«Նկատվում է անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանություն, հատկապես, առցանց տիրույթում»
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է միջանկյալ զեկույցը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, որն դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն (ԸԴԱ) է իրականացնում, հրապարակել է միջանկյալ զեկույցը։
Նշենք, որ գրասենյակի կողմից նոյեմբերի 12-ին Հայաստան է գործուղվել Ընտրությունների դիտորդական առաքելություն (ԸԴԱ): Դեսպան Ուրսուլա Գացեկի գլխավորած դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 13 փորձագետներ, ովքեր տեղակայված են Երևանում և 24 երկարաժամկետ դիտորդներ, ովքեր նոյեմբերի 18-ին տեղակայվել են հանրապետության ողջ տարածքով: Առաքելության անդամները ներկայացնում են ԵԱՀԿ-ին անդամակցող 20 պետություններ: Քվեարկության օրվա ընթացակարգերը դիտարկելու նպատակով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակից երկրներից հայցել է թվով 250 կարճաժամկետ դիտորդներ:
Ուրսուլա Գացեկը բարձր որակավորում ունեցող լեհ դիվանագետ է։ Ծնվել է Մեծ Բրիտանիայում, կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Ընդգրկված է եղել է Լեհաստանի, Եվրոպական խորհրդարաններում, եղել է Նյու Յորքում Լեհաստանի գլխավոր հյուպատոսը։ Նա նաև Կրակովի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի անդամ է։
Ըստ հրապարակված զեկույցի, առաքելության որոշ զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաև ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես գյուղական տարածքներում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորների զրուցակիցների մեծ մասը մտահոգություններ են հայտնել անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության վերաբերյալ՝ հատկապես առցանց տիրույթում։ Նկատենք, որ նման հռետորաբանության թիրախում հաճախ հայտնվում են հատկապես կին թեկնածուները։
Գործող և առաջարկվող քվոտաներ
Զեկույցում մի քանի անդրադարձ կա ընտրական գործընթացում կանանց մասնակցությանը, քվոտավորմանը։
Հեղինակները նշում են, որ ընտրությունների բոլոր մրցակիցները հաղթահարել են օրենքով սահմանված 25 տոկոսի գենդերային ներկայացուցչության շեմը (որի համաձայն յուրաքանչյուր չորս թեկնածուների խմբում առնվազն մեկը պետք է լինի առավել փոքրաթիվ ներկայացվածություն ունեցող սեռի ներկայացուցիչ): ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները թեկնածուների գրանցման գործընթացի հետ կապված մտահոգություններ չեն հայտնել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները խոսել են նաև առաջարկվող փոփոխությունների մասին, որոնք այդպես էլ իրավական ուժ չստացան։
«Հոկտեմբերի 17-ին կառավարության կողմից խորհրդարան ներկայցվեց Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծ, որով փորձ էր արվում իրականացնել զգալի փոփոխություններ ընտրական համակարգում և ընտրական այլ գործընթացներում, ներառյալտարածքային բաց ցուցակների վերացումը, անցումը զուտ համամասնական ընտրակարգի՝ 30 տոկոս գենդերային քվոտայով, ինչպես նաև նվազագույն հաղթահարելի շեմի իջեցումը: Առաջարկվող փոփոխությունները չարժանացան բոլոր քաղաքական կուսակցությունների կոնսենսուսին և ընտրությունների օրը հայտարարելուց երեք օր առաջ տեղի ունեցած վերջնական քվեարկության ժամանակ չհավաքեցին պահանջվող՝ խորհրդարանում մեծամասնություն համարվող ձայների երեք հինգերորդը»,-ասված է զեկույցում։
Կանայք՝ ընտրական հանձնաժողովներում
Ընտրական վարչարարությունն իրականացվում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ), 38 տարածքային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) և 2010 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) կողմից:
Ըստ զեկույցում հրապարակված տվյալների, ԿԸՀ-ն մշտապես գործող և մասնագիտական մարմին է՝ կազմված 7 անդամներից, ովքեր ընտրվում են խորհրդարանական քվեարկության արդյունքում պատգամավորների երեք հինգերորդի ձայներով: Հանձնաժողովի բոլոր անդամները՝ թվով չորս տղամարդ և երեք կին, վերանշանակվել են 2016թ. հոկտեմբերին:
Կանայք կազմում են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ընդհանուր թվի 32%-ը։ Կա երկու կին ՏԸՀ հախագահ և 11 քարտուղար։
Կանանց մասնակցությունը դեռևս ցածր է
Զեկույցում անդրադարձ կա նաև օրենքի ուժով արձակված խորհրդարանում, ինչպես նաև գործադիր մարմնում կանանց ներկայացվածությանը։
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2017թ ապրիլի 2ին, արդյունքում խորհրդարան են անցել չորս քաղաքական կուսակցություններ և դաշինքներ։
Ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ 58 մանդատով և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ)՝ 7 մանդատով միասին ձևավորել են կոալիցիոն կառավարություն, մինչդեռ Ծառուկյան դաշինքը (31 մանդատ) և Ելք դաշինքը (9 մանդատ) կազմել են ընդդիմությունը:
Կանանց ներկայացվածությունը պետական հաստատություններում ցածր է: Խորհրդարանի վերջին գումարմանը կանայք զբաղեցնում էին խորհրդարանական մանդատների 19-ը տոկոսը, նախարարական 21 պաշտոններից՝ մեկը և մարզպետի 10 պաշտոններից՝ ոչ մեկը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 1648