Նոր կյանք, նոր բիզնես…

Տիկին Զվարթ Հակոբյանն, ում հետ մենք  ծանոթացանք  Հայկական Կարմիր Խաչ ընկերության գրասենյակում,  բոլորովին վերջերս է տեղափոխվել Հայաստան:  Ասում է, մայիսին են եկել, ողջ ընտանիքով, շատ շատերի պես միայն առաջին անհրաժեշտության իրերն են կարողացել վերցնել իրենց հետ.

 

– Յոթ հոգանոց ընտանիք ունեմ: Վարձով ենք ապրում: Ամեն ամիս 100  հազար դրամ ենք վճարում, դժվար է, խոհանոցում ոչ մի եփելու պարագա չունենք, ոչինչ չենք կարողացել մեզ հետ բերել,- պատմում է տիկին Զվարթը և հավելում, որ Հայկական Կարմիր Խաչի գրասենյակ է եկել՝ լսելով, որ այստեղ իրեն կկարողանան տրամադրել անհրաժեշտ խոհանոցային պարագաներ ու սարքավորումներ:

 

– Ուտեստներ կպատրաստեմ ու կվաճառեմ, այդպես գոնե օգտակար կլինեմ հարազատներիս:

 

Մյուս մեր զրուցակիցը՝ տիկին Սիտան, գրասենյակ է եկել Գյումրիից,  որոշել են  տեղափոխվել այնտեղ ապրելու:

 

–         Կար անել գիտեմ, բայց էնպես ստացվեց, որ մի ճամպրուկով Հայաստան եկանք: Կարի մեքենա եմ խնդրել, տեսնեք, եթե հաստատվի դիմումս,  ապա պատվեր կվերցնեմ ու ընտանիքս կպահեմ:

Տիկին Զվարթն ու Սիտան Հայկական Կարմիր Խաչի ընկերության  կողմից ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շահառուներն են: Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրվում Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցներին՝ նոր բիզնես սկսելու համար: Արդյունքում միայն այս տարի արդեն 154 սիրիահայ ընտանիք Հայաստանում իր ապագան տեսնելու նոր հնարավորություն է ստացել: Երկրորդ փուլում նախատեսվում է օժանդակել ևս 125 ընտանիքի:

 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Հայկական Կարմիր Խաչի աշխատակից, Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ծրագրի համակարգող Հասմիկ Խաչատրյանը, Սիրիայից ժամանած ընտանիքների եկամտաբեր գործունեությունը խթանող այս նախաձեռնության սկիզբը դեռ  2013 -ին է դրվել :

 

– Մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիր կա , սակայն աշխատատեղերը հայաստանյան աշխատաշուկայում սահմանափակ են: Իսկ այստեղ եկած սիրիահայերից շատերը հմտություններ ունեն, տարբեր արհեստների են տիրապետում,և  համապատասխան գործիքներ ունենալու դեպքում, նրանք ինքնուրույն կարող են եկամտաբեր գործունեությունը սկսել  և թեթևացնել իրենց ընտանիքների հոգսը,  – ասում է  Հասմիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ նպատակով տրամադրվող գումարը այս տարի ավելի մեծ է՝ 500-ից 1000 դոլար:

 

– Գործիքները տրամադրվում են անվարձահատույց, ունեն համապատասխան երաշխիքային սպասարկում, կատարում ենք նաև  մոնիտորինգային այցեր, զանգեր, որպեսզի հասկանանք, թե տվյալ օգնությունը, որքանով էր նպատակային, հիմա հենց այդ փուլում ենք , – նշեց  նա:

 

Նրա խոսքով,  ամենապահանջվածը՝ նորոգման գործիքներն են՝ մեքենայի, համակարգչի, հեռախոսի համար, նաև խոհարարական պարագաներ, կարի մեքենա…

 

–         Ունեցել ենք նաև յուրահատուկ դեպքեր, օրինակ, օճառ պատրաստելու պարագաներ էր խնդրել մեր շահառուն և այժմ շատ հաջող գործունեություն է ծավալում: Ընդհանուր առմամբ  պետք է նշել, որ հատկապես սկզբնական շրջանում կանանց թիվը քիչ էր, կարծում եմ, մշակութային առանձնահատկություն է, այժմ սակայն կանայք ավելի ակտիվ են և մենք էլ խրախուսում ենք նրանց մասնակցությունը,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

 

… Տիկին Սեդային ու Հայկուհուն էլ հանդիպեցինք  Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում,  նրանք նույնպես սպասում էին հարցազրույցի իրենց հերթին: Պատմեցին, որ  ինչպես Սիրիայում հենց իրենք էին բարեգործական ճաշկերույթներ կազմակերպում, անապահով ընտանիքներին օգնելու համար.

 

–         Գումար էինք հավաքում, որ երեխաները հայկական դպրոցներում սովորեն, բայց այսօր մենք ինքներս օգնության կարիք ունենք.  երեխաներ ունեմ, բայց ինչ ասեմ, տանս անգամ սրբիչի ու արդուկի կարիք ունեմ:

 

Խաչատուր Խաչատրյանն էլ երեք ամիս առաջ է Հայաստան եկել՝ կնոջ և երեխայի հետ: Սիրիայում մեքենա է նորոգել ու այդպես գումար վաստակել:

 

–         Հիմա ավտոլվացման կետում եմ աշխատում, բայց եթե գործիքներ ունենամ, իմ գործին կանցնեմ: Դիմել եմ այս ծրագրին, տեսնենք ինչ կլինի:

 

Նշենք, որ Սիրիայից ժամանած մեր հայրենակիցների եկամտաբեր գործունեությունը խթանող այս նախաձեռնությունը  Հայկական Կարմիր Խաչ ընկերության կողմից եւ ՄԱԿ ՓԳՀ-ի  ֆինանսավորմամբ  իրականացվող  ավելի մեծ ծրագրի միայն մեկ  բաղադրիչն է: Այդ ծրագիրը  ներառում է նաեւ ապաստան հայցողներին և փախստականներին համապատասխան խորհրդատվության եւ հոգեբանական աջակցության տրամադրումը, սահմանակետերի մոնիտորինգային այցերի կազմակերպումը, սահմանակետերում աշխատող պաշտոնյաների համար վերապատրաստման դասընթացների անցկացումը, սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելումն ու դրանց արձագանքումը և այլ բաղադրիչներ՝ միտված Հայաստանում փախստականների ընդունման եւ նրանց ինտեգրման խնդիրների լուծմանը:

 

Սիրիահայերի աջակցության ուղղությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության այլ ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ կազմակերպության կայքից` www.redcross.am:

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 3952

Գլխավոր էջ