Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է

Մայիսի 18-ին մեկնարկած 6-րդ  գումարման Ազգային ժողովի առաջին նստաշարջանում  ձևավորվել է    ԱԺ ղեկավար կազմը՝ պատգամավորներն ընտրեցին խոհրդարանի նախագահին, երեք փոխխոսնակներին, խմբակցության ղեկավարներին և քարտուղարներին, մշտական հանձնաժողովների ղեկավարներին:  Փաստենք, որ թեպետ  նախորդ գումարման հետ համեմատած կին պատգամավորների թիվն աճել է՝ դառնալով 14-ից  18 ,  սակայն նրանցից միայն երկուսն են  ընտրվել   ԱԺ ղեկավար կազմում:  Համեմատության համար նշենք, որ  5-րդ գումարման  ԱԺ-ի  ղեկավար պաշտոններում  5 կին էր ներկայացված:   

 

 ԱԺ նախագահությունում մեկ կին է ընտրվել

 

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Արա Բաբլոյանը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 12-ը:  «Ելք»-ի կողմից առաջադրված այլընտրանքային  թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին   կողմ քվեարկեց 12, դեմ՝ 88 պատգամավոր:

 

Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը ՀՀԿ խմբակցությունից  և Միքայել Մելքումյանը «Ծառուկյան» դաշինք» խմբակցությունից:  Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման  խորհրդարանն ուներ երկու փոխնախագահ, որից մեկը կին էր՝ Հերմինե Նաղդալյանը:

 

Ըստ  քվեարկության արդյունքների,  Էդուարդ Շարմազանովը ստացել է   կողմ՝ 84 ձայն, դեմ՝ 13-ը,  Արփինե  Հովհաննիսյանը՝ կողմ՝ 73 ձայն, դեմ՝ 22-ը,  Միքայել  Մելքումյանը՝  կողմ՝ 65-ը, դեմ՝ 29-ը: Փակ, գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 100-ը:

 

 

Ի դեպ, իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով  իրեն կողմ և դեմ քվեարկողներին,   ասաց.  «Շնորհակալությում են հայտում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»…

 

 

Խմբակցության ղեկավարների թվում կանայք չկան

 

Նորընտիր  ԱԺ-ի 4 խմբակցությունից որևէ մեկը  կին չի գլխավորի, ի տարբերություն նախորդ գումարման, երբ 6 խմբակցությունից երեքը  ղեկավարում էին  կանայք ՝  Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ)  ,  Զարուհի Փոստանջյանը  («Ժառանգություն»):

 

 

Մշտական հանձնաժողովների նախագահներից  միայն մեկն է կին

 

Ինչ վերաբերում է մշտական  հանձնաժողովների նախագահների պաշտոններին, ապա այստեղ էլ կանանց ներկայացվածության առումով հետընթաց կա: Նախ խորհրդարանի քվեարկությամբ 12 հանձնաժողովների թիվը դարձավ 9-ը:

 

Այլ հանձնաժողովների հետ միավորվեցին մարդու իրավունքների պաշտպանության,  գյուղատնտեսության և բնապահպանության, ինչպես նաև առողջապահության,  մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովները: Օրինակ,  ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանի կողմից նախկինոմ ղեկավարած առողջապահության,  մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կգործի սոցիալական հարցերի հանձնաժողովի կազմում, ինչը  նույնքան վիճելի է, որքան մարդու իրավունքների հանձնաժողովի կրճատումը, քանի որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն:

 

Ի դեպ,  իրավապաշտպանները և նախկին գումարման Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ղեկավարը խիստ բացասական են գնահատում նորընտիր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի վերացումը։

 

«Ցավում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը միացվել է Պետաիրավական հանձնաժողովին, և կարծում եմ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանի Հանրապետությունում մտահոգիչ է, այս պահին այսպիսի որոշում չպետք է կայացվեր», – «Ազատության» հետ զրույցում ասել է  հանձնաժողովի նախկին նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Էլինար Վարդանյանը՝ նկատելով, որ նոր օրենքով հանձնաժողովներին տրվել են վերահսկողական ավելի լայն գործառույթները, և հիմա հատկապես մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանում կարող էր է՛լ ավելի լուրջ դեր ունենալ․ – «Այս պարագայում հանձնաժողովի գործառույթների վերապահումը մեկ այլ հանձնաժողովի իրականում մտահոգության տեղիք է տալիս»:

 

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը պահպանելու  ու  10  հանձնաժողով ունենալու մասին  քվեարկությամբ մերժվեց:  «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ կրճատելու պարագայում իրենք հանձնաժողովի նախագահ չեն ունենա, հետաքրքրվեց, գուցե կրճատումը հենց այդ նպատակով է նախաձեռնվե՞լ: Հարցը ներկայացնող Հրայր Թովմասյանն ասաց, որ երբ նախաձեռնում էին սահմանդրական փոփոխությունները, չգիտեին, որ «Ելք» դաշինք է լինելու: Նա նաև հիմնավորեց կրճատումը այն հանգամանքով, որ պատգամավորների թիվը նախորդ գումարման  հետ համեմատած  կրճատվել է 131-ից դառնալով 105: Բացի այդ,  փորձը ցույց  է տվել, որ հանձնաժողովներում աշխատանքային ծանրաբեռնվածությունն անհավասար էր: Եվ վերջապես,  բյուջետային խնայողություններ էլ կլինեն.  մի հանձնաժողովի ստեղծումը հինգ տարվա ընթացքում մոտավորապես 70-80 միլիոնի լրացուցիչ ծախս է մեր պետբյուջեի վրա:  Մի խոսքով, ինչպես միշտ խնայողությունն արվեց «մարդու իրավունքների» հաշվին:  

 

 

«Ելք» դաշինքի խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը  Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, այդ ո՞ր առաջավոր երկրների փորձն է ուսումնասիրվել, այդ ո՞ր երկրում են նման հանձնաժողով կրճատել: «Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը միջին ծանրաբեռնվածություն ունի, ինչպես որ շատերը: Ո՞րն է տրամաբանությունը որ դուք այն կրճատել եք ու միացրել ամենածանրաբեռնված պետաիրավական հանձնաժողովին, ձեր ներկայացրած տրամաբանությունը դա չի բացատրում: Ես ուզում եմ հասկանալ, ինչպե՞ս է այդ ծանրաբեռնված հանձնաժողովն իրականացնելու նաև այդ գործառույթը»,-հետաքրքրվեց Թանդիլյանը: Թովմասյանն ի պատասխան ասաց, Ավստրիայի օրենմսդիր մարմինն ունի 6 մշտական հանձնաժողով, մարդու իրավունքների պաշտպանություն հանձնաժողով չկա դրանց թվում, նույնը Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեցարիայում, Ֆրանսիայում: «Ես կարող եմ թվարկել թե ովքեր ունեն, և այդ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունն ինչ վիճակում է: Օրինակ, Ադրբեջանն ունի»,-ասաց Հրայր Թովմասյանը: Թանդիլյանն արձագանքեց՝ պատահական չէ, որ հարցրեցի  երկրների մասին: «Այն երկրները որ դուք թվարկեցիք, այո, կարող են իրենց թույլ տալ նման հանձնաժողով չունենալ: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է, պաշտպանությունն այն մակարդակի վրա չէ, որ հանձնաժողովը վերացվի»,-ասաց «ԵԼՔ»-ի ներկայացուցիչը:

 

 

Ի վերջո, 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվեց ՀՀԿ  խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով, որից միայն մեկը լին ղեկավար կունենա:

 

 

 Հանձանաժողովներից վեցի համար ՀՀԿ-ն է նախագահի թեկնածուների անուններ հրապարակել: Նրանց թվում կին գործիչներ չկան: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ է ընտրվել  Հակոբ Հակոբյանը,  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի   Արմեն Աշոտյանը,   Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի   Կորյուն Նահապետյանը,   Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը՝  Հրայր Թովմասյանը,  Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝  Խոսրով Հարությունյանը ,  Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում  ընտրվել է  ՝ Գագիկ Մինասյանը:

 

 

«Ծառուկյան» դաշինքը երեք հանձնաժողովի նախագահի թեկնածուներ էր առաջադրել,  նրանցից մեկը կին է՝ Նաիրա Զոհրաբյանը, ով  կլինի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  «Ծառուկյան» դաշինքից Վարդան Բոստանջյանը կգլխավորի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը  և Վարդևան Գրիգորյանը  կղեկավարի  Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովը: 

 

 

Համեմատության համար նշենք, որ նախորդ գումարման ԱԺ-ի 12 մշտական հանձնաժողովներից երկուսը կանայք էին  գլխավորում՝   Նարիա Զոհրաբյանը՝ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողով և Էլինար Վարդանյանը՝  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով: Նրանք երկուսն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էին:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք «ԱԺ ընտրություններ-2017»  խորագրի ներքո մեր կայքում.  

 

«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

Նորընտիր խորհրդարանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը նվազել է

Ազգային ժողովի կազմում կին պատգամավորները 17 տոկոս են կազմում

Հայտնի են խորհրդարան անցած կին պատգամավորների անունները. նրանք 18-ն են

ԱԺ ընտրություններ. Որքան քվեներ ապահովեցին կին թեկնածուները Երևանում

Ռեյտինգային ընտրակարգը փողատեր տղամարդկանց դեմք ունի

Կանայք ավելի շատ են ընտրել «Ծառուկյան» ու «Ելք» դաշինքներին, տղամարդիկ՝ ՀՅԴ-ին, «Կոնգրես-ՀԺԿ»-ին, ՀԿԿ-ին

Խորհրդարան են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը և ՀՅԴ-ն. ինչպե՞ս են բաշխվելու մանդատները/ լրացված

Դիտարկումներ ընտրություններից

Կին թեկնածուները պատասխանում են WomenNet.am-ի հարցաշարին. ամփոփում

 

Դիտումների քանակը` 3110

Գլխավոր էջ