Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է
Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը: Գաղափարը ծագել է Տրինիդադ և Տոբագոյում, հետագայում տարածվել է Ավստրալիայում, Կարիբյան ավազանի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի և բազմաթիվ այլ երկրներում:
Մտահղացման հեղինակ դոկտոր Ջերոմ Թիլուքսինգհոմն իր որոշումն այսպես է հիմնավորել. «Ես հասկացել եմ, որ ոչ մի օր տղամարդկանցը չէ… Ոմանք կասեն, որ կա Հայրերի օրը, սակայն ի՞նչ կասեք այն տղաների, պատանիների ու տղամարդկանց մասին, որոնք հայր չեն»: Տոնը նշելու համար Թիլուքսինգհոմն ընտրել է իր հոր ծննդյան օրը՝ նոյեմբերի 19-ը՝ այն համոզմամբ, որ նա եղել է ընդօրինակման արժանի տղամարդ և հայր:
Տղամարդկանց միջազգային օրը կոչված է հրավիրելու հանրության ուշադրությունը ընտանիքում և երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց դերակատարմանը, տղամարդկանց ու տղաների առողջության պահպանման խնդրին, խոսել գենդերային խտրականության դրսեւորումների մասին, տղամարդկանց վրա գենդերային կարծրատիպերի ազդեցության մասին եւ խրախուսել գենդերային հավասարությունը:
Տոնը նշվում է հասարակական սեմինարների, դպրոցներում միջոցառումների, ռադիո և հեռուստածրագրերի, խաղաղ ցույցերի և երթերի կազմակերպման միջոցով:
Այս տարի Տղամարդկանց միջազգային օրվա թեման է «Կանգնեցնենք տղամարդկանց ինքնասպանությունները»: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է , որ տղամարդկանց ինքնասպանությունների մակարդակը 3 անգամ բարձր է, քան կանանց պարագայում եւ այս խնդիրը հատուկ ուսումնասիրությունների կարիք ունի : Առավել հաճախ ինքնասպան են լինում երիտասարդ, կրթական ցածր մակարդակ ունեցող միայնակ տղամարդիկ: Հայաստանում ՀՀ ԱՎԾ տվյալներով ինքնասպանությունների թիվը 2015 թվականին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 722 դեպք, որոնցից 439 տղամարդկանց եւ 283 կանաանց կողմից:
ՀՀ ԱՎԾ տվյալներով Հայաստանում կյանքի սպասվող տեւողությունը տղամարդկանց համար գրանցվել է 71,1 տարի, իսկ կանանց համար 78,2: Մասնագետների պնդմամբ` չնայած «ուժեղ սեռ» որակմանը, տղամարդիկ անհամեմատ թույլ են կանանցից, ավելի քիչ են ապրում և ավելի հաճախ են հիվանդանում: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած միգրացիայից, մինչև ավելի համարվող մասնագիտական գործունեության ծավալում ու հիվանդության դեպքում բժշկի ավելի քիչ դիմելիություն: Իրավիճակն այսպիսին է ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում. տղամարդիկ իրենց առողջության մասին ավելի քիչ են հոգում:
Դիտումների քանակը` 2791