Նյու Յորք Թայմսի «աղվամազիկը»

Պահպանվել են Թայմսի խմբագրության նամակները Ջեյնին, որտեղ նրան ըստ ընդունված բլանկի գրում էին. «Հարգելի պարոն Գրանտ…»

 

Ջեյն Գրանտը միջին ամերիկյան ընտանիքից էր, որ ապրում էին Կանզաս քաղաքում: Հայրը սովորական առևտրական էր, իսկ մայրը ուսուցչուհի: Նա իր հուշերում շատ է անդրադառնում մորը. «Նա առաջին կինն էր Կանզասում, որ ուսուցչական սերտիֆիկատ ստացավ»:

 

Ջեյնը վաղ հասակում սիրում էր խաղալ տղաների հետ այնպիսի խաղեր, որոնք աղջիկներին «վայել չէին», և մոր մահից հետո երկրորդ մայրը, ով խիստ կրոնական հայացքներ ուներ, ճնշում էր աղջկան:

 

16 տարեկան հասակում Ջեյնը տեղափոխվում է Մանհեթեն` երգեցողության դասեր վերցնելու: Հայրը ուղարկել էր նրան մեկ տարվա կուրս անցնելու և հետ գալու Կանզաս: Ծնողները ուզում էին, որ նա փոքրիկ քաղաքում երգեցողություն դասավանդի, ամուսնանա ու երեխաներ ունենա: Սակայն Ջեյնն այլ պլաններ ուներ. «Ես գիտեի, որ հետ չեմ գա, հենց ոտքս ընկնի արևմուտք…»

 

Իմանալով, որ աղջիկը որոշել է մնալ Նյու Յորքում` հայրը դադարեցրեց ֆինանսական օգնությունը: Ջեյնն այդ ժամանակ ապրում էր Նյու Յորքի աղջիկների համար նախատեսված «Երեք արվեստների ակումբում» և ապրուստ էր վաստակում եկեղեցական երգեցողությամբ: Ակումբում ուսումնասիրելով նաև փիլիսոփայություն և պատմություն` նա զգում է, որ իր հետաքրքրությունների դաշտը փոխվում է:

 

Ջեյն Գրանտի առաջին իսկական աշխատանքը «Քոլիերս Ուիքլի» թերթում հեռախոսավարուհի լինելն էր: 1914-ին նրան վերցրին Նյու Յորք Թայմսում սղագրիչ:

 

«Մի օր ես մենակ էի խմբագրությունում, զանգեցին ու հայտնեցին շտապ դեպքի մասին: Քանի որ ոչ ոք չկար տղամարդկանցից, ինձ ուղարկեցին լուսաբանելու: Ես այնքան հուզված վերադարձա, որ նստելով գրասեղանի մոտ, պարզեցի, որ մոռացել եմ նշումներ անել»,- ասում է Ջեյնը:

Թայմսի տղամարդկային խմբագրությունում նա սովորեց հայհոյել և չթողեց այդ սովորությունը մինչև կյանքի վերջը: Տղամարդ կոլեգաները հրճվում էին նրա ներկայությունից ու նրան «աղվամազիկ» անվանում: Սակայն նաև դժվար էր միակ կինը լինել ամբողջ ընկերությունում: Ջեյնը իր հուշերում պատմու է, որ հատկապես սկզբից իրեն լուրջ չէին ընդունում, ծաղրում էին իր հուզմունքը ու շփոթեցնում: Մինչև 1921 թվական ոչ մի ամսագրում նրա կանացի անունը չհայտնվեց:

 

 

Ջեյնը Նյու Յորք Թայմսում աշխատեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, որի սկսվելուց անմիջապես հետո նա գնաց ռազմաճակատ`այնտեղից լուրեր ուղարկելու «Ամերիքան Լեգիոն Ուիքլիի» և մի շարք այլ թերթերի համար: Պահպանվել են Թայմսի խմբագրության նամակները Ջեյնին, որտեղ նրան ըստ ընդունված բլանկի գրում էին. «Հարգելի պարոն Գրանտ…»: Այս ընթացքում նա ծանոթանում է իր առաջին ամուսնու`Հարոլդ Ռոսի հետ:

 

 

«Երբ մենք ամուսնացանք, և ինչ-որ մեկը ինձ դիմեց միսիս Ռոս, ես ապշեցի անսպասելիությունից, չէ որ անունն այն ամենահատկանշականն է, որ տվել են ինձ ծնունդիս պահից: Ես քննարկեցի դա Հարոլդի հետ և մնացի Ջեյն Գրանտ»:

 

 

Այս շոկից հետո  1921ին Ջեյնը հիմնում է «Լյուսի Սթոուն Միությունը»` պայքարելու կանանց իրավունքների և ինքնության համար: Նա հանդիպումներ էր կազմակերպում կանանց հետ, դատարաններում պայքարում նրանց օրիորդական ազգանունը պահպանելու համար:

 

 

Վերադառնալով Նյու Յորք` նա շարունակեց իր լրագրողական կարիերան` գրելով կանանց ու նրանց խնդիրների մասին, հարցազրույցներ անելով շատ հայտնի մարդկանց հետ կանանց իրավունքների մասին:Այդ ժամանակ կանայք այլևս բացառություն չէին: 1924ին նա արդեն հիմնեց Նյու Յորք Թայմսի կանանց ակումբը:

 

 

Նա իր առաջին ամուսին Ռոսի հետ համահիմնադրել է Նյու Յորքեր ամսագիրը և դրանից անմիջապես հետո ամուսնալուծվել: Ամուսնանալով «Ֆորթյուն» ամսագրի խմբագիր Ուիլյամ Հարիսի հետ` նա ավելի կտրուկ էր մոտենում իր ազգանվանը, չէր պատասխանում այն հեռախոսազանգերին, որում իրեն անվանում էին միսիս Հարիս. «Այստեղ ոչ մի միսիս Հարիս չկա…»,-հայհոյում էր նա:

 

 

Ջեյն Գրանթը մինչև 30ականներն աշխատեց Թայմսում որպես հիմնական աշխատակից, այնուհետև ազատ թղթակցում էր մինչև թոշակի անցնելը:

 

 

Թոշակառու Ջեյն Գրանթը շատ նամակներ էր գրում տարբեր Նյու Յորքյան թերթերի խմբագիրներին կապված  կանանց ազատագրման հարցի հետ:

 

 

1972 թվականին Ջեյնը մահացավ: Նրա ամուսինը իր ամբողջ ժառանգությունը նվիրեց Օրեգոնի համալսարանին՝ Կանանց խնդիրների հետազոտական  կենտրոնին:

 

Նարե Սահակյան

Դիտումների քանակը` 6098

Գլխավոր էջ