Նոր գումարման Ազգային ժողովում ընդամենը 14 կին կլինի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շուտով պաշտոնապես կհրապարակի նոր 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների անունները, սակայն վերլուծելով ինքնաբացարկների պատկերը եւ կուսակցությունների կողմից հաստատված իրենց խմբակցությունների կազմը, արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ խորհրդարանում կլինի ընդամենը 14 կին պատգամավոր՝ երկու հոգով ավելի, քան նախորդ գումարման կազմում: Հիշեցնենք, որ անցյալ ընտրությունների ժամանակ 15 տոկոսանոց քվոտայի պարագայում համամասնական ընտրակարգով խորհրդարան էր անցել 12 կին (9.1%), իսկ մեծամասնականով՝ ոչ մեկը: Եթե հաշվի առնենք, որ այս անգամ երկու կին է անցել մեծամասնական ընտրակարգով, ապա ստացվում է, որ կուսակցությունները ոչ մի առաջընթաց չեն արձանագրել, ավելին՝ արժեքազրկել են Ընտրական օրենսգրքում ամրագրված 20 տոկոսանոց քվոտան:
Ինչպես արժեքազրկվեց 20 տոկոսանոց քվոտան
Տոկոսային հարաբերությամբ կանանց ներկայացվածությունը նոր խորհրդարանում կկազմի 10,6%, ինչը նշանակում է, որ ամրագրելով Ընտրական օրենսգրքով այս անգամ 20 տոկոսանոց քվոտան եւ ներկայացնելով հանրությանը համամասնական ցուցակներում միջինում 22,6% կին , կուսակցությունները դե ֆակտո՝ որպես արդյունք խորհրդարանում ընդգրկեցին արձանագրվածի կիսով չափ ավելի քիչ կին:
Փաստորեն կանանց աջակցելու նպատակով օրենքով նախատեսված մեխանիզմը լիովին արժեքազրկվեց կուսակցությունների կողմից ինչ-ինչ նկատառումներով արված տեղափոխումների եւ ինքնաբացարկների միջոցով , ընդ որում շատ դեպքերում հանրության համար անհասկանալի:
Կատարվածը ավելի մանրամասն վերլուծելու առիթ դեռ կունենանք, այժմ ներկայացնենք կանանց ներկայացվածության ընդհանուր պատկերը ըստ կուսակցությունների:
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
ՀՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան կանցնեն 7 կին, որոնք համապատասխանաբար ներկայացված էին կուսակցական ցուցակի 11-րդ, 16-րդ, 21-րդ, 24-րդ, 26-րդ, 36-րդ, 41-րդ տեղերում.
1. Հերմինե Նաղդալյան, ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, տնտեսագիտության թեկնածու
2. Շուշան Պետրոսյան,Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ անդամ
3. Կարինե Աճեմյան, ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ
4. Ռուզաննա Մուրադյան, Երևանի Գր. Զոհրապի անվ. թիվ 43 ավագ դպրոցի տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ
5. Մարգարիտ Եսայան , Առավոտ,, օրաթերթի լրագրող, ՀՀկ անդամ
6. Նաիրա Կարապետյան, ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու , ՄԻԱԿ կուսակցության անդամ
7. Արփինե Հովհաննիսյան, , քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀԿ անդամ
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացել է 44, 11 տոկոս ձայն, ինչը համարժեք է 40 մանդատի: Ինքնաբացարկ են ներկայացրել 69 թեկնածու, այդ թվում 14 կին, ուստի մինչեւ 109-րդ համարը ներառյալ ներկայացվածները պատգամավոր են դարձել:
ՀՀկ-ն եւս 29-ը մանդատ է ստացել ` մեծամասնական ընտրակարգով, դրանցից երկուսը կանանց է բածին ընկել.
8. Կարինե Պողոսյան, թիվ 17 ընտրատարածք, Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ի անդամ
9. Մարինե Մարաբյան, թիվ 40 ընտրատարածք , «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն, անկուսակցական , առաջադրել էր ՀՀԿ-ն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
ԲՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան կանցնեն 2 կին, որոնք համապատասխանաբար ներկայացված էին կուսակցական ցուցակի 6-րդ ու 11-րդ տեղերում.
10. Զոհրաբյան Նաիրա, ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր
11. Վարդանյան Էլինար, ՀՀ Փատաբանների պալատի անդամ, «Առաջին հիփոթեքային ընկերություն» իրավաբան
Ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն համամասնական ընտրակարգով ստացել է ընտրողների ձայների 30,19 տոկոսը, ինչը համարժեք է 28 մանդատի: Եվս 9-ը մանդատ ԲՀԿ-ն ստացել է մեծամասնական ընտրակարգով: Ինքնաբացարկ են ներկայացրել 28 թեկնածու, այդ թվում 10 կին, ուստի մինչեւ 59-րդ համարը ներառյալ ներկայացվածները պատգամավոր են դարձել:
«Հայ ազգային կոնգրես» դաշինք
«Հայ ազգային կոնգրես»-ի համամասնական ցուցակով խորհրդարան կանցնի 1 կին, ով ներկայացված էր կուսակցական ցուցակի 6-րդ տեղում .
12. Սարգսյան Լյուդմիլա, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ
Ընտրությունների արդյունքում «Հայ ազգային կոնգրես» դաշինքը ստացել է 7,10 տոկոս ձայն եւ 7 մանդատ:
Ինքնաբացարկի են դիմել 3 թեկնածու, նրանց թվում կին չկար:
«Ժառանգություն» կուսակցություն
«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակով խորհրդարան կանցնի 1 կին, ով ներկայացված էր կուսակցական ցուցակի 3-րդ տեղում .
13. Փոստանջյան Զարուհի , ՀՀ Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր
Ընտրությունների արդյունքում «Ժառանգություն»-ը ստացել է 5,78% ձայն, ինչը համարժեք է 5 մանդատի:
Ինքնաբացարկի է դիմել 1 կին թեկնածու, ով ներկայացված է եղել 41-րդ տեղում:
«Օրինաց երկիր» կուսակցություն
«ՕԵԿ» -ի համամասնական ցուցակով խորհրդարան կանցնի 1 կին, ով ներկայացված էր կուսակցական ցուցակի 2-րդ տեղում .
14. Բիշարյան Հեղինե, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի նածորդ գումարման պատգամավոր, «ՕԵԿ» խմբակցության ղեկավար
Ընտրությունների արդյունքում «Օրինաց երկիր»-ը ստացել է ընտրողների ձայների 5,52% ձայն, ինչը համարժեք է 5 մանդատի:
Եվս 1 մանդատ «Օրինաց երկիր»-ը ստացել է մեծամասնական ընտրակարգով:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան ոչ մի կին չի անցել:
Ընտրությունների արդյունքում Դաշնակցությունը ստացել է 5,68% ձայն, ինչը համարժեք է 5 մանդատի:
Եվս 1 մանդատ կուսակցությունը ունի մեծամասնական ընտրակարգով:
Ինքնաբացարկ են ներկայացրել 2 թեկնածու, այդ թվում 1 կին, ով ընդգրկված է եղել 6-րդ տեղում:
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչո՞ւ չաշխատեց քվոտայի մեխանիզմը
Ինչպե՞ս են քվեարկել կանայք եւ տղամարդիկ
Դիտումների քանակը` 3965