Նկարում են լրագրողները. այցելե՛ք բարեգործական ցուցահանդես-վաճառքը
Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ից Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (Աբովյան 64) գործում է «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը:
Ցուցահանդեսին մասնակցում են թվով 12 լրագրողներ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի:
«Յուրաքանչյուր հինգշաբթի մենք մի քանի ժամ ստեղծագործել ենք միասին, անցկացրել վարպետության դասեր մասնակիցների համար, և վերջապես յուրաքանչյուր հինգշաբթի մեր կենտրոնում լրագրողներն ունեցել են հնարավորություն՝ մոտենալու արվեստին և ծանր աշխատանքային օրվանից հետո նաև լիցքաթափվել»,- ասում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի տնօրեն Մարիամ Մուղդուսյանը:
Նրա խոսքով, արվեստի կենտրոնը նախաձեռնելով այս դասընթացը՝ նպատակ չի ունեցել ցուցահանդես-վաճառք իրականացնել, պարզապես ցանկացել են մի քանի լավ ժամ պարգևել լրագրողներին: «Այնուհետև լրագրողներն առաջարկել են անել բարեգործական ցուցահանդես-վաճառք»,- հավելում է նա:
Լրագրողների իսկ առաջարկով ցուցահանդեսի ընթացքում ցանկացողները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները, որից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Տպավորություն այնպիսին է, որ բավականին հաջող է ստացվել: Կարծում եմ՝ կկարողանամ ընտրություն կատարել: Լավ նախաձեռնություն է, հատկապես բարեգործական բնույթը»,- ասաց նախարարը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Որոշեցի, ի հեճուկս իրավիճակի, պայքարել ու չփակել կենտրոնը »…
«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…
«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…
Դիտումների քանակը` 3615