Նրանց միայն համարձակությունն է պակասում

Ծաղկաձորի «Գրողների տան» նախասրահը կրկին մարդաշատ էր: Բիզնես ոլորտը ներկայացնող  կանայք  Հայաստանի 9 մարզերից և Երևանից  փոքրիկ ցուցադրություն էին կազմակերպել` ներկայացնելով իրենց արտադրանքը ու փորձելով նոր գործընկերներ գտնել: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնած երկրորդ սեմինար-քննարկումն  էր,  այս անգամ կին ձեռներեցների ցանցի ևս  25 անդամների համար:

 

– Այս 3 օրերի ընթացքում բավականին ինֆորմացիա ենք ստացել տարբեր խաղերի, վարժությունների, քննարկումների միջոցով: Սակայն ամենամեծ ձեռքբերումը այն է, որ ծանոթացանք միմյանց հետ և նոր գաղափարներով եմ վերադառնալու Տավուշ:

Էմմա Հակոբյանը Տավուշի մարզից է: Զբաղվում է oրգանական գյուղատնտեսությամբ. արտադրում է կաթնամթերք և մեղր:

– Կարելի է ասել հենց այստեղ էլ առաջացավ նոր բիզնես գաղափար: Կփորձեմ այն զարգացնել և էկոտուրիզմով զբաղվել, քանի որ դրա մի բաղադրիչը, այն է` oրգանական գյուղատնտեսությունը, որով ես հիմա զբաղվում եմ, արդեն կա:

 

Սեմինարը նաև նոր գործընկեր գտնելու լավ հնարավորություն է: Հասմիկ Հարությունյանին, ով Արմավիրում ունի Հանրային սնունդի սեփական հացատուն, շատ էր հետաքրքրել Աիդա Ավետիսյանի ներկայացրած պանրի տեսականին.

– Ճիշտ է տարածությունը զգալի է, Աիդան Շիրակի մարզից է, սակայն հենց արտադրողից կաթնամթերք գնելը կարծում եմ ավելի հետաքրքիր է:

 

Հասմիկ Հարությունյանի բիզնեսն արդեն կայացած է: Այն 14 տարվա պատմություն ունի:

– Սկսել ենք 1 սենյակից, հիմա շատ ավելի ընդարձակ է մեր հացատունը: Ունենք մշտական հաճախորդներ, անգամ տուրիստներ արտերկրից, այլ մարզերից: Ունեմ աշխատողներ, խոհարարներ, մատուցող,  սակայն հատուկ տնօրենի կարգավիճակում երբեք ինձ չեմ զգում: Ես ինքս շատ եմ սիրում խոհանոցը: Աղցաններ կան, որ ես եմ պատրաստում: Վերջնական ձևավորումը նույնպես իմն է, առանց իմ միջամտության չի լինի: Խմորեղեն, մուրաբա,  չիր և կոմպոտ, սա էլ իմ հաճախորդների հյուրասիրությունն է, որ իմ ձեռքով եմ պատրաստում:

 

Աիդա Ավետիսյանը մասնագիտությամբ անասնաբույժ է և 1992 թ.-ից զբաղվում է անասնապահությամբ:

– Ամուսնուս հետ սկսել ենք 1 կովից, իսկ այսօր արդեն մեծ տնտեսություն ունենք:  Կաթնամթերք, մսամթերք, մեղր ենք մատակարարում մեր գյուղի բնակիչներին:

 

Տիկին Աիդան մտածում է իր արտադրության շրջանակները մեծացնելու մասին, բայց.

–  Դեռ համարձակություն չունեմ:  Կարծում եմ դեռ հայ գյուղացի կնոջը պակասում է այդ համարձակությունը:  Շատ բան է դրված նրա ուսերին, նա ամեն ինչ պետք է հասցնի ընտանիքում, իսկ ժամանակի մեջ հնարավոր է չտեղավորվեմ:

 

 

Մասնակիցների մեջ էին նաև այս ոլորտի սկսնակ ձեռներեցներ: Նրանցից է Գայանե Խաչատրյանը: Նա Լոռու մարզից է և հիմնել է «Համտեսիկ» կիսաֆաբրիկատների արտադրամասը:

-Արտադրում ենք սառեցված խորտիկներ, ունենք նաև նորություն. լումպիա` այն մսով, բանջարեղենով  ուտեստ է, յուրահատուկ խմորի մեջ փաթաթված:

 

Գայանեն խոստովանում է, որ իր համար օրինակ է եղել հատկապես մայրիկը, ով նույնպես ձեռներեց է և «Ռուզ- Դան» հագուստի արտադրամասի տնօրենն է:

– Ես մեր տանը միշտ ունեցել եմ հայրիկիս, մայրիկիս օրինակը: Նրանք միշտ աշխատել են, գումար են վաստակել, եղել են կայացած  ու ինքնուրույն:

Իր նոր բիզնեսն է սկսում նաև Սիլվա Չոբանյանը, ով Արմավիրից է և որոշել է զբաղվել     շերամապահությամբ, մետաքսի արտադրությամբ:

–  Շատ երկար ուսումնասիրել եմ շերամի արտադրության տեխնոլոգիան: Այն կախարդական ու յուրահատուկ հետաքրքրություն ունի, միևնույն ժամանակ էլ շատ պարզ է: Հայաստանում մենք ունենք այդ հնարավորությունը, ունենք թթի տարբեր տեսակներ: Իմ գործընկերը հիմա Հնդկաստանում վերապատրաստվում է, սովորում է տեխնոլոգիան: Սիլվան նշում էր, որ միակ խնդիրը ոռոգման հարցն է, որտեղ պետության աջակցությունն է ակնկալում:

 

 

 Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 5738

Գլխավոր էջ