրուցակիցը համարում է իր սիրելի «զինվորական ընտանիքը»` ամուսնուն ու 3-ամյա որդուն, ով շատ է սիրում, երբ մայրիկը համազգեստ է կրում: Հերմինեն ասում է, որ թեև որդին դեռ շատ փոքր է, բայց արդեն կողմնորոշվել է, թե ինչ մասնագիտություն է ընտրելու երբ մեծանա` երազում է ռազմական ինքնաթիռների հետ գործ ունենալ:
Միևնույն ժամանակ Հերմինեն ամենևին էլ ճիշտ չի համարում, որ որոշ երկրներում այսօր բարձրաձայնվում է կանանց պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին անհրաժեշտությունը.
«Կինը բանակում իհարկե պետք է, բայց չեմ կարծում, որ դա պարտադիր բնույթ պետք է կրի…իմ կարծիքով դա սխալ է»…
Վարսենիկ Աթաբեկյան. «Հայրս ասաց` նման բան չանես, բայց արդեն ուշ էր` փաստաթղթերս հանձնել էի»
30-ամյա Վարսենիկ Աթաբեկյանը ՊՆ համակարգում հայտնվել է մանկական վառ տպավորությունների ներքո` հորեղբայրը զինվորական է եղել, աշխատել է Ներքին գործերի նախարարությունում ու, բնականաբար, նաև համազգեստ է կրել: Իսկ քանի որ ինքը շատ է սիրել հորեղբորը, ապա և այդ սերը ժամանակի ընթացքում վերածվել է կոնկրետ ծրագրի` ամեն գնով լինել բանակում ու ծառայել: «Ամեն գնով»-ը՝ նախևառաջ ծնողների դեմ լինելն էր: Վերադառնալով Ռուսաստանից նա միանգամից նման որոշում է կայացրել ու տեղյակ պահել ծնողներին այդ մասին, երբ արդեն փաստաթղթերը ներկայացված էին ՊՆ.
«Հայրս ասաց` նման բան չանես, բայց արդեն ուշ էր` փաստաթղթերս հանձնել էի»,- հիշում է նա:
Ճիշտ է, բանակում է Վարսենիկը դեռ շատ կարճ ժամանակ է ` ընդամենը մեկ տարի, բայց նշում է, որ այստեղից ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ:
Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր ամենից դժվար իր համար համակարգում հայտնվելուց հետո, Վարսենիկը նշում է առաջին տպավորությունը.
«Մտա ու տեսա ` բոլորը տղամարդ են, այն էլ զինվորականներ… Ես սկզբից չէի մտածում, որ զինվորների հետ պետք է անմիջական առնչություն ունենամ… Հետո իհարկե պարզվեց, որ օպերատիվ բաժնի տեխնիկ-օպերատորը իրոք զինվորների հետ կապ չունի, թեև երևի հիմա արդեն դա ինձ չի կաշկանդի»,-ասում է նա:
Ինչպես և մեր նախորդ հերոսուհին Վարսենիկը շատ է սիրում համազգեստը, բայց զորամասից դուրս այն չի կրում, քանի որ սիրում է գեղեցիկ ու նորաձև հագնվել ու այդ իսկ պատճառով շրջապատում ոչ բոլորը գիտեն, թե նա որտեղ է աշխատում:
Վարսենիկը խտրականության դրսևորումների մասին մեր հարցը լսելով ասաց, որ սկզբից, երբ նոր էր եկել համակարգ, ինչ-որ բաներ զգացել է, բայց դրանք այնքան աննշան են եղել, որ հիմա նույնիսկ հիշել էլ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է հարևան-ծանոթ-մնացածներին, ապա.
«Իմ համար կարևոր չի, թե ով ինչ կասի, կարևորն իմ հարազատներն են` ընտանիքիս անդամները, որոնք ընդունում են ինձ այնպես, ինչպես կամ: Մնացածն իմ համար միևնույն է»:
Կինը բանակում տեղ ունի ու պետք է ունենա, համոզմունք հայտնեց նա, ու եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ապա նա տղամարդկանց հետ հավասար կմեկնի կռվի դաշտ: Բայց գերադասելի է, որ նման բան չլինի, փոխարենը ազատ ժամանակ շատ լինի, որպեսզի մեր «ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ» հարցին կարողանա հստակ պատասխան ունենա…
Անահիտ Կարապետյան. «Խոհանոցի հանդեպ սերը թողել եմ զորամասի դարպասներից այն կողմ»
Հեռախոսակայանի հեռախոսավար, 30-ամյա շարքային Անահիտ Կարապետյանի համար բանակը նույնպես մանկական երազանք է եղել, սակայն երազանքի իրականացմանը նպաստել են նաև անձնական որոշ հանգամանքներ: Անահիտն ունի 7 տարեկան որդի, ում կուռքն ու պաշտամունքը համազգեստավոր մայրն է.
«Որդիս ուղղակի հիանում է մամայով ու ուղղակի երազում է, թե երբ է մեծանալու, որպեսզի դառնա զինվորական»,- պատմում է մեր զրուցակիցը` համաձայնելով մեր այն դիտարկամն հետ, որ նա նաև լավ օրինակ է ծառայում որդու համար:
Վերադառնալով մանկական երազանքի թեմային, Անահիտն ասաց, որ 90-ականների սկզբին, երբ Արցախյան պատերազմով էր ապրում երկիրը, նա ուղղակի երազում էր բուժքույր լինելու մասին, որպեսզի գոնե այդպես հայտնվի կռվի դաշտում… ինչը պարզապես հնարավոր չէր` տարիքը չէր ներում.
«Այդպես էլ իմ մեջ մնաց այդ ձգտումն ու սերը համազգեստի նկատմամբ»,-նշեց նա ու ավելացրեց` առավել ևս, որ հարազատներից ոմանք անցել են Ղարաբաղյան ազատամարտով:
Յոթ ամիս է, ինչ ինքը ՊՆ համակարգում է ու ծառայում է զորամասում, սակայն ոչ մի րոպե չի փոշմանել որոշման մասին ու պատրաստվում է ծառայությունը շարունակել: Մանավանդ, շեշտեց նա, որ ունենք մեծատառով հրամանատար, ով բոլորի համար փայլուն օրինակ է ծառայում ` բանակին ու հայրենիքին իր նվիրվածությամբ:
Տղամարդ-կին փոխհարաբերություններում` աշխատանքային կոլեկտիվի շրջանակում մեծ բան կախված է կնոջից և եթե կինը, կարծում է Անահիտը, իրեն այնպես դրսևորի, որ ավելորդ խնդիրների առաջ չկանգնի, ապա ոչ մի խտրականության էլ չի հանդիպի:
Խոհանոցի հանդեպ ունեցած սերն, Անահիտի խոսքերով, նա թողել է զորամասի դարպասներից այն կողմ` ժամանակ չլինելու պատճառով : Թեև, ավելացրեց նա, ցանկացած կնոջ էլ հաճելի է լինել տնային տնտեսուհի, որ ամեն ինչ տանը լինի իդեալական…
«Տանը բոլորն էլ գիտեն, որ եթե Աստված չանի պատերազմ լինի, առաջիններից մեկը ես եմ գնալու… Բայց ես համոզված եմ, որ նման բան չի լինի»….
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 5042